ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ժամանակը սրընթաց առաջ է վազում: Դժուար է հաւատալ, բայց 1988ի «սեւ Դեկտեմբերից» արդէն 28 տարի է անցել:
Այդ տարի՝ Դեկտեմբերի 7ին, Հայաստանի հիւսիսային շրջանները յայտնուեցին տարերքի ահաւոր հարուածի տակ. տեղի ունեցաւ հրէշաւոր բնական աղէտ, որը պատմութեան մէջ է մտել որպէս Սպիտակի երկրաշարժ: Սակայն այն երկրագնդի երեսից ջնջեց ոչ միայն Սպիտակ քաղաքը, որը յայտնուել էր ստորգետնեայ ցնցումների էպիկենտրոնում: Երկրաշարժը չխնայեց նաեւ Լենինականը (Գիւմրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանաւանը, հարիւրաւոր գիւղեր: Ընդամէնը մի քանի վայրկեանի ընթացքում կոյր տարերքը 25 հազար մարդու կեանք խլեց, հազարաւորներ վիրաւորուեցին, կէս միլիոնից աւելին մնացին անօթեւան: Այդ օրը հայ ժողովրդի պատմութեան մէջ ընդմիշտ մտաւ որպէս ցաւալի, ողբերգական տարեթիւ:
Այո՛, ժամանակն անողոքաբար առաջ է սլանում, սակայն այն ի զօրու չէ հայ ժողովրդի հաւաքական յիշողութիւնից ջնջել ողբերգութեան ցաւը, խլացնել այն: Դրա հաւաստումը Հայաստանում, Արցախում ու Սփիւռքում ամէն տարի անցկացուող համազգային ակցիաներն են՝ ի յիշատակ տարերքի անմեղ զոհերին: Բնականաբար, բացառութիւն չի կազմի եւ ներկայ տարին: Այսօր, Դեկտեմբերի 7ին, մոլորակի մեր բոլոր հայրենակիցները կը խնկարկեն տարերքի զոհերի յիշատակը, կը վառեն յիշատակի մոմեր ու առ Աստուած աղօթքներ կը յղեն իւրաքանչիւր ընդհատուած կեանքի համար: Ձեւաւորուած տխուր աւանդոյթի համաձայն, վաղ առաւօտից առանձին խմբերով կամ միայնակ, Ստեփանակերտի յուշահամալիր կը ձգուեն մայրաքաղաքի բնակիչները՝ յարգանքի տուրք մատուցելու զոհուածների յիշատակին, սգոյ լռութեան մէջ վերստին յիշելու ու մտովի վերապրելու քսանութամեայ վաղեմութեան ողբերգական իրադարձութիւնները, փորձելու իմաստաւորել դրանք ու անհրաժեշտ դասեր քաղել:
… Այն արդէն հեռաւոր օրերին հայ ժողովրդին թւում էր, թէ ժամանակը կանգ է առել, կանգ է առել կեանքն ինքը: Որովհետեւ այնպիսի զգացում էր, որ կատարեալ տիրում էր մահը՝ իր ողբալի առատ հունձքը հաւաքելով: Հայաստանն ընկղմուեց խորը սգի մէջ: «Ամէն ինչ սգում էր, ամէն ինչ խամրեց դժբախտութիւնից, թարմ էին միայն գերեզմանները»,- Աննա Ախմատովայի այս տողերը՝ գրուած թող որ այլ առիթով, բաւականին ճշգրիտ են բնութագրում ե՜ւ այն ժամանակ ստեղծուած կացութիւնը, ե՜ւ մեր ժողովրդի հոգեբանական վիճակը: Չնայած պէտք է խոստովանել, որ խօսքերն ի զօրու չէին փոխանցել մարդկային վիշտը, աղէտի մասշտաբները: Աւերածութիւնների չափերը յիրաւի սարսափազդու էին… սակայն ոչ պակաս սարսափելի էր սեփական ցաւի հետ միայնակ մնալը:
Բարեբախտաբար, Հայսատանը միայնակ չմնաց: Այո, այն դարձաւ մարդկային սոսկալի ողբերգութեան, սակայն եւ գթասրտութեան ու մարդկային կարեկցանքի առանցքակէտ: Ողբերգութեան բօթը խոր ցաւով արձագանգուեց տասնեակ երկրներում ապրող բարի կամքի տէր միլիոնաւոր մարդկանց սրտերում, ովքեր օգնութեան ձեռք մեկնեցին Հայաստանին: Աշխարհով մէկ տարածուեց կարեկցանքի ու մասնակցութեան ալիքը: Ցաւն ընդհանուր դարձաւ բոլորի, ու ոչ միայն հայերի համար: ԽՍՀՄից բացի, բազմաթիւ երկրներում նոյնպէս գործում էին պետական ու հասարակական կենտրոններ, որոնք համակարգում էին տուժածներին օգնութիւն ցուցաբերելու նպատակով ֆինանսական ու այլ օգնութեան հաւաքման գործընթացը: Անմասն չմնաց եւ Արցախը, թէեւ այդ շրջանում նա ինքն էր գտնւում ամենածանր վիճակում, քանի որ տանում էր խորհրդային-ադրբեջանական պետական պատժիչ մեքենայի հզօր ճնշումը, որն ողջ ուժերը նետել էր՝ խեղդելու իր թէժ շրջանում գտնուող Ղարաբաղեան շարժումը: Ադրբեջանի իշխանութիւնները փորձում էին օգտագործել անգամ բնական աղէտը՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու, հայ ժողովրդի կամքը կաթուածահարելու համար: Չյաջողուե՜ց: Եւ դրանում հսկայական դեր ունեցաւ համաժողովրդական միասնականութիւնը, որն իր գործուն լինելը հաստատեց մեր դժուարին պատմութեան բեկումնային, օրհասական օրերին:
Տարերային աղէտի հարուածներից հայ ժողովուրդը չյուսաբեկուեց, չընկճուեց: Այն ճակատագրական օրերին սարսափելի աղէտը դարձեալ համախմբեց նրան, ստիպեց գործի դնել բարոյական ու մարդկային ողջ ներուժը՝ ողբերգութեանը դիմակայելու ու աղէտի հետեւանքները վերացնելու համար: Ի շնորհիւ ողջ հայութեան միասնութեան, միահամուռ կամքի, արիութեան ու տոկունութեան արհաւիրքն ընկրկեց: Եւ այստեղ է կայանում Սպիտակի երկրաշարժի՝ մեզ համար կարեւորագոյն դասերից մէկը. միայն համազգային բռունցքման շնորհիւ է մեզ յաջողւում յաղթահարել ամենալուրջ մարտահրաւէրն ու լուծել ամենաբարդ խնդիրները: Մեր ժողովուրդն իր մէջ ուժ գտաւ տոկալու եւ մոխիրներից յառնելու համար: Յաղթանակեց կեանքը, որն աւելի զօրեղ գտնուեց, քան մահը: Բայց մեր ժողովրդի հոգու վէրքերը՝ անգամ 28 տարի անց, չսպիացան ու հազիւ թէ երբեւէ սպիանան, քանի որ հսկայական, անդառնալի մարդկային կորուստների ցաւն անանց է: Ժամանակը զօրեղ չէ մարդկային յիշողութիւնից: Եւ Դեկտեմբերի 7ին ողջ հայ ժողովուրդը կրկին գլուխ կը խոնարհի մեր հայրենակիցների յիշատակի առաջ, որոնց համար 1988 թուականի այդ օրը դարձաւ վերջինը…
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Արցախի Հանրապետութեան «Ազատ Արցախ» օրաթերթի գլխաւոր խմբագիրն է: