ՍԵԴԱ ՀԵՐԳՆԵԱՆ
Հայաստանի պետական պարտքն այս տարուայ Ապրիլի վերջի դրութեամբ հատել է 6 միլիարդ (մլրդ.) դոլարի շեմն ու կազմել շուրջ 6.037 մլրդ. ԱՄՆ դոլար: Միայն մէկ ամսում այն աւելացել է մօտ 41 միլիոն դոլարով կամ 0.7 տոկոսով, իսկ այս տարեսկզբի համեմատ՝ 95 միլիոն դոլարով կամ 1.6 տոկոսով:
Ընդհանուր պարտքից 4.852 մլրդ. դոլարը մեր արտաքին պետական պարտքն է, իսկ 1.185 մլրդ. դոլարը՝ ներքին պարտքը: Թէ մէկը, թէ միւսն աւելացել են տարեսկզբի համեմատ: Ու չնայած ներքին պարտքի ծաւալը շատ աւելի փոքր է, սակայն այն նախորդ տարուանից սկսած՝ աւելի մեծ տեմպերով (թափով-Խմբ.) է աճում:
Կառավարութիւնը դա բացատրում է ընդհանուր պարտքի կազմում ներքին պարտքի կշիռն աւելացնելու նպատակադրութեամբ՝ հիմնականում նշելով, որ ներքին պարտքի պարագայում երկիրը զերծ է մնում արտարժոյթի տատանումների բացասական հետեւանքներից:
Մասնաւորապէս, արտաքին պարտքն աճել է մօտ 47 միլիոն դոլարով կամ մօտ 1 տոկոսով, իսկ ներքին պարտքը՝ 48.5 միլիոն դոլարով կամ 4.3 տոկոսով:
Արտաքին պարտքի գերակշիռ մասը ՀՀ կառավարութեան պարտքն է: Իսկ ներքին պարտքի կազմում, որը եւս կառավարութեան պարտքն է, առիւծի բաժինը ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերուած պետական պարտատոմսերն են:
Կառավարութեան ընդհանուր պարտքը կազմել է 5.514 միլարդ դոլար:
Պետական պարտքը Համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱի) մօտ 58 տոկոսն է:
Դրամային արտայայտութեամբ Ապրիլի վերջի դրութեամբ ընդհանուր պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 926.2 միլիարդ դրամ, որից 2 տրիլիոն 351.8 միլիարդ դրամը արտաքին պարտքն է, իսկ 574.348 միլարդ դրամը՝ ներքին պարտքը:
Պետական պարտքի բեռը գնահատելու համար ամէնից յաճախ հաշուարկւում է, թէ պարտքը նախորդ տարուայ ՀՆԱի քանի տոկոսն է կազմում, այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ յարաբերակցութիւնը: 2016 թուականին Հայաստանի ՀՆԱն, ըստ վիճծառայութեան, կազմել է 5 տրիլիոն 79.9 միլիարդ դրամ: Ստացւում է, որ այս տարուայ Ապրիլի վերջի դրութեամբ պետական պարտք/ՀՆԱ յարաբերակցութիւնը կազմել է մօտ 57.6 տոկոս: 2015ի վերջի դրութեամբ, օրինակ, այս ցուցանիշը մօտ 49 էր:
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրէնքի համաձայն՝ կառավարութեան պարտքը տուեալ տարուայ Դեկտեմբերի 31ի դրութեամբ չպէտք է գերազանցի Հայաստանի Հանրապետութեան նախորդ տարուայ համախառն ներքին արդիւնքի 60 տոկոսը: Այս պահանջին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է:
Ուշադրութիւն դարձնենք, որ այս սահմանափակումը վերաբերում է ոչ թէ ընդհանուր պարտքին, այլ՝ միայն կառավարութեան պարտքին: Դեռեւս երկու տարի առաջ այն վերաբերում էր ընդհանուր պարտքին, սակայն Կառավարութեան առաջարկով պարզապէս «պետական» բառը փոխարինուեց «կառավարութիւն» բառով, ինչն, ըստ երեւոյթին, նոր պարտքեր ներգրաւելու հնարաւորութիւն ստանալու համար էր:
Ապրիլի վերջի դրութեամբ՝ կառավարութեան պարտքը կազմել է 2 տրիլիոն 672.6 մլրդ. դրամ (մօտ 2.098 տրլն. դրամ արտաքին պարտքը եւ 574.3 մլրդ. դրամ ներքին պարտքը): Ըստ այդմ՝ կառավարութեան պարտք/ՀՆԱ յարաբերակցութիւնը 52.6 տոկոս է:
Այսինքն՝ թէեւ պետական պարտք/ՀՆԱ յարաբերակցութիւնը բաւականին մօտ է 60 տոկոսի շեմին, սակայն միայն կառավարութեան պարտք/ՀՆԱ յարաբերակցութիւնը փոքր-ինչ աւելի «բարւոք» վիճակում է: Շնորհիւ օրէնքում կատարուած փոփոխութեան, որի մասին նշեցինք, կառավարութիւնն այսօր կարողանում է պնդել, որ երկրի ուսերին ծանրացած պարտքն այնքան էլ մօտ չէ օրէնքով սահմանուած վերին շեմին:
Լրագրողների հետ զրոյցներում թէ՛ ֆինանսների նախարար Վարդան Արամեանը, թէ՛ Պետական պարտքի կառավարման վարչութեան պետ Արշալոյս Մարգարեանը շեշտում են, որ պետական պարտքը կառավարելի մակարդակում է եւ մտահոգիչ ոչինչ չկայ: Մինչդեռ այն շարունակելու է աճել, որպէսզի լրացուի բիւջէի դեֆիցիտը (ամավարկի բացը):
Թէ որքանով կ՛աճի ընդհանուր պարտքը, յայտնի չէ, սակայն միայն կառավարութեան պարտքի առաւելագոյն շեմը կարելի է հաշուել. այն չի գերազանցի ՀՆԱի 60 տոկոսը, այսինքն՝ 3 տրլն. 48 մլրդ. դրամը: