ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Պարտադիր ծառայութիւն անցած շարքային զինծառայողները լրացուցիչ կրթութեան իրաւունք պէտք է ստանան: 18 Սեպտեմբերի Հայաստան-Սփիւռք համաժողովում յայտարարեց ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը: Նա նշեց, որ այսօր արդէն իսկ սկսել են պիլոտային (գործ-նական-Խմբ.) նման մի ծրագիր՝ Դիլիջանում, որտեղի զօրամասերից մէկի զինծառայողները ծրագրաւորում են սովորում:
«Ծրագիրը կեանքի ենք կոչում ԹՈՒՄՕի հետ: Մենք նաեւ որոշել ենք, որ խոշոր զօրամասերում, որտեղ 1000ից աւելի զինծառայողներ կան, բացելու ենք «ԹՈՒՄՕ-բանակ» կենտրոններ, քանի որ ուզում ենք՝ զօրացրուողները համակարգչային գիտելիքներին տիրապետեն, իսկ եթէ աւելի ընդունակ են, իրենց օրուայ հացը վաստակեն ծրագրաւորման միջոցով: Այսինքն՝ կը ստացուի, որ ծառայելու ընթացքում զինծառայողը նաեւ մէկ այլ խնդիր էլ է լուծում», ասաց Սարգսեանը:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ, բացի այդ, ձեւաւորել են միջգերատեսչական յանձնաժողով եւ փորձում են իւրաքանչիւր սահմանամերձ համայնքի համար առանձնացնել խնդիրներն ու քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղութեամբ:
«Յանձնաժողովի առաջին երկու ամսուայ աշխատանքի արդիւնքն արդէն իսկ պատրաստ է՝ մի շարք խնդիրներ են առանձնացուել՝ սկսած խմելու ջրից, անվտանգութեան պատնէշ կառուցելուց մինչեւ տնտեսական որոշ հարցեր լուծելը: Փորձում ենք զինուած ուժերին ուղղորդել սահմանամերձ համայնքներ՝ իրենց արտադրութիւններն այնտեղ զարգացնելու, քանի որ այնտեղ նաեւ մեծ արտօնութիւններ են տրւում», ասաց պաշտպանութեան նախարարը: