ԳԼԵՆԴԵԼ.- Սրընթաց արագութեամբ վազող ու մեզ իր յետեւից քաշ տուող կեանքում սակաւաթիւ են այն պահերը, որ կարող ենք անջատել առօրեայ հոգսերի մտահոգութիւնը ու լիարժէք տրուել ինքներս մեզ՝ վայելելով պահը:
Ահաւասի՛կ ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» երգչախմբի աներեւելի փոքրիկ սենեակը՝ շաբաթական փորձերի այն անկիւնը, որտեղ դիմաւորում են քեզ մեծ եռանդով, որտեղ դու վար ես դնում քո օրուայ հոգսերի բեռը ու րոպէներ չանցած՝ ձուլւում ես երաժշտական նոտաներին, մարդկային ջերմ վերաբերմունքին ու ղեկավարի լիարժէք հոգատարութեանը: Եւ այսպէս, իւրաքանչիւր փորձ քեզ պարուրում է սիրով, լիցքաւորում հայկական ու միջազգային երաժշտական կտորների ներքոյ, որոնք ընտրւում են բծախնդրօրէն, շոյում հոգիդ խաղաղութեամբ, իսկ աւարտին վերադառնում ես տուն, այս անգամ՝ թռչող թեւեր առած, թեթեւացած մինչ մի նոր հանդիպում:
«Արարատ» երգչախումբն արդէն որոշեալ ժամանակ է ինչ աշխատում է ՀՄԸՄի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղի յարկի ներքոյ, ղեկավարութեամբ փորձառու երաժիշտ Լիլիան Աւագի: Խմբին մաս են կազմում պատանի, երիտասարդ ու երէց անդամներ՝ առանց տարիքային սահմանափակումի: Այստեղ առիթ է ընձեռւում շաբաթական մէկ օր առնչուել հայկական եւ միջազգային մշակոյթի երաժշտական արժէքաւոր կտորներին: Համերգի երգացանկը ցայտուն վկան կարող է հանդիսանալ այս ամէնի:
Հպարտութեամբ յաւելենք, որ մեր երգչախմբի աշխատանքը չի սահմանափակւում այսքանով: Մենք ակտիւ կապի մէջ ենք Հայաստանում գործող Կոյրերի Միաւորման երգչախմբի հետ: Ընկալելով հայրենիքում գոյատեւող նմանատիպ խմբերի դժուարութիւնները՝ մեր փոքրիկ լուման ենք ներդնում, որպէսզի հնարաւոր լինի իրենց գոյատեւելու դժուարին պայմաններում: Այսպիսով, նաեւ փոքր ինչ զարկ ենք տալիս հայրենիք-Սփիւռք նշմարելի կապը՝ յուսալով, որ մի օր կը ստեղծուեն այնպիսի պայմաններ Հայաստանում, որ այլեւս մշակութային խմբերը նմանօրինակ ծանր կացութեան չեն մատնուի:
Շուտով՝ Նոյեմբեր 19ին, ձեր դատին ենք յանձնելու մեր երկար ամիսների աշխատանքի արդիւնքը՝ յուսալով, որ այն ինչպէ՛ս ոգեւորել, ներշնչել ու լիցքաւորել է մեզ, պիտի յաջողենք փոխանցել նաեւ ձեզ:
Անհամբեր պիտի սպասենք մեր հանդիսատեսին:
(Հաղորդագրութիւնը՝
Մասնաճիւղէն)