ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ստեղծուած տպաւորութեան համաձայն, զօրքերի դուրսբերումը՝ խաղաղութեան փոխարէն, կամ տարածքները՝ խաղաղութեան փոխարէն, հնարաւոր են»: Այս խօսքերի հեղինակը ոչ այլ ոք, քան Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովն է, ով արտաբերեց դրանք բոլորովին վերջերս:
Խօսքերն այս, պէտք է խոստովանել, տարօրինակ են, եթէ չասենք աւելին: Ու առաջին հարցը, որ ծագում է, այն է, թէ այդ ինչի՞ց ադրբեջանցի նախարարի մօտ յանկարծ նման տպաւորութիւն ստեղծուեց: Միթէ՞ Ադրբեջանի սրտին մօտ նման հեռանկարի նրան հասցրել է ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկայ ընթացքը: Կարծում ենք՝ հազիւ թէ, քանի որ կարգաւորում՝ որպէս այդպիսին, Ադրբեջանի մեղքով, ըստ էութեան, չկայ, որովհետեւ Բաքուն վաղուց ու հիմնովին խաթարել է բանակցութիւնների գործընթացն իսկ: Ու միանգամայն անհաւանական է ենթադրել, որ Մամեդեարովի մօտ նման ծիածանագոյն յոյսեր ներշնչել են Հայաստանը Արցախի հետ՝ Ադրբեջանին խոստանալով նրա կողմից արտաբերուած խաղաղասիրական բարտերը՝ (փոխանակումը-Խմբ.) տարածքներ՝ խաղաղութեան փոխարէն: Այդ դէպքում, ո՞րն է Բաքուի գլխաւոր դիւանագէտի լուսաշող լաւատեսութեան պատճառը: Համարձակուենք ենթադրել՝ պատճառը նոյն այդ տպաւորութիւնն է, որի մասին նա ամենայն համոզուածութեամբ բարբառում է:
Ինչպէս յայտնի է, «տպաւորութիւն», կամ ֆրանսերէն «impression» բառը իւր ժամանակ գեղարուեստի մի ամբողջ ուղղութեան անուն է տուել, որ կոչուել է իմպրեսիոնիզմ (տպաւորապաշտութիւն-Խմբ.): Պէտք է ասել՝ հրաշալի ուղղութիւն, որն աշխարհին գեղարուեստի ոչ քիչ գլուխգործոցներ է պարգեւել, որոնք աւելի քան մէկ հարիւրամեակ հիացմունք են պատճառում գեղեցիկի իսկական երկրպագուների մտքերին ու սրտերին: Ի մեծ ցաւ Մամեդեարովի, համաշխարհային նոյնքան մեծ փառքի արժանանալու շանսերը նրա մօտ շատ չնչին են, բայց, հաշուի առնելով, որ նա առաջին անգամ չէ դիւանագիտական «գոհարներ» մատուցում, նրան կարող է մխիթարել այն, որ հնարաւորութիւն ունի դառնալու ադրբեջանական քաղաքական իմպրեսիոնիզմի նախահայրը, ինչը, ըստ երեւոյթին, նրա համար այնքան էլ վատ չէ:
Այսպէս, շարունակելով տպաւորութեան թեման, մեր կողմից նշենք նաեւ, որ մեզ մօտ նոյնպէս կայուն տպաւորութիւն է ստեղծուել, որ Մամեդեարովը, իսկ աւելի լայն իմաստով՝ Ադրբեջանի քաղաքական վերնախաւը, ապրում են ինչ–որ զուգահեռ, վիրտուալ աշխարհում, որը ոչ մի կերպ չի աղերսւում իրականութեան հետ: Եւ այստեղ ահա, կարծում ենք, ճիշդ պահն է լրջօրէն տրամադրուելու: Ինչպէս արդէն վերը նշուեց, Ադրբեջանը յուսալիօրէն թաղել է բանակցային գործընթացը: Ներկայումս, որքանով յայտնի է, կարգավիճակին ու տարածքներին առնչուող կարգաւորման առանցքային հարցերը չեն քննարկւում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրատապ օրակարգում, ինչի մասին ե՜ւ պաշտօնական միջնորդական, ե՜ւ փորձագիտական մակարդակով բազմիցս խօսուել է, անցած տարուայ Մայիսին ու Յունիսին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռքբերուած համաձայնութիւնների կիրառման խնդիրն է, ինչը, մոդերատորների (համակարգողներու-Խմբ.) մտայղացմամբ, թոյլ կը տայ բարենպաստ պայմաններ ստեղծել խաղաղարար գործընթացն առաջ մղելու համար: Դրան, սակայն, ամէն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը: Մինչեւ որ Բաքուն չփոխի շփման գծում վերահսկողութեան մեխանիզմների ներդրման հարցերի շուրջ իր դիրքորոշումը, ինչն էլ յամառօրէն պնդում են միջազգային միջնորդները, չարժէ առաջընթաց սպասել, եւ, ամէնից առաջ՝ հէնց Ադրբեջանին:
Առաւել քան ակնյայտ է, որ ղարաբաղեան հարցում իր անհեռանկար քաղաքականութեան արդիւնքում Բաքուի ռեժիմն ինքն իրեն անելանելի դրութեան մէջ է գցել: Մի կողմից, նա արդէն երկրորդ տարին է, ինչ հակառակւում է շփման գծում միջազգային մոնիտորինգի համակարգի ստեղծմանը, քանի որ նման մեխանիզմի ներդրումը նրան կը զրկի զինուած սադրանքների միջոցով Հայաստանին ու Արցախին, միաժամանակ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահութեանը շանտաժի ենթարկելու հնարաւորութիւնից: Միւս կողմից՝ առանց վիեննեան ու սանկտպետերբուրգեան համաձայնութիւնների իրագործման՝ ադրբեջանական շանտաժի նշուած բոլոր երեք օբյեկտները մտադիր չեն քննարկելու այլ հարցեր, առաւել եւս՝ Ադրբեջանի համար այդքան բաղձալի տարածքային հարցը: Այսպէս, օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը յայտարարել է, որ «կողմերը ոչ միայն պէտք է հաստատեն իրենց հաւատարմութիւնը հրադադարի ռեժիմի հետեւմանը, այլեւ նշեն՝ ինչպէս են կեանքի կոչելու վստահութեան ամրապնդման խիստ անհրաժեշտ միջոցները, որոնց մասին պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել անցեալ տարի Վիեննայում, ապա եւ Սանկտ Պետերբուրգում»: Ահա թէ ինչու «տպաւորուող» նախարար–իմպրեսիոնիստի վաղանցիկ գաղափարները, ով խաղաղութիւնը դիտում է որպէս առուծախի սովորական առարկայ եւ աշխուժօրէն առաջարկում հակամարտութեան հանգուցալուծման մի ալգորիթմ (հանրահաշիւ-Խմբ.), որը հակասում է կարգաւորման տրամաբանութեանը, միայն հեգնական ժպիտ կարող են յարուցել:
Ու դարձեալ տպաւորութեան մասին, այսինքն այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը չի նկատում իրավիճակի արմատական փոփոխութիւնը, ինչի մեղաւորը հէնց ինքն է, եւ շարունակում է իր գիծը քաշել: Հակառակ հրադադարի ռեմիժին խստօրէն հետեւելու միջնորդների բազմաթիւ յորդորների, ինչի մասին կրկին յիշեցրել է եւ Ռիչարդ Հոգլանդը, ադրբեջանական կողմը Մայիսի 15ին հրթիռային հարուած է հասցրել ԼՂՀ պաշտպանութեան բանակի ռազմական տեխնիկային (սարքին-Խմբ): Ընդ որում, Բաքուն անգամ չէր էլ թաքցնում, որ հէնց ինքն է կոպտօրէն խախտել հրադադարի ռեժիմը: Համարձակուենք ենթադրել, որ Ադրբեջանի այդօրինակ ճչացող պահուածքը փոխել է ոչ միայն հակամարտութեան գօտում տիրող իրավիճակը, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը, ովքեր, թերեւս առաջին անգամ, իրենց յայտարարութեան մէջ կոնկրետ մատնանշեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: Միթէ՞ նրանք գալիս են այն գիտակցմանը, որ այլեւս չի կարելի առաջնորդուել նախկին ընդհանուր ու շրջահոսուն ձեւակերպումներով: Յուսանք, որ այդպէս է: Յուսանք նաեւ, որ Ադրբեջանը կը վերադառնայ իրական քաղաքականութեան ոլորտ, այլ ոչ թէ կը շարունակի մնալ վիրտուալ աշխարհում: