ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելի Հայ Դատի յանձնախումբն Ապրիլի 4ի ընտրութիւններից օրեր առաջ կազմակերպել էր հանդիպում Գլենդելի քաղխորհրդի, համայնքային քոլեջի խնամակալ մարմնի եւ Միացեալ կրթաշրջանի խորհրդի թեկնածուների հետ, ում յանձնախումբը աջակցութիւն է յայտնել: Մարտի 29ին, Գլենդելի Երիտասարդական կենտրոնում կայացած ձեռնարկին ներկայ համայնքի շուրջ 200 անդամներ, առիթ ունեցան ծանօթանալու թեկնածուներին եւ լսելու նրանց ծրագրային առաջնահերթութիւնների մասին:
«Հայ Դատի յանձնախմբի համար աւանդոյթ է դարձել ընտրութիւններից առաջ համախմբել տաբեր պաշտօնների համար պայքարող, մեր զօրակցութիւնը ստացած թեկնածուներին: Սա առիթ է խրախուսելու նրանց, նաեւ՝ համայնքին մասնակցութեան կոչ անելու: Այս ընտրութիւնները մարտահրաւէր են պարունակում այն առումով, որ վերջին 20 տարիներին մենք բաւական նուաճումներ ենք արձանագրել որպէս համայնք, հաւաքականութիւն, եւ ունենք խնդիր ձեռքբերածը պահպանելու: Դրա համար, հարկաւոր է մեծամասնութիւնը պահպանել քաղաքի տարբեր մարմիններում, եւ մանաւորապէս՝ Գլենդելի քաղխորհրդում: Շատ կարեւոր է, որ մեր համայնքը մասնակցի ընտրութիւններին եւ քուէարկի մեր թեկնածուների օգտին», նշեց Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի ատենապետ Յարութ Մանուկեանը:
Ձեռնարկի ընթացքում բոլոր թեկնածուներին առիթ տրուեց համառօտ ներկայացնելու իրենց ծրագրերը: Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի զօրակցութիւնը ստացած թեկնածուներն են՝ քաղխորհրդի համար՝ Զարեհ Սինանեանն ու Արա Նաջարեանը, քաղաքապետարանի քարտուղարի համար՝ Արդի Քասախեանը, գանձապետի պաշտօնի համար՝ Րաֆֆի Մանուկեանը, Միացեալ կրթաշրջանի համար՝ Գրեգ Գրիգորեանը, Արմինա Կարապետեանն ու Շանթ Սահակեանը, Համայնքային քոլեջի Խնամակալ մարմնի անդամութեան համար Արմինէ Յակոբեանը, Իւէթ Վարդանեան-Դէյվիսը եւ Էն Հէյզըլ Ռենսֆըրտը:
Քաղխորհրդի անդամութեան թեկնածուներ Սինանեանն ու Նաջարեանը, նաեւ ներկայի անդամ Վարդան Կարապետեանը յոյժ կարեւոր համարեցին հայկական մեծամասնութեան պահպանումը քաղխորհդում՝ նշելով, որ միայն այդ դէպքում է հնարաւոր առաւել արծարծել հայ համայնքի շահերը քաղաքապետարանում, եւ հասնել արդիւնաւէտ լուծումների: «Օրինա՛կ, մատչելի բնակարանների հարցում շահագրգռուած ենք միայն մենք՝ հայ ներկայացուցիչներս, քանզի տեղեակ ենք Գլենդելի հարաւային շրջանում մեր հայրենակից բնակիչների խնդիրներին, ծանօթ ենք նոր ներգաղթած հայերի եւ տարեցների պահանջներին, այն դէպքում, որ քաղխորհրդի ոչ հայ անդամներին առանձնապէս չի հետաքրքրում այս հարցը, եւ քաղաքապետարանի ֆինանսները նրանք պատրաստ են այլ նախագծերում իրացնել», յայտնեց Զարեհ Սինանեանը: Թեկնածուները հայ համայնքին դիմեցին մասնակցութեան կոչով՝ յիշեցնելով, որ իւրաքանչիւր քուէ հաշուըւմ է:
Համայնքի ձայների շնորհիւ, մեծամասնութիւն կարող է ձեւաւորուել նաեւ Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդում, որի համար պայքարում են ներկայի անդամներ Գրեգ Գրիգորեանը, Արմինա Կարապետեանն ու նորեկ Շանթ Սահակեանը: «Ես շատ բախտաւոր եմ, որովհետեւ Գլենդելի հանրային դպրոցներում ստացել եմ լաւագոյն կրթութիւն, եւ այսօր իմ յաջողութիւնների համար պարտական եմ իմ կրթօջախներին: Որոշեցի առաջադրել իմ թեկնածութիւնը, քանզի ցանկանում եմ, որ իմ որդին էլ ունենայ լաւագոյն կրթութիւն ստանալու հնարաւորութիւն: Ընտրուելու դէպքում, առաջարկելու եմ դպրոցական ծրագրերում ընդգրկել գիտութեանը, տեղեկատուական նորագոյն տեխնոլոգիաներին առնչուող առարկաներ: Շատ տպաւորուած եմ իմ այցից Հայաստանում ԹՈՒՄՕ կենտրոն, որտեղ աշակերտներին պատրաստում են ապագայի մասնագիտութիւններին, եւ այդ փորձը պէտք է ներմուծել մեր դպրոցներում», նշեց Սահակեանը: Կրթաշրջանի խորհրդի անդամներ Գրիգորեանի ու Կարապետեանի, ինչպէս նաեւ՝ Նայիրի Նահապետեանի համագործակցուած գործունէութեան արդիւնք են Ապրիլի 24ին, Հայոց Ցեղասպանութան օրուայ առիթով հանրային դպրոցներում ոչ աշխատանքային օրուայ յայտարարումը, հայերէնի դասաւանդումը եւ այլ նախագծեր:
Համայնքային քոլեջի Խնամակալ մարմնի անդամութեան ընտրութիւններին Իւէթ Վարդանեան-Դէյվիսն առաջին անգամ է առաջադրուել: Նա նշեց, որ երկար տարիներ է ներգրաւուած հայ համայնքի կեանքում, եւ խնամակալ մարմնում կը կարողանայ լաւագոյնս ներկայացնել հայրենակիցների շահերը:
Տարբեր պաշտօնների համար առաջադրուած թեկնածուները յոյս յայտնեցին, որ Ապրիլի 4ին հայ համայնքի աջակցութեամբ կը կարողանան նոր խօսք ասել Գլենդելում: Գլենդելի Հայ Դատի յանձնախմբի ձեռնարկին ներկայ էին պաշտօնեաներ, քաղաքական-հասարակական գործիչներ, հայրենակցական միութիւնների, հայկական կազմակերպութիւնների եւ միութիւնների ներկայացուցիչներ, եւ համայնքի անդամներ:
Լուսանկարները՝ ARKA PHOTO