«ԱՍՊԱՐԷԶ»
Համշէնահայ քաղաքական բանտարկեալներ Ճեմիլ եւ Նուրջան Աքսուներու ճակատագիրը անյայտ կը մնայ բռնատիրական Թուրքիոյ մէջ: Անոնց ութամեայ որդին՝ Արեւը, կը մնայ զրկուած իր ծնողքի խնամքէն: Դժբախտաբար, միջազգային հանրութիւնը անտեղեակ կը մնայ այս զոյգէն, իրողութիւն մը, որուն պատասխանատուն նաեւ մե՛նք ենք, մեր անտարբերութեամբ կամ ձեռնծալութեամբ:
«Ակունք»ի աշխատակից Մելինէ Անումեանը մեր ուշադրութեան կը յանձնէ անարդարօրէն բանտարկուած համշէնահայ ամոլին եւ անոր որդւոյն՝ Արեւի մասին մէկ այլ համշէնահայ մտաւորական Մահիր Օզքանի գրառումը: Ստորեւ կը ներկայացնենք «Ակունիք»ի գրութիւնը, իբրեւ ահազանգ՝ յիշելու եւ նախաձեռնելու առաջադրանքով.
«Իմ դստեր՝ Լուսինի, եւ Ջեմիլի որդու՝ Արեւի առկայութեան դէպքում խաւարը մեզ չի սպառնում»: Իր ֆէյսբուքեան էջում նման գրառում է կատարել Ստամբուլում բնակուող համշէնահայ մտաւորական Մահիր Օզքանն՝ անդրադառնալով արդէն 40 օրից աւել բանտում պահուող համշէնահայ մտաւորականներ Ջեմիլ եւ Նուրջան Աքսուների որդու՝ 8ամեայ Արեւի ապրումներին նուիրուած հրապարակմանը: Ի դէպ, Մահիր Օզքանն ու Ջեմիլ Աքսուն այն հազուադէպ համշէնահայերից են, ովքեր իրենց զաւակներին կոչել են հայկական անուններով: Մահիր Օզքանը գրառման տակ հրապարակել է նաեւ թուրքական «Ջումհուրիյէթ» օրաթերթում տպագրուած՝ «Չի Կարողանում Մօրը Դիպչել… Փոքրիկ Արեւի Լուռ Ճիչը» յօդուածը: Այսու թարգմանաբար ներկայացնում ենք «Ջումհուրիյէ»չի ամբողջական յօդուածը.
«Արեւը մի 8ամեայ երեխայ է: Մայրը՝ Նուրջան Վայիչը, եւ հայրը՝ Ջեմիլ Աքսուն, 40 օրից աւել է, ինչ բանտարկուած են «սոցիալական ցանցերում արուած գրառումներ»ի հիմքով: Բանտարկման դէմ նրանց վերջին առարկութիւնը եւս մերժուել է: Արեւը մօրն ու հօրը յաճախ է տեսնում հաստ ապակու յետեւից: Արեւի մօրաքոյրը՝ Թիւլայ Վայիչը, ով փորձում է Արեւին նկատել չտալ ծնողների բացակայութիւնը, ասում է. «Արեւը մինչ այժմ երբեք չի արտասուել: Վերջին անգամ, երբ ապակու յետեւից մօրը տեսաւ, աչքերը լցուեցին եւ ասաց. «Կարօտել եմ, ե՞րբ ես դուրս գալու»: Մօրաքոյրը պատմում է, որ ամէն բան անում է, որպէսզի Արեւին ուրախ պահի, եւ որ նա խելամիտ երեխայ է, մինչ այժմ երբե՛ք լաց չի եղել: Սակայն վերջին 10 օրն սկսել է անընդհատ ասել, որ կարօտել է մօրն ու հօրը եւ հարցնել, թէ ե՞րբ են նրանք դուրս գալու:
Արեւի մօրաքոյրը նշում է. «Երբեմն դպրոց գնալ չի ուզում: Յաճախ եմ նրան իրենց տուն տանում, 1-2 օր միասին այնտեղ ենք մնում: Նրանց տունը ներկայում դատարկ է: Մի քիչ ուրախանում է, երբ տեսնում է ծնողների իրերն ու իր խաղալիքները: Սակայն, երբ նորից իմ տունն եմ տանում, տրամադրութիւնը վատանում է»: Մօրաքոյրն անդրադառնալով նրանց վերջին հանդիպմանը՝ յայտնում է. «Տխրեց, երբ ապակու յետեւից չկարողացաւ մօրը դիպչել: Ես ինչքան էլ ջանքեր գործադրեմ՝ նա մօր ու հօր կարիքն ունի: Ես միայն Արեւի համար ուզում եմ, որ նրանք դուրս գան: Երբ նրան տխուր եմ տեսնում, ես էլ եմ տխրում: Արեւին զրկել են թէ՛ մօրից եւ թէ հօրից: Միակ մաղթանքս է, որ հնարաւորինս արագ վերջ տրուի Նուրջանի եւ Ջեմիլի դէմ այս անարդարութեանը»»: