«Ախալցխա.նեթ».- Փետրուարի 24ից 26ը Ծաղկաձորում տեղի ունեցաւ ուսանողական ակտիւ հանգիստ: Ծաղկաձոր մեկնեցին 200 ջավախաքցի ուսանողներ՝ հանգստանալու եւ մասնակցելու բազմաթիւ մրցոյթների:
Այս հանգիստը շատ լայն հնարաւորութիւն էր Ջաւախքցի ուսանողների համար եւս մէկ անգամ հաւաքուելու նոյն յարկի տակ, առաւել սերտ շփուելու եւ իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու:
Առաջին օրը հիւրանոցում տեղաւորուելուց յետոյ մասնակիցները մասնակցեցին «Մայրաքաղաք» մրցոյթային խաղին՝ ցուցաբերելով ակտիւ մասնակցութիւն, խաղն ընթացաւ մեծ ոգեւորութեամբ եւ բուռն մրցակցային քննարկումներով: Այնուհետեւ տեղի ունեցան այլ մրցոյթներ եւ ազգային պարերի ուսուցում: Մրցոյթային խաղերում յաղթողները պարգեւատրուեցին գաւաթներով ու մեդալներով:
Ծաղկաձորում մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ Շիրակ Թորոսեանի, Ջաւախք» բարեգործական հիմնադրամի գլխաւոր տնօրէն Արմէն Աւետիսեանի, Ջաւախք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտիւշա Գրիգորեանի, «Ջաւախք» ուսանողական միութեան նախագահ Էդկար Չախոյեանի հետ, որի ժամանակ նրանք պատասխանեցին ուսանողների հարցերին, քննարկեցին նրանց մտահոգող խնդիրները: Հանդիպմանը ներկայ էր նաեւ միջոցառման հովանաւոր «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչը:
Ծրագրի գլխաւոր պատասխանատու Է. Չախոյեանը հանդիպման սկզբում ողջունեց բոլորին եւ ներկայացրեց 200 ջաւախքցիների եռօրեայ ակտիւ հանգստի կազմակերպման օրակարգն ու մասնակցութեան սկզբունքները եւ խօսքը փոխանցեց ՀՀ ԱԺ պատգամաւոր Շ. Թորոսեանին:
Պատգամաւոր Շիրակ Թորոսեանը նշեց. «Այս միջոցառումը աննախադէպ է ջաւախահայ ուսանողութեան պատմութեան մէջ: Մեր նպատակն է աւելի միասնական դարձնել ձեզ: Մենք հէնց միասնականութեամբ է, որ ուժեղ ենք: Մենք ապրում ենք այլ պետութեան տարածքում եւ կարողացել ենք պահել ազգային նկարագիրը առաւել բարձր մակարդակով»: Նա նշեց նաեւ, որ միշտ եւ ցանկացած հարցով պատրաստ է աջակցել ջաւախքցի ուսանողներին: Երիտասարդները բարձրաձայնեցին Ջաւախքի հիմնախնդիրների հարցը եւ փորձեցին միասին լուծումներ գտնել: Հանդիպման վերջում ուսանողներն իրենց խորին շնորհակալութիւնը յայտնեցին կազմակերպիչներին ու ծրագրի հովանաւորողներին:
Մասնակիցների թիրախային նպատակը մէկն էր՝ ձեռք բերել նոր ընկերներ եւ հաճելի ժամանակ անցկացնել մտերմիկ միջավայրում: Մասնակիցներից Անի Մեհրաբեանը մեր հետ զրոյցում նշեց. «Ծաղկաձորի մեր հանգիստը իրականում հէնց այնպիսին էր, ինչպիսին պիտի լինէր: Հանգիստը շատ ակտիւ էր եւ այն վայելեցինք այս 3 օրերի ընթացքում: Երբ 200 ջաւախաքցի երիտասարդներ հաւաքւում են մի վայրում, ուրեմն հաստատ լաւ ժամանակն ու հանգիստը ապահովուած են: Յուսամ, որ շուտով էլի այսպիսի միջոցառումներ կը լինեն, որ կը համախմբեն ջավախահայ երիտասարդներին»:
Եռօրեայ ակտիւ հանգիստը կազմակերպուել է «Ջաւախք» հիմնադրամի գլխաւոր տնօրէն Արմէն Աւետիսեանի, «Ջաւախք» հայրենակցական միութեան նախագահ Շիրակ Թորոսեանի աջակցութեամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանաւորութեամբ: