ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Վերջին օրերին լրահոսները ողողուած են հաղորդագրութիւններով առ այն, որ Յուլիսի 4ին տեղի է ունեցել լուրջ սրացում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում:
Այս կապակցութեամբ կը ցանկանայինք մէջբերել երկու տեղեկատուութիւն: Առաջինը, որը պատրաստուել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութեան կողմից, հաղորդում է, որ «Յուլիսի 4ին ԵԱՀԿ առաքելութիւնն Արցախի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային (ծրագրային-Խմբ.) դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի արեւելեան հատուածի ուղղութեամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսուած ժամանակացոյցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելութիւնը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր»: Իսկ երկրորդը՝ ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեանը վկայակոչելով, ներկայացնում է հէնց զինուած միջադէպը. «Յուլիսի 4ի երեկոյեան ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետութեան տարածքը: 2016թ. ապրիլեան ագրեսիայից (յարձակումէն-Խմբ.) յետոյ առաջին անգամ Ադրբեջանի զինուած ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Գնդակոծումն իրականացուել է Ալխանլու գիւղի տարածքում՝ անմիջապէս բնակելի տների մերձակայքում տեղակայուած դիրքերից: Արցախի պաշտպանութեան բանակն ստիպուած էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիւութիւնը»: Կարծում ենք՝ երկու տեղեկատուութիւնների շարադրումն իսկ բացայայտում է լրջագոյն խնդիր, որն արդէն առաջին տարին չէ, որ Մինսկի խմբի համանախագահներին չի յաջողւում լուծել: Խորաթափանց ընթերցողն, անշուշտ, կռահել է, որ խօսքը հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով մոնիթորինգի (հսկողութեան գործողութիւն-Խմբ.) յայտնի մեխանիզմի մասին է: Կրկնում ենք՝ ՈՂՋ ԳԾԻ, որպէսզի խուսափենք այն իրավիճակից, երբ հէնց նոյն օրը մի հատուածում ԵԱՀԿ առաքելութիւնը չի արձանագրում հրադադարի ռեժիմի խախտումներ, իսկ միւս հատուածում ընթանում է փոքր պատերազմ՝ ծանր սպառազինութեան կիրառմամբ: Բոլորին է յայտնի, որ Ադրբեջանն է խոչընդոտում այդ մեխանիզմի ստեղծմանն ու ներդրմանը, ինչը նրան թոյլ է տալիս պարբերաբար կոպտագոյն ձեւով խախտել հրադադարի ռեժիմը՝ առանց իր համար լուրջ հետեւանքների, ինչպէս այս անգամ էլ տեղի ունեցաւ: Վերջերս ելոյթ ունենալով Հայաստանի խորհրդարանում՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդեանն ասել է, որ «միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերեալ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում համաձայնութիւնների ձեռքբերումից յետոյ ֆինանսական յանձնաժողովում կայացել են 6 նիստեր, որոնց ընթացքում բոլորը, բացի Ադրբեջանից, տուեցին իրենց համաձայնութիւնը»: Յիշատակուած մեխանիզմի բացակայութիւնը միջազգային դիտորդներին թոյլ չի տալիս անցկացնել զինուած միջադէպերի օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) հետաքննութիւն, ինչն Ադրբեջանին հնարաւորութիւն է տալիս խեղաթիւրել իրական պատկերը՝ ամէն ինչ շրջելով գլխիվայր: Նման տեղեկատուաքարոզչական «գլխիվայրութիւն» կարելի է նկատել նաեւ այս օրերին: Որեւէ կասկած չկայ, որ զինուած սադրանքը, ինչի արդիւնքում զոհուեցին ադրբեջանցի քաղաքացիական անձինք, իրականացրել է հէնց Ադրբեջանը, ընդ որում՝ միտումնաւոր, հեռու գնացող նպատակներով: Իհարկէ, նրա կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վաղուց ձեռք են բերել սիստեմատիկ (համակարգ-ուած-Խմբ.) բնոյթ, սակայն գրեթէ իւրաքանչիւր կարեւոր միջազգային հանդիպումից առաջ պաշտօնական Բաքուն առաջնագծում նախաձեռնում է լարուածութեան սրացում, ընդ որում՝ մեղադրելով հայկական կողմին: Ինչպէս յայտնի է, Մինսկի խմբի նախաձեռնութեամբ Յուլիսի 11ին Մաուերբախում (Աւստրիա) ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ-պաշտօնական նիստի շրջանակներում պէտք է կայանայ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում, եւ չի բացառւում, որ ներկայիս սրացումը Բաքուի իշխանութիւնների կողմից դարձեալ դիտարկւում է որպէս Հայաստանի եւ միջնորդների վրայ ճնշում գործադրելու գործիք: Հնարաւոր է՝ միջադէպը պէտք է նաեւ շեղի ուշադրութիւնը վերջերս ծագած աղմկահարոյց սկանդալից՝ (գայթա-կղութենէն-Խմբ.) կապուած Ադրբեջանի կողմից «Իսլամական պետութեան» զինեալներին զէնքի մատակարարման ու ֆինանսաւորման հետ: Ալիեւեան վարչակարգը չէր կարող չհասկանալ, որ իր կրակակէտերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում կամ անմիջապէս դրանցում, սեփական քաղաքացիներին դարձնում է հնարաւոր զոհեր, քանի որ ԼՂՀ պաշտպանութեան բանակի պատասխան պատժիչ գործողութիւններն անխուսափելի են: Այս կապակցութեամբ յիշողութիւններ են արթնանում 25 տարուայ վաղեմութիւն ունեցող պատմութեան հետ կապուած: Ըստ «Բիլիք Դունեասը» գործակալութեան հաղորդագրութեան՝ Ադրբեջանի ներկայիս նախագահի հայր Հէյդար Ալիեւը 1992թ. Ապրիլին, ընդունելով, որ Խոջալուի իրադարձութիւնների մէջ «մեղաւոր է նաեւ Ադրբեջանի նախկին ղեկավարութիւնը», ցինիկ միտք է արտայայտել. «Արիւնահեղութիւնը մեզ օգուտ կը բերի: Կարիք չկայ, որ միջամտենք իրադարձութիւնների ընթացքին»: Երեւում է՝ Իլհամ Ալիեւը շատ լաւ է իւրացրել սեփական քաղաքացիների արիւնը թափելու օգտակարութեան մասին հօր տուած դասերը: Սադրանքի ծրագրուած բնոյթ ունենալու վրայ՝ միտուած հայկական կողմի հեղինակազրկմանը, մատնացոյց է անում նաեւ այն փաստը, որ Ադրբեջանն անմիջապէս կազմակերպեց մի շարք աղմկալից քարոզչական շոուներ՝ արտասահմանեան երկրների ներկայացուցիչների մասնակցութեամբ, մասնաւորապէս, Ադրբեջանում հաւատարմագրուած արտասահմանեան ԶԼՄների թղթակիցների եւ 12 պետութիւնների 15 ռազմական կցորդների այցն Ալխանլու գիւղ: Մամուլում յայտնուել է նաեւ տեղեկատուութիւն այն մասին, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը միջադէպի կապակցութեամբ հետաքննութիւն է վարում շփման գծի երկու կողմերում: Յոյս ունենք, որ այն օբյեկտիւ կը լինի, ինչի համար, մեր պատկերացմամբ, անհրաժեշտ է նախեւառաջ վերականգնել իրադարձութիւնների ժամանակագրութիւնը, եւ այդ դէպքում ակնյայտ կը դառնայ, թէ ով է առաջինը կրակ բացել, իսկ ով դրան պատասխանել: Որեւէ կասկած չկայ, որ ԼՂՀ պաշտպանութեան բանակը գործել է ճիշդ՝ պատասխան հարուածով ոչնչացնելով հակառակորդի կրակակէտերը: Նշենք, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց յայտարարութեան մէջ ընդգծել են, որ «բռնութիւնը միայն յետագայ բռնութիւն է ծնում եւ ոչ մի բանի չի յանգեցնում»: Այս կարծիքի հետ կարելի է համաձանել, սակայն այն իրավիճակում, երբ միջնորդներն ագրեսիւ Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառում զսպման արդիւնաւէտ մեխանիզմներ ու կոշտ պատժամիջոցներ, այլ ելք չի մնում: