ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Յունիսի 12ին, Ստեփանակերտում տարածաշրջանային այցի շրջանակներում կայացաւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկի հանդիպումն Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդմամբ, զրոյցի ընթացքում քննարկուել են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչուող հարցեր:
Պէտք է նկատել՝ զրոյցի բովանդակութեան մէջ անսպասելի ոչինչ չկար, քանի որ ներկայ այցի նախօրէին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն յայտարարել էր գրեթէ նոյնը:
«Արմէնպրէս» գործակալութեանը տուած հարցազրոյցում դիւանագէտը հաղորդել է, որ տարածաշրջան կատարուելիք առաջիկայ այցերի ընթացքում քննարկումների առարկան կը լինեն հակամարտութեան գօտում տիրող իրավիճակն ու նրա զարգացման հեռանկարները: Յիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահների նախորդ այցը կայացել էր մարտին: Ինչպէս այն ժամանակ, այնպէս էլ հիմա միջազգային միջնորդների բանակցային օրակարգի գլխաւոր հարցերից մէկը հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջանի ու Արցախի զինուած ուժերի շփման գծում տիրող իրավիճակն էր, ինչպէս նաեւ հրադադարի ռեժիմի խախտումները, ինչը եւս մէկ անգամ հաստատում է դրութեան լրջութիւնը: Սա հասկանալի էլ է, քանի որ Բաքուն, հակառակ հիմնախնդրի բացառապէս խաղաղ հանգուցալուծմանն ուղղուած միջնորդների կոչերի, իր սադրիչ գործողութիւններով շարունակում է հակամարտութեան գօտում լարուածութեան բարձր մակարդակ պահպանել: Ինչպէս յայտնի է, Ապրիլին կայացաւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին, մասնաւորապէս, նշուեց անցեալ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կատարման կարեւորութիւնը, որոնք նախատեսում էին շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղուած միջոցների կենսագործում: Բայց արդէն մէկ ամիս անց ադրբեջանական զինուած ուժերը հրթիռային հարուած հասցրեցին ԼՂՀ պաշտպանութեան բանակի ռազմական տեխնիկային, ինչը դարձեալ անչափ շիկացրեց իրադրութիւնը: Հարկ է նշել, որ Ստեփանակերտում տեղի ունեցած յիշեալ հանդիպմանը ԼՂՀ ղեկավարը ողջունել է Մինսկի խմբի համանախագահների հասցէական յայտարարութիւնը, ովքեր դատապարտել էին տուեալ զինուած սադրանքը, այդ դիրքորոշումն անուանելով պահանջուած:
Միանգամայն օրինաչափ է, որ ներկայ այցի ժամանակ էլ Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը կրկին Մինսկի խմբի համանախագահների՝ Երեւանում ու Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի բարձրագոյն ղեկավարութեան հետ բանակցութիւնների «գլխաւոր հերոսներն» էին: Հազիւ թէ կասկած յարուցի այն, որ վիեննեան ու սանկտպետերբուրգեան պայմանաւորուածութիւնները քննարկման առարկայ կը լինեն նաեւ Բաքւում, ուր միջնորդները մտադիր են ուղեւորուել ներկայ շաբաթուայ վերջում: Բանն այն է, որ ե՛ւ Մինսկի խմբի համանախագահները, ե՛ւ Հայաստանն Արցախի հետ, առաջնագծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի եւ իրավիճակի մոնիտորինգի ներդրում նախատեսող այս պայմանաւորուածութիւնները դիտարկում են որպէս ղարաբաղեան կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնների արդիւնաւէտութեան ապահովման ու փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորման կարեւոր նախապայման: Բայց՝ ոչ Ադրբեջանը, որը շարունակում է ընդդիմանալ յիշեալ մեխանիզմի ստեղծմանն ու գործադրմանը, իսկ մոնիտորինգային առաքելութեան ընդլայնման հարցում իր համաձայնութիւնը տուեց ընդամէնը վերջերս՝ երկար սակարկումներից յետոյ եւ որոշակի վերապահումներով: Հարկ է նկատել, սակայն, որ վերջին հարցի հետ կապուած էլ դեռեւս կան տարաձայնութիւններ՝ կապուած միջազգային միջնորդների տեղակայման վայրի, նրանց գործունէութեան ֆինանսաւորման կարգի եւ մի շարք այլ տեխնիկական պատճառների հետ: Ինչպէս նշում են միջնորդները, այդ դետալների համաձայնեցմամբ այժմ զբաղւում է ԵԱՀԿ աւստրիական գործող համանախագահութիւնը՝ Կազմակերպութեան քարտուղարութեան համապատասխան կառոյցների, ինչպէս նաեւ հակամարտութեան կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ: Այլ խօսքով՝ անգամ այստեղ ամէն ինչ չէ, որ միանշանակ է: Մինչդեռ Ադրբեջանի այդօրինակ ապակառուցողական վարքագիծը հեշտութեամբ տրւում է բացատրութեան. շփման գծում իրավիճակի շարունակական սրումը Բաքուի համար արդէն վաղուց դարձել է միջազգային միջնորդների եւ հայկական երկու կողմերի վրայ ճնշում գործադրելու միջոց՝ հակամարտութեան հանգուցալուծման սեփական բեմագիրը նրանց պարտադրելու միտումով, եւ, դատելով ամէնից, նա մտադիր չէ հրաժարուել դրանից: Ստեղծուած պայմաններում ակնյայտ է, որ կամակոր Ադրբեջանին սանձելու հարցում իրենց ծանրակշիռ խօսքը պէտք է ասեն հէնց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց վերջին յայտարարութիւնից յետոյ, որտեղ նրանք մայիսեան զինուած միջադէպի մեղաւոր անուանեցին ադրբեջանական կողմին, շատ քաղաքական գործիչներ ու քաղաքագէտներ ընդգծեցին, որ միջնորդների խօսքերին պէտք է հետեւեն պատժիչ բնոյթի կոնկրետ գործողութիւններ: Եւ, իրօք, ժամանակը վաղուց է հասել: Քանզի առանց միջադէպերի հետաքննութեան տխրահռչակ մեխանիզմի անգամ, շատերին է հասկանալի՝ ով է հանդիսանում հրադադարի ռեժիմի իրական խախտողը: Նշանակում է՝ այլ ճանապարհ, քան Ադրբեջանին խաղաղութիւն պարտադրելը, չկայ: Ինչպէս Յունիսի 6ին Կալինինգրադում Ի. Կանտի անուան Բալթեան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը՝ «միայն պայմանաւորուել, այլ ճանապարհ չկայ»: Մէկ անգամ եւս յիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆն եւ Ֆրանիսան, ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներ են, իսկ նշանակում է՝ դա հէնց նրանց իրաւասութիւնն է: Հակառակ դէպքում վտանգ կայ, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած բանակցային գործընթացն Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմի պատանդը կը մնայ: Ինչպէս եւ վտանգ կայ, որ միջնորդների յայտարարութիւնները հէնց կ՛արժեզրկուեն:
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Արցախի Հանրապետութեան պաշտօնաթերթ «Ազատ Արցախ»ի գլխաւոր խմբագիրն է