«ԱՊԱՌԱԺ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԿԻԹԱՌԱՀԱՐ ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Ճաշակ թելադրող, սիրել սովորեցնող ու ապրեցնող՝ թերեւս այսպէս կարելի է բնութագրել կիթառահար Արմէն Մովսիսեանի ստեղծագործութիւնները, որոնք սերունդներ դաստիարակեցին: «Ապառաժ»ը բացառիկ հարցազրոյց է ունեցել հայրենիքից հազարաւոր կիլոմետրեր հեռու ապրող, բայց Հայաստանով ու Արցախով ապրող կիթառահարի հետ:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Պարոն Մովսիսեան, ի՞նչն է թեւ տալիս ձեր երգերին:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Կեանքը. մարդու կեանքին բնորոշ ամէն ինչ՝ հեշտութիւնը, դժուարութիւնը, յոյզերը, ցաւը, ուրախութիւնը: Մարդ միայն հաց հանապազօրեայի մասին չէ, որ պէտք է մտածի: Ամէն մարդու գլխի մէջ կայ գորշ նիւթ, որը երբեմն պէտք է աշխատեցնել: Հէնց այդ գլուխն է թեւ տալիս իմ երգերին:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ձեր երգերի գերակշիռ մասը սիրոյ մասին է: Սէր գոյութիւն ունի՞:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Առանց սիրոյ այս մոլորակը մեզ վաղուց դուրս կը հրաւիրէր: Եթէ մենք չսիրենք մարդկութիւն կոչուող տեսակը, կը վերջանանք:
Ես գտել եմ իմ կէսին, իմ կեանքի ընկերոջը: Հասկացել եմ նաեւ, որ կէս լինելուց բացի՝ նա իմ ուղեկիցն է, իմ առագաստը, իմ քամին, որ նաւս տանում է դէպի հանգրուան:
Մարդ սիրուց անպակաս պէտք է հեռանայ այս աշխարհից, որպէսզի յետեւից ծաղիկ ցանեն եւ ոչ թէ փուշ, ասեն՝ ափսոս, լաւ մարդ էր:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ինչո՞ւ են լացում աստղերը:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Անցած սիրուն էլ պէտք է թախիծով ու ուրախութեամբ յիշել, շնորհակալ լինել, որ մի էակ քեզ պարգեւել է նման զգացում, որը անցած սէր է, բայց էլի քոնն է, քո ապրածն է:
Սէրը, վերջին հաշուով, շարունակական պրոցես է: Հիմա փոքրիկս արդէն փոքրիկ չէ, ինքն էլ երեւի այդ հարցի պատասխանը գիտի՝ որ կայ սէր, կայ անցած եւ ներկայ սէր: Ինձ համար կայ նաեւ մշտական սէր, իր համար՝ դեռ չգիտեմ: Երեւի դրա համար էլ աստղերը լացում են:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ամրանը հնարաւո՞ր է ձիւն տեղայ:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Սիրուց՝ այո (ժպտում է):
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ձեր երգերում առանձնայատուկ տեղ ունի Աստուածը: Ձեր աղօթքը հասնո՞ւմ է նրան:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Տխուր բան կ՛ասեմ՝ ես աթէիստ եմ: Կարծում եմ, որ մարդը պատասխանատու է իր խղճի եւ հոգու առաջ: Կայ հզօր բնութիւն, որում մենք ապրում ենք՝ որպէս բջիջներ, բայց, բջիջ լինելով հանդերձ, մենք գիտակից տեսակ ենք՝ հասկանում ենք, որ չպէտք է չարանանք, խաբենք, ստենք, շնանանք:
Պարտադիր չէ տէրտէրներին լսել ու հաւատալ, որ Աստուածաշունչ կոչուածն է քո դասագիրքը: Խաչը մարդու մէջ պէտք է լինի: Աստուած ամէն մարդու մէջ է:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ձեր երգերից մէկում ասում էք՝ մայր հողի վրայ որոշների համար տեղ չկայ: Իրօ՞ք այդպէս էք մտածում:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Այնքան դժուար է այդ մասին խօսել… ցաւօք սրտի, մայր հողը չի զգում, թէ երբ են նոր հերոսներ ծնւում: Ես համոզուած եմ, որ տղերքը իրենց հայրենիքի բարօրութեան համար են ելել: Այնտեղ չարութիւն ու փուշ ցանելու նպատակ չկար, այնտեղ երկիրը աւելի լաւը, աւելի հզօրը տեսնելու ցանկութիւնն էր: Ուրեմն, իմ խոնարհումն այդ տղերքին:
Գուցէ իրենց որոշումը կայացնելու եւ իրենց հետ գնալու համարձակութիւնը չունէի, բայց ես յարգում եմ իրենց որոշումը, խոնարհւում եմ իրենց տեսակի առաջ, խոնարհւում եմ հաց բերող տեսակի առաջ: Եթէ մարդ ես՝ պէտք է յարգես: Յուսամ՝ մայր հողը տեղ կ՛անի իրենց համար: Իրենք լաւ տեսակ են, երկիր սիրող տեսակ են, երկիր պահող տեսակ են:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Կա՞յ արդեօք հայկական արեւ:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Անպայման: Այս երկինքը, այս ամէնն, ինչ որ տեսնում էք, ուրիշ տեղ չկայ: Մեր ծիրանը ուրիշ համ ունի, մեր օդը ուրիշ հոտ ունի: Ինձ յաճախ են ասում, որ ես խենթ եմ: Բայց ես խենթ չեմ, որովհետեւ մերը իսկապէս ուրիշ է, բայց ոչ թէ բառերով է ուրիշ, այլ զգացմունքով. զգում ես, որ դա սրտիդ մասնիկն է:
Ինչքան էլ որ հիմա օտարութեան մէջ եմ ապրում, հարցին՝ ինչպէ՞ս է Ամերիկան, ասում եմ՝ ոնց որ հարեւանի տանը ապրես: Հայաստանից այն կողմ քեզ հարեւանի տանն ես զգում: Ամերիկան իմ տունը չէ: Իմ տունն այս երկիրն է:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Արտագաղթի թեմայով երգեր կատարելով հանդերձ՝ հեռացել էք հայրենիքից: Ինչո՞ւ:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Կեանքում կան բաներ, որոնք այդպէս էլ չսովորեցի. չսովորեցի աթոռներին նստել, ընդունարանի չսովորեցի, մէջքս ծռել չսովորեցի, յարմար մարդկանց հետ ժպտալ ու բարեւել չսովորեցի: Կիսակքուած վիճակն ինձ համար անընդունելի էր, անընդունելի էր նաեւ յարմարուել իշխողի քմահաճոյքին՝ քեզանից շատ աւելի փոքր ինտելեկտով իշխողի քմահաճոյքին: Հասկացայ, որ ես խաղից դուրս եմ:
Իմ տեսակ մարդկանց մի մասն այսօր բանտերում է, միւս մասը՝ հարեւանների տներում: Ես այն տեսակից էի, որն ուղղակի ցուպը վերցնում, գնում է օտարութիւն ու ապրում անհասկանալի պանդուխտի կեանքով:
Արդէն 9 տարի է, ինչ ամէն Աստծոյ օր արթնանում ու քնում եմ մեղքի զգացումով: Պատահական չէ, որ ապրիլեան պատերազմական իրադարձութիւնների օրերին լոսանջելեսեան ընկերներիս հետ ստեղծել ենք «Հայրենիքիս» բարեգործական կազմակերպութիւնը, որը պատերազմական իրադարձութիւնների օրերին եւ դրանից յետոյ իր աջակցութիւնն է ցուցաբերում Արցախին: Այդպէս եմ փորձում քաւել մեղքերս, որ երկրիցս հեռու եմ, որ օտարութեան մէջ եմ: Ես իրաւունքս կորցրած հայ եմ, ճանապարհս կորցրած հայ եմ, բայց իմ երկիրը սիրող հայ եմ:
ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ե՞րբ է գալու մեր խենթութեան ժամը:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ.- Քանի 18-20 տարեկան երեխաները սահման են պահում՝ ապացուցելով, որ կարող են կռուել ու պաշտպանել մեր հողը, մեր խենթութեան ժամն է: Մեր խենթութիւնը երկիրը պահելու խենթութիւն է: Մնում է միայն ջրենք եւ ծաղկեցնենք այդ տեսակը: Արցախը ոտքի կանգնելու, յաղթանակի, հզօրութեան եւ հպարտութեան կայարանն է: