«ԹԵՐԹ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ
Արցախի ժողովուրդը բոլոր ժամանակների կառավարութիւններից նոյն ակնկալիքներն ունի՝ առաջընթացի բոլոր ոլորտներում: «Թերթ»ի հետ զրոյցում ասաց Արցախի խորհրդարանի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Սարգսեանը:
Նա նշեց, որ Արցախի կառավարութեան նոր կազմը, որը բաղկացած է նախորդ նախարարներից եւ նոր նշանակուած երիտասարդներից, կը տայ իր արդիւնքը, որովհետեւ փորձառութիւնը կը համատեղուի եռանդի հետ:
«ԹԵՐԹ».- Արցախի կառավարութեան նոր կազմը յայտնի է: Ի՞նչ սպասումներ ունի բնակչութիւնը, ի՞նչ է ակնկալում նոր կառավարութիւնից:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Արցախցիները կառավարութիւնից բոլոր ժամանակներում էլ մէկ բան են սպասում՝ ազնուութիւն, տնտեսական նոր աստիճանի զարգացում: Միշտ էլ ակնկալիքները դրանք են եղել, հիմա էլ՝ ժողովուրդը առաջընթացի է սպասում բոլոր ոլորտներում:
«ԹԵՐԹ».- Հաւանաբար, արցախցին նաեւ սոցիալական վիճակի բարելաւումների էլ է սպասում:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ինչո՞ւ միայն սոցիալական: Մարդիկ բոլոր ոլորտներում էլ առաջընթաց են ակնկալում: Կառավարութիւն է ձեւաւորուել, նոր կազմ է, միայն սոցիալական ոլորտի նախարար չէ, որ նշանակուել է: Արցախն ակնկալում է մէկ աստիճան աւել բարձրանալ, աւելի բարձր մակարդակում լինել, հզօրացնել երկիրը, հզօրացնել տնտեսութիւնը, այլ ելք չկայ:
«ԹԵՐԹ».- Իսկ նոր նշանակուած կառավարութիւնը համապատասխանո՞ւմ է ժողովրդի սպասումներին, կարո՞ղ է արդարացնել ակնկալիքները:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Նոր կառավարութեան կազմը պայմանականօրէն կարելի է բաժանել երկու մասի: Առաջինը նախկին նախարարներն են, ովքեր վերանշանակուել են իրենց պաշտօններում, հարուստ փորձ ունեն, երկրորդը՝ նոր նշանակուած նախարարներն են, ովքեր հիմնականում երիտասարդներ են: Գնահատելի է, որ աստիճանաբար սերնդափոխութիւն է կատարւում կառավարման ոլորտում եւ դա շատ ուրախալի է, որ նոր գաղափարներն ու փորձառութիւնն աշխատելու են յանուն մէկ նպատակի: Շատ լաւ է, որ հանգիստ, խաղաղ սերնդափոխութիւն է կատարւում: Ժամանակի պահանջները տարբեր են, մարտահրաւէրները, ռեֆորմները (բարեփոխումները-Խմբ.), մօտեցումները տարբեր են ու փորձում ենք վստահ լինել, որ երիտասարդներն աւելի եռանդուն կ՛աշխատեն: Ամենակարեւորն այն է, որ փորձառութիւնն ու երիտասարդութիւնն իրար լրացնելով կ՛աշխատեն:
«ԹԵՐԹ».- Որպէս պատգամաւոր՝ տնտեսական զարգացում ապահովելուն միտուած ի՞նչ ոլորտ կ՛առանձնացնենք, որի նկատմամբ նոր կառավարութիւնը պէտք է առաւել ուշադիր լինի:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Դժուար է այդ հարցին միանշանակ պատասխանել: Ղարաբաղը գտնւում է պատերազմական վիճակում, Ղարաբաղի համար թիւ մէկ հարցն, իհարկէ, պաշտպանութիւնն է, ժողովրդի անվտանգութիւնն ապահովելն է: Իհարկէ, պաշտպանութիւնը օգուտ չի կարող ունենալ, եթէ տնտեսական լուրջ բարեփոխումներ չլինեն: Բոլոր հարցերը շաղկապուած են իրար: Հոգեւոր-մշակութային արժէքներն էլ կարեւոր են, դրանք են ձեւաւորում երիտասարդների ոգին, ընկալումները, ովքեր կռւում են մարտի դաշտում, ովքեր ապահովում են մեր պաշտպանութիւնը: Այնպէս որ բոլոր հարցերն էլ կարեւոր են, իրար հետ են կապուած ու իրարից են կախուած, եթէ մէկը միւսին գերագնահատենք, կը սխալուենք: Մենք պատերազմը յաղթեցինք հոգեւորով: Դրա համար ես կ՛ուզէի, որ կառավարութիւնը համաչափ աշխատէր բոլոր ոլորտների ուղղութեամբ, չկենտրոնանար մէկ ուղղութեան վրայ ու մոռացութեան մատներ միւսները: 2րդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ անգլիացի ղեկավարներից մէկն ասում է՝ բա ո՞ւր է մշակոյթի բիւջէն, ասում են՝ ինչ մշակոյթ, պատերազմ է, ինքն էլ պատասխանում է՝ բա ինչի՞ համար ենք կռւում: Ղարաբաղում փոքր-ինչ այլ է, եթէ քննադատում ենք՝ քննադատում ենք յանուն յաջողութեան, ոչ թէ խօսելու համար, եթէ քննադատում ենք՝ քննադատում ենք բովանդակային: Մենք փորձում ենք պահել միասնականութիւնը:
«ԹԵՐԹ».- Եթէ յետ հայեացք նետենք այն բոլոր փոփոխութիւններին, որոնք տեղի ունեցան Արցախում՝ խօսքս սահմանադրութեան փոփոխութիւնից բխող փոփոխութիւնների մասին է, ի՞նչ եզրակացութեան եկաք՝ տեղի ունեցողը նպաստո՞ւմ է Արցախի զարգացմանը: Հարցս տալիս եմ այն համատեքստում, որ շատերը կարծում են, որ տեղի ունեցող իրադարձութիւնները ոչ այլ ինչ են, քան իշխանութեան վերարտադրութիւն:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Արցախում մտածելակերպը տարբերւում է: Դուք գիտէք, որ հանրաքուէի ժամանակ ՀՅԴն դէմ էր նախագահական կառավարման այն համակարգին, որը ներկայացուել էր ժողովրդի դատին: ՀՅԴն կողմ էր կառավարման խորհրդարանական համակարգին, որպէսզի Հայաստանն ու Արցախը նոյն մոդելն (նախատիպը-Խմբ.) ունենան, նոյն դաշտում լինեն: Բայց ընտրուել է այլ տարբերակ, ժողովուրդն «այո» է ասել նախագահական կառավարմանը: Դրանից յետոյ մեզ մնում էր՝ կա՛մ պատերազմող երկրում քայքայիչ գործողութիւններ անել, շարունակել պնդել, որ խորհրդարանական կառավարման համակարգն աւելի լաւ էր, քան՝ նախագահականը, կա՛մ շարունակել ենթարկուել ժողովրդի որոշմանը՝ մնալով մեր տեսակէտին: Մենք պատմութիւն ենք կերտում, կերտում ենք մեր ամէնօրեայ կեանքով, եւ չի կարելի անզգոյշ լինել: Ես կարծում եմ, որ իշխանութիւնների վերարտադրութիւնը չի կարելի կապել անձի հետ: Եթէ ղեկավարները փոխուեն, նրանք բերեն նշանակեն իրենց մարդկանց, չի՞ նշանակում, որ վերարտադրւում է: Իշխանութիւնների վերարտադրութիւնը շատ աւելի խորն է, քան պարզապէս անձի խնդիրը: Անկախ նրանից՝ ովքեր են իշխանութեան, պէտք է այնպիսի մեխանիզմներ (մեքենակառոյցներ-Խմբ.) լինեն, որ առանձին անձեր չկարողանան համակարգ փոխել: Այդ անձերը պէտք է մեխանիզմներին ենթարկուեն: Դրա համար մենք ասում էինք, որ պէտք է խորհրդարանական կառավարման համակարգ: Բայց յանուն ժողովրդի պէտք է առաջ շարժուել, ամէն ինչ պէտք է անենք, որ ժողովուրդը շահի:
«ԹԵՐԹ».- Ղարաբաղի ներկայիս քաղաքական դասաւորումները արցախցու շահի՞ց են բխում:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ղարաբաղում ժողովուրդն ու իշխանութիւնը իրար հակադրուած չեն: Իհարկէ, քաղաքացիների շահերից է բխում: Ղարաբաղում հակադրութիւն չկայ, պարզապէս որոշ մարդիկ մտածում են, որ զարգացմանը կարելի է հասնել մէկ ճանապարհով, միւսները մտածում են՝ մէկ այլ ճանապարհով: