ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ԱՇԽԷՆ ԷՇԼԻ ԳԱՄԲՈՒՐԵԱՆԻ ԵՒ ԼԱՐԱ ԵՐԷՑԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Յունուարի 25ին ստորագրեց սահմանային ու ներքին հանրային անվտանգութեանը վերաբերող հրամանագրեր: Երկրի դաշնային դատարանները ժամանակաւորապէս կասեցրին սահմանին վերաբերող հրամանագրի կիրառումը՝ նշելով, որ դրա որոշ դրոյթներ հակասում են Սահմանադրութեանը: Սակայն Մարտի 6ին նախագահը ստորագրեց սահմանային անվտանգութեանն առնչուող մէկ այլ հրամանագիր, որտեղ այդուհանդերձ պահպանուել են նախորդում ներկայացուած կէտերից:
Նոր հրամանագրով, ճամբորդական արգելքին ենթակայ են վեց երկրների ներկայացուցիչներ՝ Իրանից, Սիրիայից, Եմէնից, Սոմալիից, Սուդանից, Լիբիայից: Իրաքը հանուած է ցուցակից: Նոր հրամանագիրն արտօնում է կեցութեան մշտական իրաւունք եւ մուտքի արտօնագիր (visa) ունեցողներին այցելել ԱՄՆ: Այդուհանդերձ, 90 օրուայ ընթացքում վերը նշուած երկրների քաղաքացիներին նոր արտօնագրեր չի տրամադրուի: Հրամանագիրը չի տարածւում ԱՄՆում մշտական օրինական բնակութիւն ունեցողների վրայ, այլ՝ վերաբերում է ոչ ներգաղթային արտօնագիր ունեցողներին: Նոր հրամանագիրը ուժի մէջ կը մտնի Մարտի 16ից:
Ընդհանուր առմամբ նախագահի դիրքորոշումը ներգաղթային քաղաքականութեան նկատմամբ անհանգստութիւն է առաջացրել այստեղ գտնուող հայ ներգաղթեալների շրջանում: Իրավիճակին «Ասպարէզ»ն անդրադարձել է՝ զրուցելով ներգաղթեալների հարցերով փաստաբան Աշխէն Էշլի Գամբուրեանի եւ Քրէական հարցերով փաստաբան Լարա Երէցեանի հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դոնալդ Թրամփի հրամանագրերն ընդհանուր առմամբ ի՞նչ են ենթադրում:
ԱՇԽԷՆ ԷՇԼԻ ԳԱՄԲՈՒՐԵԱՆ.- Ըստ Դոնալդ Թրամփի՝ սահմանային անվտանգութեան հարցը կենսական նշանակութիւն ունի ազգային անվտանգութեան համար: Նախագահն իր այդ հրամանագրով ժամանակաւորապէս արգելում է վեց երկրներից ժամանող անձանց մուտքը Միացեալ Նահանգներ, ովքեր չունեն կեցութեան մշտական իրաւունք եւ մուտքի արտօնագիր: Այնուհետեւ յանձնարարում էր արտաքին գործոց ու անվտանգութեան նախարարութիւններին ստեղծել նշուած երկրներից ժամանողների անձնական տուեալների ստուգման աւելի արդիւնաւէտ գործընթաց, որից յետոյ նախատեսւում էր սահմանել երկիր մուտք գործելու աւելի տեւական քաղաքականութիւն:
Կարեւոր է նշել, որ նոյնիսկ ստուգման նոր գործընթացի կիրառման դէպքում երկիր մուտք գործելու արգելքը շարունակելու է գործել այն երկրների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք Միացեալ Նահանգների կառավարութեանը չեն տրամադրի անհրաժեշտ տեղեկութիւններ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հրամանագրերը որքանո՞վ են տարբերւում ներգաղթեալների մասին գործող օրէնքից:
ԱՇԽԷՆ ԷՇԼԻ ԳԱՄԲՈՒՐԵԱՆ.- Ցանկանում եմ ընդգծել, որ ներգաղթեալների մասին որեւէ նոր օրէնք չի ընդունուել: Կիրառւում է գործող օրէնքը: Պարզապէս նախագահը եւ իր վարչակազմը իրաւունք ունեն իրենց հայեցողութեամբ գործող օրէնքները կիրառելիս առաջնահերթութիւններ սահմանել: Օրինակ՝ գործող օրէնքով միշտ էլ ԱՄՆ ժամանող ոեւէ անձի մուտքը երկիր չի երաշխաւորուել, եթէ նոյնիսկ ունեցել է մուտքի վաւերական արտօնագիր: Ներգաղթային ծառայութիւնները, մանրակրկիտ կերպով ստուգելով տուեալ անձի փաստաթղթերը եւ նրա վերաբերեալ տեղեկութիւնները, ինչպէս նաեւ նրա նախկին այցելութիւնների պատմութիւնը, իրաւունք ունեն մերժել նրա մուտքը նաեւ գործող օրէնքի շրջանակներում:
Նոյն գործող օրէնքը սահմանում է նաեւ երկրում բնակուող ներգաղթեալների հարցը, ըստ որի՝ օրինական փաստաթղթեր չունեցող անձինք ենթակայ են երկրից վտարման:
Քանի որ կառավարութեան միջոցները սահմանափակ են եւ օրինական փաստաթղթեր չունեցող ներգաղթեալների զանգուածային վտարումը հնարաւոր չէ, ուստի իւրաքանչիւր նախագահ իր վարչակազմի հետ միասին սահմանում է օրէնքների կիրառման առաջնահերթութիւններ:
Նախորդ վարչակազմն էլ էր այդպէս վարւում: Ներկայիս վարչակազմի մօտեցումը աւելի խիստ է, որի հետեւանքով վտարման առաջնահերթութեան ցուցակում ընդգրկուել են աւելի մեծ թուով կատեգորիաներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ առաջնահերթութիւնների մասին է խօսքը:
ԱՇԽԷՆ ԷՇԼԻ ԳԱՄԲՈՒՐԵԱՆ.- Ներքին անվտանգութեան մասին հրամանագրով վտարման ենթակայ անձանց կատեգորիաներում փոխուել են առաջնահերթութիւնները: Ըստ հրամանագրի, սահմանուել է երկրից վտարման առաջնահերթութեան կարգ, որը վերաբերւում է այն ներգաղթեալներին, ովքեր՝ ա) դատապարտուել են յանցագործութեան համար, բ) նրանց մեղադրանք է ներկայացուած որեւէ քրէական յանցանքի համար, գ) կատարել են քրէօրէն պատժելի արարքներ, դ) որեւէ պաշտօնական հարցով պետական հիմնարկի առաջ կեղծիք են կատարել, ե) չարաշահել են հանրային արտօնութիւնները, զ) գաղթականների հարցերով ծառայութեան պաշտօնեայի համոզմամբ վտանգում են հանրային ապահովութիւնն ու ազգային անվտանգութիւնը, է) դատարանի վերջնական վճռով ենթակայ են եղել երկրից վտարման:
Նախկինում վերջին կատեգորիայի՝ դատարանի կողմից վտարման վճիռ ունեցած անձանց վտարումը երկար տարիներ էր տեւում, մինչեւ որ նրանց յայտնաբերէին, ձերբակալէին ու երկրից վտարէին, սակայն նոր հրամանագրի շրջանակներում նախատեսւում է այդ գործընթացն արագացնել եւ վտարումն իրականացնել դատարանի կողմից վճռի վերջնական կայացումից անմիջապէս յետոյ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞ր յանցանքներն են համարւում առաւել ծանր, եւ նշուած առաջնահերթութիւնների դասակարգման ցուցակում առաջինն են:

ԼԱՐԱ ԵՐԷՑԵԱՆ.- Այս հարցին դժուար է հակիրճ պատասխանել: Առաւել ծանր յանցանքներ են համարւում, երբ բռնութիւն է գործադրուել՝ մարդասպանութիւն, բռնաբարութիւն, առեւանգում: Բաւական ծանր հետեւանքներ կարող են ունենալ ընտանեկան բռնութեան, խարդախութեան (fraud), թմրանիւթերի հետ կապուած յանցանքները: Երբեմն մարդիկ լրջօրէն չեն մօտենում որոշ յանցանքների, մտածելով, որ օրինակ՝ մէկ անգամ կնոջ վրայ ձեռք բարձրացնելով, կամ ամուսնուն հրելով, մեծ խնդրի առաջ չեն կարող կանգնել, սակայն դժբախտաբար, տասը տարի անց էլ կարող է նման հարցերից մէկն ի յայտ գալ, եւ տուեալ ներգաղթեալը կանգնի վտարման սպառնալիքի առաջ:
Նշուած եւ մի շարք այլ յանցագործութիւնները, թէ որքանով խիստ կը պատժուեն՝ կախուած է նաեւ այն հանգամանքից, թէ տուեալ ներգաղթեալը քանի անգամ է յանցանք գործել: Երբեմն, երկու փոքր գողութիւնները վաճառատնից, կարող են վտարման առիթ դառնալ: Ներգաղթեալի դէպքում, մեծ նշանակութիւն ունի, թէ տուեալ անձը քանի անգամ է յանցանք գործել եւ դատապարտուել: Այս պատճառով, շատ կարեւոր է, որ նման մեղադրանքի դէպքում ներգաթղեալների եւ քրէական հարցերով փաստաբանները, մինչ դատարանը խորհրդակցեն՝ գտնելու համար լաւագոյն լուծումը:
Այդ պատճառով, քաղաքացիութիւն չունեցող ներգաղթեալը երբ ձերբակալւում է, ոչ միայն պէտք է քրէական փաստաբանի դիմի, բայց նաեւ՝ ներգաղթեալի: Որովհետեւ, եթէ մեղաւոր են ճանաչւում դատարանում, արդէն ուշ է լինում, եւ ներգաղթեալների օրէնքներով խնդիրները կը սկսուեն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նոր հրամանագրից յետոյ շատ դէպքեր եղան, երբ Գաղթականների հարցերով ծառայութեան աշխատակիցներն այցելում էին դատարանով երկրից վտարուելու վճիռ ունեցողների, այս կամ այն յանցանքի համար դատապարտուածների կամ էլ հանրութեան համար վտանգաւոր լինելու մէջ կասկածուող ներգաղթեալների բնակարանները, կամ էլ փողոցում ուղղակի ձերբակալում էին նրանց: Այդ դէպքում ի՞նչ պէտք է անի ներգաղթեալը՝ որպէսզի չխախտի օրէնքը:
ԱՇԽԷՆ ԷՇԼԻ ԳԱՄԲՈՒՐԵԱՆ.- Ընդհանրապէս գաղթականների հարցերով աշխատակիցները խուզարկութեան լիազօրագիր (search warrant) չեն ունենում, որն օրէնքի պահանջն է տուն մտնելու համար: Նրանք ունենում են վարչական լիազօրագիր (administrative warrant)՝ ձերբակալելու համար, եւ ներգաղթեալն իրաւունք ունի դուռը չբացելու, մինչդեռ աշխատակցիները չունեն իրաւունք բռնի կերպով ներս խուժելու: Եթէ նրանք դուռն են թակում, պէտք է նրանցից խուզարկութեան լիազօրագիր պահանջել եւ խնդրել, որ այն փոխանցեն դռան կամ պատուհանի արանքից: Եթէ լեզուն չեն հասկանում՝ կարող են թարգմանիչ պահանջել: Եթէ գաղթականների հարցերով աշխատակիցներն այնուամենայնիւ պնդում են դուռը բացել՝ պէտք է պահանջել դատաւորի կողմից ստորագրուած հրաման: Առանց այդ հրամանի դուռը չպէտք է բացել: Փոխարէնը պէտք է նրանցից հեռախօսի թիւը խնդրել, եւ դրանից անմիջապէս յետոյ դիմել փաստաբանի: Իսկ եթէ գաղթականների հարցերով աշխատակիցները տուն են ներխուժում, այդ դէպքում խորհուրդ է տրւում չդիմադրել եւ լուռ մնալ, նաեւ ընտանիքի անդամներին պատուիրել որ լուռ մնան, ու առանց ընդդիմանալու գնալ նրանց հետ: Պէտք է յիշել, որ չպէտք է որեւէ թուղթ ստորագրել մինչեւ փաստաբանի հետ խորհրդակցելը, իսկ եթէ փաստաթղթեր պահանջեն, ներգաղթեալն իրաւունք ունի չտալու: Փողոցում էլ ձերբակալուելու դէպքում չպէտք է ընդդիմանալ, որովհետեւ դաշնային գործակալներին ընդդիմանալը քրէօրէն պատժելի արարք է:
Գաղթականների հարցով պաշտօնեան նաեւ իրաւունք ունի ձերբակալելու առանց հրամանի, եթէ հաւատում է, որ ներգաղթեալը խախտել է ԱՄՆ օրէնքներն ու հնարաւոր է համարում, որ կասկածեալը կարող է փախուստ տալ նախքան ձերբակալութեան վերաբերեալ հրամանի ստացումը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նախագահի հրամանագրում նշուած երկրների շարքում են Իրանը եւ Սիրիան, որտեղից յատկապէս վերջին շրջանում բազմաթիւ հայեր են ներգաղթել Միացեալ Նահանգներ: Ի՞նչ է սպասւում նրանց, եւ առհասարակ՝ որեւէ այլ երկրից եկած անձանց, եթէ նրանք դիմել են քաղաքական ապաստանի, սակայն իրենց գործը դեռ լսման փուլում է:
ԱՇԽԷՆ ԷՇԼԻ ԳԱՄԲՈՒՐԵԱՆ.- Եթէ ներգաղթեալն արդէն երկրի ներսում է եւ դիմել է ապաստանի, ապա նրան ոչինչ չի սպառնում՝ քանի դեռ ներգաղթային դատաւորը չի լսել նրա գործը եւ վճիռ չի կայացրել: Հնարաւոր է, որ նշուած երկրներից եկածների գործերը աւելի մանրամասնօրէն ստուգուեն, օրինակ՝ ճշդելու համար թէ արդեօք իսկապէ՞ս հալածուել են, կամ հաւաստիանալու համար, թէ նրանք իսկապէ՞ս քրիստոնեաներ են: Իսկ եթէ նրանք յայտնուել են վտարման առաջնահերթութիւն ունեցող քրէական յանցագործութիւնների կատեգորիաների մէջ, ապա հնարաւոր է նաեւ, որ արագացուի այդ անձանց գործերի դատալսումը: Ընդհանրապէս չեն կարող երկրից վտարել որեւէ մէկին՝ առանց նրան դատալսման եւ ինքնապաշտպանութեան հնարաւորութիւն տալու: Միայն ներգաղթային դատաւորն ունի վճիռ կայացնելու իրաւունք:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս հրամանագրերից անհանգստացած են նաեւ Հայաստանից եւ Ռուսաստանից ներգաղթած մեր հայրենակիցները: Եթէ ներգաղթեալը յայտնուել է երկրից վտարման գործընթացում, հնարաւո՞ր է արդեօք ներգաղթային դատարանում վիճարկել նրա վտարման օրինականութեան հարցն ու հասնել դրական արդիւնքի:
ԱՇԽԷՆ ԷՇԼԻ ԳԱՄԲՈՒՐԵԱՆ.- Երբ իմիգրացիոն դատարան են կանչում, ներգաղթեալն իրաւունք ունի դատաւորներին բացատրելու եւ ներկայացնելու իրավիճակը: Օրինակ, կարելի է մտավախութիւն յայտնել, որ ԱՄՆից արտաքսուելու եւ իրենց երկիր վերադառնալու դէպքում իր կեանքին վտանգ կը սպառնայ, եւ այդ հիմքի վրայ խնդրի, որ դատաւորն իրեն ապաստան շնորհի այստեղ՝ Միացեալ Նահանգներում: Կամ, եթէ ներգաղթեալներն ԱՄՆում ապրել են տասը տարուց աւելի եւ ունեն երեխաներ, ամուսին-կին, ծնողներ, ովքեր ԱՄՆ քաղաքացի են կամ ունեն մշտական կեցութեան իրաւունք, ապա կարող են փաստերով ցոյց տալ, որ իրենց վտարման պարագայում նշուած հարազատները կ՛ունենան լուրջ դժուարութիւններ ու դա ծայրայեղ ծանր կը լինի նրանց համար: Կան մի շարք դիմումաձեւեր, որոնք կարելի է ներկայացնել դատարան եւ դատաւորի վճռով ստանալ մշտական կեցութեան իրաւունք:
ԼԱՐԱ ԵՐԷՑԵԱՆ.- 2017 թուականի Յունուարին Կալիֆորնիայում սկսեցին գործել մի շարք նոր օրէնքներ, որ օգնում են դատուածութիւն ունեցողներին վերաբացել եւ վերանայել իրենց գործը, սակայն պէտք է հիմնաւոր պատճառ ունենալ: Յատկապէս գաղթականութեան հարցի դէպքում սա կարող է օգտակար լինել: Օրինակ, շատ են դէպքերը, երբ անհատն իրապէս չի հասկացել, թէ ինչ ազդեցութիւն կարող է ունենալ իր գործի վրայ քրէական պատիժը, դատաւորը յստակ չի բացատրել իրաւունքները, եւ այլ դէպքեր: Գործի վերանայման պատճառ կարող է լինել նաեւ սահմանադրական իրաւունքի խախտումը, կամ նոր փաստի ի յայտ գալը: Վերանայումից յետոյ, հաւանականութիւն կայ, որ յանցագործութեան համար պատիժը մեղմուի:
– Մանրամասն տեղեկութիւններ նոր օրէնքների, եւ Գաղթականների քաղաքականութեան հարցով հնարաւոր զարգացումների մասին, ինչպէս նաեւ՝ փաստաբանների հետ խորհրդակցութեան համար ժամադրութիւն կարող էք ստանալ՝ զանգահարելով ներգաղթեալների հարցերով փաստաբան Աշխէն Էշլի Գամբուրեանին՝ (818) 566-9941 եւ քրէական հարցերով փաստաբան Լարա Երէցեանին (818) 741-1220:
Տեղեկանք.
Աշխէն Էշլի Գամբուրեանը ներգաղթեալների հարցերով որակաւորուած փաստաբան է, եւ գործում է 1999թուականից: Նա մասնագիտացած է ԱՄՆ ներգաղթեալներին առնչուող, մասնաւորապէս՝ ԱՄՆ քաղաքացիութիւն ձեռք բերելու, վտարման, վերաքննիչ դատարանում գործի ներկայացման, արտօնագրի մերժման հարցերում: Գամբուրեանն աւարտել է «Եու.Սի.Էլ.Էյ.»ն եւ «Ուիթիեր» իրաւաբանութեան դպրոցը (UCLA and Whittier Law School): Անդամ է Կալիֆորնիայի իրաւաբանների միութեանը, Միացեալ Նահանգների Վերաքննիչ դատարանի, 9րդ շրջանի, Կալիֆորնիայի Շրջանային դատարանի:
Լարա Երէցեանը 19 տարի է աշխատում է որպէս Քրէական հարցերով փաստաբան: Նա հիմնել եւ գլխաւորում է«Երէցեան Լոու» փաստաբանական գրասենեակը, որ զբաղւում է քրէական տարբեր հարցերով, ներառեալ՝ միջին ծանրութեան, եւ ծանր յանցագործութիւններով, ընտանեկան բռնութեան. խարդախութիւնների, թմրամիջոցների հետ կապ ունեցող դէպքերով եւ այլ (felonies, misdemeanors, DUI, drug charges, fraud, domestic violence, white-collar crimes and violent crimes)։ Լարա Երէցեանը կոչումներ ունի «Սաութուեսթերն Լոու Սքուլ»ից եւ Վաշինգտոնի æորջթաունի Իրաւաբանական կենտրոնից (Juris Doctor law degree from Southwestern Law School, LL.M. (Masters in Law) in international and comparative law from Georgetown Law Center in Washington D.C.): Երէցեանը Հայ Դատի Հոլիվուդի յանձնախմբի համանախագահն է, Լոս Անջելեսի Ոստիկանական յանձնախմբի անդամ է: