ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Արդէն բաւականին երկար ժամանակ Ադրբեջանը յամառ ջանքեր է գործադրում լեռնայինղարաբաղեան հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից տեղափոխելու միջազգային այլ ատեան, մասնաւորապէս՝ ՄԱԿ կամ ԵԽԽՎ: Ընդ որում, անում է դա լկտիութեան բաւականին չափաբաժնով, քանի որ խօսքով հռչակում է Մինսկի խմբի հովանու ներքոյ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն իր հաւատարմութիւնը, գործով, սակայն, գնալով աւելի յաճախ է նրա գործունէութիւնը օբստրուկցիայի (խոչընդոտել-Խմբ.) ենթարկում ու տորպեդահարում (ձախողութեան կը մատնէ-Խմբ.) միջնորդների ջանքերը՝ ուղղուած կողմերի շփման գծում իրավիճակի կայունացմանն ու լիարժէք բանակցութիւններ վերսկսելու համար պայմանների ստեղծմանը:
Ուշադրութիւն է գրաւում այն փաստը, որ Մինսկի խմբի վրայ պաշտօնական Բաքուի յարձակումները վերջերս ձեռք են բերում աղաղակող եւ անգամ ագրեսիւ (յարձակողապաշտ-Խմբ.) բնոյթ: Եթէ վերցնենք նրա այդպիսի պահուածքի համեմատաբար թարմ օրինակները, ապա սկզբում ադրբեջանական իշխանութիւնները փակեցին ԵԱՀԿ գրասենեակը Բաքւում, այնուհետեւ, օգտագործելով վետոյի իրենց իրաւունքը, խոչընդոտեցին այդ եւրակազմակերպութեան երեւանեան գրասենեակի գործունէութեան երկարաձգման մասին որոշման ընդունմանը, որոշում, որ պէտք է ընդունուի կոնսենսուսի (համախոհութեան-Խմբ.) սկզբունքով: Այնուհետեւ. Բաքուի վարչակարգը քամահրեց անցեալ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ նրա կողմից սանձազերծուած ապրիլեան պատերազմից անմիջապէս յետոյ ձեռքբերուած պայմանաւորուածութիւնները, որոնք վերաբերում էին շփման գծում հնարաւոր միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանն ու ներդրմանը, իսկ աւելի վաղ ԵԱՀԿ բիւջէի քննարկման ժամանակ արգելափակեց նման մեխանիզմի ֆինանսաւորման վերաբերեալ որոշումը: Իսկ եթէ իրավիճակը դիտարկենք ընդհանուր առմամբ, ապա հակամարտութեան գօտում հրադադարի ռեժիմի ամէնօրեայ խախտումներն ու Ադրբեջանի զինուած սադրանքները գործնականում ուղղակի մարտահրաւէր են Մինսկի խմբին, բայց ոչ միայն՝ նաեւ ողջ միջազգային հանրութեանը:
Բայցեւայնպէս, ընդհանուրից դարձեալ անցնենք մասնաւորին: ԵԱՀԿ Մինսկի խմբի վրայ Ադրբեջանի յարձակումների ու ճնշումների համատեքստում պէտք է դիտարկել նաեւ հակամարտութեան հանգուցալուծման՝ միջնորդների առաջարկած մեթոդոլոգիան վերանայման ենթարկելու նրա չընդհատուող փորձերը՝ փոխելով կարգաւորման փաստաբանական բազան: Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչները, ներառեալ եւ նրա նախագահը, առաջին անգամ չէ, որ ջանում են որպէս անկիւնաքար դնել ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի 1993թ. յայտնի չորս բանաձեւերը՝ փարիսեցիաբար շահարկելով դրանք: Պէտք է ասել՝ ջանքերն այդ միշտ անյաջող էին, ինչը, սակայն, ալիեւեան ռեժիմին չի խանգարում կրկին ու կրկին վկայակոչել այդ բանաձեւերը:
Ահա եւ անցած շաբաթ նախագահ Ալիեւը Հանրապետութեան օրուայ առիթով պաշտօնական ընդունելութեանը եւ արտաքին գործերի նախարար Մամեդեարովը ՄԱԿի Գլխաւոր քարտուղար Անտօնիօ Գուտերիշի հետ հանդիպմանն արտայայտուեցին այն շեշտադրմամբ, թէ լեռնայինղարաբաղեան հակամարտութեան լուծման համար հիմնարար փաստաթղթեր են հանդիսանում հէնց ՄԱԿի ԱԽ ընդունած բանաձեւերը: Ընդ որում, հայատեացութեամբ պղտորուած նրանց տեսողութիւնը յանկարծ զարմանալի սրութիւն է ստանում ու իւրատեսակ իրաւական ընտրողականութիւն դրսեւորում՝ յիշեալ բանաձեւերի մէջ նկատելով միայն այն կէտերը, որոնք առնչւում են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից դուրս գտնուող շրջաններից հայկական ուժերի դուրսբերմանը: Կարելի է ասել, սա մի տեսակ օպտիկական խորամանկութիւն է: Այն պատճառով, որ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի յիշեալ բանաձեւերը, ամէնից առաջ, պահանջում էին անյապաղ դադարեցնել կրակը, ցանկացած ռազմական գործողութիւններն ու թշնամական քայլերը, նշանակում է՝ դրանք հասցէագրուած էին հէնց պաշտօնական Բաքուին, որը սաբոտաժի (խափանման-Խմբ.) է ենթարկել այդ պահանջները՝ շարունակելով պատերազմը: Բացի այդ, բանաձեւերից ոչ մէկում Հայաստանը պետութիւն-ագրեսոր չի անուանւում, ինչպէս այսօր ներկայացնում է ադրբեջանական կողմը: Վերը շարադրուածի համատեքստում ակնյայտ է, որ ՄԱԿի ԱԽ բանաձեւերի էութիւնը խեղաթիւրող ու դրանք իւրովի մեկնաբանող ալիեւեան ռեժիմի՝ այդ բանաձեւերը որպէս կարգաւորման համար բազա օգտագործելու ճիգերն ապարդիւն են: Իհարկէ, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարութեան այդօրինակ բառավարժանքներն ու միջազգային իրաւունքով նրա աճպարարութիւնն ունակ են մոլորութեան մէջ գցելու շարքային քաղաքացուն, բայց ոչ մի կերպ՝ միջազգային կազմակերպութիւններին ու քաղաքական գործիչներին, ովքեր մասնագիտական մօտեցում ունեն ղարաբաղեան հիմնախնդրին:
Կարծում ենք, Մինսկի խմբի դէմ ադրբեջանական դեմարշների ու նրա գործունէութեամբ դժգոհ լինելու պատճառներն այն են, որ որոշակի ժամանակահատուածից ՄԽ համանախագահութեան բանակցային օրակարգում մտել ու իր ամուր տեղն է գտել Արցախի ինքնորոշման իրաւունքի հարցը, ինչը, բնականաբար, ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Բաքուին: Բայց, ի ցաւ Ադրբեջանի, ՄԱԿի ԱԽ բանաձեւերի հետ կապուած նրա հառաչանքները որպէս օրինաչափութիւն դատարկ հնչիւն են մնում, որից միայն օդն է թնդում: Միջազգային հեղինակաւոր կառոյցները չեն շտապում ուշադրութեան առնել դրանք ու միաձայն յայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպէս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման համար օպտիմալ ձեւաչափի, այլընտրանք չունենալը: Ինչպէս Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրենք՝ Ռուսաստանը, ԱՄՆն ու Ֆրանսիան, այնպէս էլ ՄԱԿը, ՆԱՏՕն, Եւրամիութիւնն ու Եւրոպայի Խորհուրդը, այլ եւրակազմակերպութիւններ բազմիցս են հանդէս եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի օգտին: Ու իրեն հակադրելով Մինսկի խմբին, սիստեմատիկօրէն մերժելով նրա առաջարկները, նոր պատերազմով սպառնալով, Բաքուի ռեժիմը փաստօրէն մարտահրաւէր է նետում միջազգային հանրութեանը:
Լէոնիտ Մարտիրոսեան «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է