ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Ռուսաստանի հանրային պալատի անդամ, ՌԴ քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Սերգէյ Մարկովը, ով հանդէս է գալիս որպէս նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ, ադրբեջանական լրատուամիջոցների հետ զրոյցում յայտարարել է, թէ անցեալ տարի ԼՂ կարգաւորման հարցով ձեռք բերուած համաձայնութեան իրականացումը ձախողուել է Ադրբեջանում եւ յատկապէս Հայաստանում առկայ հայրենասիրական, ազգայնական տրամադրութիւնների պատճառով, չնայած երկու երկրների իշխանութիւններն էլ պատրաստ են փոխզիջումների այն սցենարով, որն առաջարկում է Ռուսաստանը: Ըստ քաղաքագէտի՝ Ռուսաստանի առաջարկած ծրագրի իմաստն այն է, որ նախկին ԼՂԻՄին յարակից, եւ ներկայումս Արցախի մաս համարուող 7 շրջաններից գոնէ 5ը վերադարձնելուց յետոյ պէտք է սկսուեն բանակցութիւնները Արցախի կարգավիճակի շուրջ, քանի որ կողմերի միջեւ առկայ հիմնական տարաձայնութիւնն այն է, որ Բաքուն պնդում է կարգավիճակի որոշման հանրաքուէն անցկացնել ողջ Ադրբեջանի տարածքում, իսկ հայկական կողմը՝ միայն ԼՂում:
Օրեր առաջ Ադրբեջան էր այցելել ռուսաստանցի մէկ այլ քաղաքագէտ, սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը, ով յայտնի է ռուսական կայսերապաշտական եւ շովինիստական՝ ցինիզմի հասնող իր հայեացքներով: Այդ այցի մոտիվներով ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների վերաբերեալ նա հարցազրոյց էր տուել «Նովայա Էփոխա» պարբերականին: Անդրադառնալով արցախեան հիմնահարցում Ռուսաստանի դերակատարութեանը՝ Դուգինը, ով եւս հանդիսանում է պուտինեան Կրեմլի «պալատական» խօսափողը, նշել է, թէ Ռուսաստանի տեսանկիւնից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եւ յետ-խորհրդային բոլոր երկրների տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը կախուած է միայն Ռուսաստանի հետ նրանց յարաբերութիւններից:

«Արցախեան հակամարտութեան կարգաւորման մէջ Ռուսաստանի դերը, մասնաւորապէս 7 շրջաններից գոնէ 5ի վերադարձումը Ադրբեջանին հիմնական թեմա է լինելու: Մենք գործնականում մօտենում ենք դրան, եւ համապատասխանաբար կ՛ոչնչացուեն բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են տրանսազգային միութիւններում սերտ համագործակցութեանը: …Արդ հարցը (շրջանների վերադարձը-ԳԴ) դիտարկւում է կարճաժամկէտ օրակարգում, եւ այդ հինգ շրջանների փոխանցումը հանդիսանում է ամենահիմնականը «Լաւրովի պլանում»: Մեր խումբը եւս այդ պլանին իր մասնակցութիւնն ունեցել է: Ես անձամբ եմ այն քննարկել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի հետ: Այդ թեման ռուս-ադրբեջանա-հայկական դիւանագիտութեան օրակարգում է՝ Թուրքիայի եւ Իրանի լիակատար համաձայնութեամբ»:
Մարկովի եւ Դուգինի տեսակէտներն, ի հարկէ, նորութիւն չեն: 2016թ. Օգոստոսին վերջինս իր հեղինակային հաղորդման ժամանակ յայտարարում էր, թէ Ռուսաստանի ներկայիս աշխարհաքաղաքականութիւնը թելադրում է Մոսկուա-Բաքու-Անկարա առանցքի անհրաժեշտութիւնը, որը չի բացառում Մոսկուա-Երեւան շղթան եւ որ Հայաստանը պէտք է համաձայնի հինգ շրջանները յանձնելու Լաւրովի պլանին՝ առանց դրա դիմաց շատ բարձր եւ անիրատեսական գին պահանջելու:
Սակայն հետաքրրքականը Հայաստանից սեփական շահերը յանուն Ռուսաստանի գէոպոլիտիկ (աշխարհաքաղաքական-Խմբ.) շահերի զոհաբերելու այս ցինիկ եւ մաքրամաքուր շովինիստական պահանջները չեն: Այլ այն է, որ ռուս քաղաքագէտներն երկու կարեւոր եւ մտահոգիչ բացայայտում են անում: Նախ՝ «Լաւրովի պլան» այնուամենայնիւ, գոյութիւն ունի, որքան էլ մէկ ամիս առաջ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովն անձամբ էր դա հերքում:
Ընդ որում՝ ակնյայտ է, որ այդ պլանի իմաստը բացառապէս 5 շրջանների վերադարձմամբ լուծելու փոխարէն կարգաւորումն անորոշ ժամանակով առկախելն է: Երկրորդ՝ այդ պլանը ոչ միայն գտնւում է Մոսկուա-Ադրբեջան-Թուրքիա եռանկիւնու օրակարգում, այլեւ ըստ էութեան ընկալւում է, ինչպէս այդ առանցքի վերջնական ձեւաւորման, այնպէս էլ Ադրբեջանը ԵԱՏՄին միացնելու հարցում միակ էական եւ հնարաւորինս արագ չէզոքացման ենթակայ խոչընդոտ:

Եթէ նկատի ունենանք, որ անցած տարուայ կէսերից ռուս-թուրքական յարաբերութիւններն սկսեցին վերականգնուել այն բանից յետոյ, երբ Ալեքսանդր Դուգինն այցելեց Անկարա, հասկանալի է դառնում, թէ որքան լուրջ է «Լաւրովի պլանի» իրականացմամբ ռուս-ադրբեջանա-թուրքական առանցքն ամբողջացնելու եւ Հայաստանը դրա գերին կամ մանրադրամը դարձնելու հարցում առկայ համակողմանի տրամադրութիւնները: Այն պարզորոշ ցոյց է տալիս, թէ ռուս-թուրքական մերձեցումը որքան է մեծացնում Հայաստանի ամբողջականութեան եւ անվտանգութեան սպառնալիքը:
Գուցէ հնարաւոր լինէր Մարկովի եւ Դուգինի յայտարարութիւններին անլուրջ վերաբերուել, եթէ ակնառու չլինէր, որ սա ուղորդւում է Կրեմլից: Վերջինս իր պալատական «սազանդարների» (մուղամի նուագախումբի անդամ-Խմբ.) միջոցով ԼՂ կարգաւորման «Լաւրով»ի կամ ռուսական «պլանը» ներկայացնում է որպէս այլընտրանք չունեցող՝ հետապնդելով հակամարտող երկրների հասարակութիւններին դրան ադապտացնելու (պատշաճեցնելու-Խմբ.) նպատակ: Յիշեցնենք որ Դուգինից առաջ, Ապրիլին Ադրբեջանում էր մէկ այլ յայտնի ռուս փորձագէտ, երդուեալ «պուտինիստ», հայութեան նկատմամբ որոշակի կանխակալ համակրանք ունեցող հաղորդավար Վլադիմիր Սոլովէովը:
Չնայած վերջինս մի քանի անգամ այցելել էր Արցախ, սակայն նա ոչ միայն Բաքւում Ալեքսանդր Լապշինի ճակատագրին չարժանացաւ, այլեւ հանդիպեց նախագահ Ալիեւին: Դրանից յետոյ Սոլովէովը ռադիօհաղորդման ժամանակ յայտարարեց. «Ղարաբաղեան կոնֆլիկտի շուրջ փոխզիջումների փնտռտուքը, որը շատ լաւ գիտի Պուտինը, հնարաւոր է: Հնարաւոր է ոչ միայն բոլոր կողմերի հետաքրքրութիւնները բաւարարող փոխզիջումը, որ կը յանգեցնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը, ներդրումների ներհոսքին, այլեւ նոյնիսկ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը կը յայտնուեն ընդհանուր տարածութեան մէջ, Ադրբեջանը կը մտնի ԵԱՏՄ»:
Ըստ էութեան, Սոլովէովը եւս խօսում է ռուս-թուրք-ադրբեջանական առանցքի, «Լաւրովի պլան»ի եւ որ ամենաէականն է՝ Մոսկուայի առաջնային նպատակներից մէկի՝ Ադրբեջանը ԵԱՏՄում ընդգրկելու՝ ԼՂ կարգաւորմամբ բացուող հեռանկարի մասին: Ռուս պալատական սազանդարները խաղում են նոյն լարերի վրայ: Մոսկուան կրկին միացրել է Հայաստանի վրայ ներգործելու իր աւանդական «փորձագիտական» պրոպագանդիստական մեքենան: Տարօրինակ չպէտք է թուայ, որ դա տեղի է ունենում Մոսկուայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ֆոնին: