ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը «168 Ժամ»ին տուած հարցազրոյցում յայտարարել է, թէ իրենք կ՛օգտագործեն անցած խորհրդարանական ընտրութիւններին ընտրակաշառքներ բաժանելու, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման վերաբերեալ արժանահաւատ տեղեկութիւնները, որպէսզի ընտրական գործընթացը խաթարած անձինք իրաւասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարութեան կողմից ֆինանսաւորուող ծրագրերին ու միջոցառումներին: ԱՄՆ դեսպանը, ըստ էութեան, խօսում է անցած հայաստանեան համապետական ընտրութիւններում ընտրակաշառքներ բաժանածների, ընտրողներին ճնշումների ենթարկողների եւ վարչական ռեսուրս գործադրածների նկատմամբ որոշակի սանկցիաներ կիրառելու հնարաւորութեան մասին:
ԱՄՆի կողմից ֆինանսաւորուող ծրագրերին ու միջոցառումներին մասնակցութիւնից զրկելն այնքան էլ «սարսափեցնող» պատիժ չէ: Տուեալ դէպքում խօսքը սիմվոլիկ սանկցիաների մասին է: Սակայն էականը, ի հարկէ, ոչ թէ ինքնին պատժամիջոցների լրջութիւնն է, այլ քաղաքական եւ վարկանիշային էֆեկտը: Սակայն ի՞նչ գործնական արժէք ունի Միլզի այս «սպառնալիքը»:
Սովորաբար, արտաքին մոնիթորինգի տակ գտնուելու հանգամանքը ստիպում է իշխանութիւններին լինել աւելի զգօն: Ընտրութիւններում արձանագրուած օրինախախտումների առթիւ քրէական գործերի յարուցումը, ոմանց պատասխանատուութեան ենթարկելը մի մասով հէնց արտաքին սպասելիքների բաւարարման նշանակութիւն ունի: Պատահական չէր, որ մասնաւորապէս «ՍԱՍ» ընկերութեան աշխատակիցների նախընտրական ժողովի ձայնագրութեան հետ կապուած քրէական գործի յարուցմանն անմիջապէս յաջորդեց ԱՄՆ դեսպանատան ողջունող արձագանգը: Դրանով դեսպանատունը յայտնեց, որ հետընտրական զարգացումները գտնւում են իր ուշադրութեան, ինչ-որ իմաստով՝ նաեւ վերահսկողութեան ներքոյ: Եւ առնուազն արտաքին լեգիտիմութեան ապահովման խնդիրը իշխանութիւններից պահանջում է մատն անընդհատ պահել պուլսի (երկարազարկ-Խմբ.) վրայ: Հէնց այդ նպատակն էր հետապնդում նաեւ Ապրիլի 18ին թէյի սեղանի շուրջ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը: Դրա նպատակն էր հասկանալ՝ բացի դիտորդական առաքելութիւններից, ինչպիսի՞ն է Հայաստանի շահերի շրջանակը ներառող երկրների դիրքորոշումը ընտրութիւնների վերաբերեալ: Ամէն դէպքում՝ դեսպանների նման հրապարակային գնահատականները ստիպում են իշխանութիւններին՝ չընկնել ռելաքսային (հանգստեան վիճակի-Խմբ.) վիճակի եւ էյֆորիայի (երջանկութեան զգացողութեան-Խմբ.) մէջ, չլկտիանալ ընտրական յաջողութիւններից:
Միւս կողմից, սակայն, հարց է առաջանում՝ արդեօք ԱՄՆ դեսպանը, օրինակ, իրեն մտահոգած խնդիրը եւ սպառնալիքը բարձրաձայնե՞լ է նախագահ Սարգսեանի հետ այդ հանդիպման ժամանակ, որի ընթացքում վերջինս, յամենայն դէպս, ըստ պաշտօնական հաղորդագրութեան, խօսել է հիմնականում ընտրութիւնների դրական կողմերի մասին: Խնդիրն այն է, որ հայաստանեան ընտրութիւններին հետեւած՝ անխտիր բոլոր միջազգային կառռւյցները եւ երկրները, այդ թւում ու առաջին հերթին՝ ԱՄՆը, Ապրիլի 2ի ընտրութիւնները որակել են ժողովրդավարական առաջընթաց՝ անվերապահ ճանաչելով դրանց արդիւնքները: Եթէ ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ բռնութիւնների եւ վարչական ռեսուրսի (միջոցներու-Խմբ.) շահագործման մասին տեղեկութիւններն այդքան արժանահաւատ էին, ինչպէս հիմա բնորոշում է դեսպան Միլզը, ապա առնուազն տարօրինակ է, թէ ինչպէ՞ս կարող էին դրանցով ուղեկցուած ընտրութիւնները գնահատուել ժողովրդավարական առաջընթաց:
Պատահական չէ, որ, ի պատասխան Միլզի հարցազրոյցի, ՀՀԿ խօսնակ Էդուարդ Շարմազանովը միանգամայն տեղին նկատում է, որ դեսպանի հարցազրոյցում ամենակարեւորը ընտրութիւններում ժողովրդավարական զարգացում տեսնելն է: Ասել է թէ՝ մնացածը պարզապէս «լոլօներ» են:
Առաջին անգամը չէ, որ ԱՄՆ դեսպանատունը խօսում է Հայաստանում ինչ-որ «ուրուականներ»ի նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին: Միլզը ամերիկեան ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցութիւնից զրկելու սպառնալիքների մասին էր խօսում ինչպէս սահմանադրական հանրաքուէից յետոյ, այնպէս էլ կոռուպցիայի դէմ պայքարի հարցում ՀՀ կառավարութեան պրակտիկ (գործնական-Խմբ.) արդիւնքների ապահովման շրջանակում: Բայց ԱՄՆ դեսպանատունը դեռ երբեւէ չի յայտարարել, որ որեւէ չինովնիկի նկատմամբ նման սանկցիա (պատիժ-Խմբ.) է կիրառում: Ստացւում է, որ կամ նրան լիովին բաւարարում է իրենց յայտարարութիւններին իշխանութիւնների արձագանգը կամ արձագանգի բացակայութիւնը, կամ սանկցիաներով սպառնալը պարզապէս «բնաւորութիւն» է դարձել: Երկրորդը, ի դէպ, առանձնապէս լաւ է ստացւում Հայաստանում ԱՄՆ գործող դեսպանի մօտ՝ աստիճանաբար հասկանալի դարձնելով, որ դրանք, իրենց մէջ որեւէ գործնականութիւն չպարունակելով, պարզապէս էժանացնում են սանկցիաների «հաթաթաները» (սպառնալիքները-Խմբ.):
Իրականում այլ կերպ չէր էլ կարող լինել: Երբ սանկցիաների սպառնալիքները վերաբերում են անձանց, էականը դառնում է ոչ թէ քաղաքական, այլ իրաւական բաղադրիչը: Այսինքն՝ որպէսզի որեւէ պաշտօնատար անձի նկատմամբ պատժամիջոց կիրառես, նախ անհրաժեշտ է ապացուցել նրա «յանցակցութիւնը»՝ կամ կոնկրետ (յստակ-Խմբ.) փաստերի տիրապետելով ու ներկայացնելով, կամ էլ հիմնուելով այն դատական վճիռների վրայ, որոնք դատարանները կայացնում են ընտրախախտումներին վերաբերող գործերով: Իսկ Հայաստանում նման գործերը դեռ գտնւում են նախաքննութեան ու դատաքննութեան փուլերում, եւ այդ գործերն ուղղակիօրէն չեն առնչւում այնպիսի պաշտօնատար անձանց, որոնց նկատմամբ սանկցիա կիրառելը քաղաքականապէս իմաստ կ՛ունենար: Հարցն այն չէ, որ այդպիսիք չկան: Հարցն այն է, որ նրանց կապը հիմնաւորելն է դժուար, եթէ չասենք՝ անհնար:
Այլ կը լինէր իրավիճակը, եթէ դեսպանն առաջնորդուէր բացառապէս քաղաքական նկատառումներով: Այդ դէպքում սանկցիաների կիրառումը քաղաքական պաստառ կը ստանար: Բայց խնդիրն այն է, որ դա արդէն չէր տեղաւորուի ընտրութիւնները ժողովրդավարական համարելու՝ դեսպանատան նախնական դիրքաւորման շրջանակում, եւ երկրորդ՝ զուտ քաղաքական յայտարարութիւնները կը նշանակէին, որ ԱՄՆ դեսպանը միջամտում է Հայաստանի ներքին խնդիրներին: Իսկ այսպէս դեսպանը պարզապէս յիշեցնում է, որ «համաշխարհային ժանդարմը»՝ ԱՄՆը, հետեւում է: Այսինքն՝ գործ ունենք ամերիկեան «մտրակի եւ բլի»չի քաջ ծանօթ տակտիկայի հետ: