ՇՈՒՇԱՆ ՇԻՐԻՆԵԱՆ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատուածում արդէն տեղադրել են ռելսերը, Ախալքալաքում ընթանում է կայարանի կառուցումը:
Ախալքալաք-Կարս հատուածում արդէն աւարտուել են ռելսերի տեղադրման աշխատանքները: Կարծախ գիւղում աւարտուել է կայարանի կառուցումը, Նինոծմինդայում նոյնպէս պատրաստ է կայարանի շէնքը, կառուցուել է չորս կամուրջ՝ Կարծախ Ախալքալաք հատուածի միջեւ:
Ներկայ պահին Ախալքալաքում ընթանում են գլխաւոր կայարանի, տարբեր առաջնահերթութեան եւ պահեստային օբյեկտների կառուցման աշխատանքները, ինչպէս նաեւ կառուցւում է հարթակ, որտեղ գնացքները կ՛անցնեն եւրոպական ուղուն:
Այս բոլոր աշխատանքները կատարում է ադրբեջանական ՍՊԸ «Դեմիրեօլ ծառայութիւնը», իսկ աւելի կոնկրետ՝ տուեալ երկաթուղային ընկերութեան վրաստանեան մասնաճիւղը:
Ըստ «Դեմիրեօլ ծառայութեան» ընկերութեան աշխատակիցների՝ ամբողջ ձմեռ նրանք կատարել են կայարանի շէնքի կառուցման աշխատանքները: Իսկ այժմ աշխատողները իրականացնում են շէնքի ներկման եւ կոսմետիկական աշխատանքներ:
Տուեալ ընկերութիւնը 2015թ.ի Ապրիլից սկսել է զբաղուել Ախալքալաքի երկաթուղային կայարանի եւ այլ օբյեկտների շինարարութեամբ: Իսկ մինչ այդ, ընկերութիւնը զբաղուել է է Ախալքալաք-Կարծախ տարածքի երկաթուղային ռելսերի տեղադրմամբ:
Ըստ երկաթուղային շինարարութեան ընկերութեան գլխաւոր կառավարչի՝ æաֆար Կարատաշի, մինչ այս տարուայ վերջ նրանք կ՛աւարտեն շինարարութիւնը:
«Բոլոր աշխատանքները մինչ այս տարուայ վերջ կ՛աւարտենք: Ճիշդ է, որոշ խնդիրներ կան, բայց ի հարկէ, ոչ մի գլոբալ խնդիր, մենք աշխատում ենք: Ձմրանը նոյնպէս աշխատել ենք, քանի որ դա հնարաւոր էր: Եւ հիմա շարունակում ենք աշխատել: Մինչ Թուրքիա ճանապարհը պատրաստ է, այժմ սպասում ենք, որ Թուրքիայի կողմից էլ աւարտեն աշխատանքները: Մեր կողմից ոչ մի խնդիր չկայ», ասում է æաֆար Կարատաշը:
Աշխատողներից մէկը, ով չցանկացաւ ներկայանալ, կասկածանքով արտայայտուեց այն փաստի մասին, որ նրանք կը կարողանան ժամանակին աւարտել աշխատանքը՝ մինչ այս տարուայ վերջ: Ըստ նրա, դեռ պէտք է կառուցեն եւս 32 ուղի երկաթուղային ռելսեր, իւրաքանչիւրը՝ 3 կմ., եւրոպական ուղու անցումային գծերի վայրում: Նա նաեւ դժգոհեց, որ չորս ամիս է չեն ստացել աշխատավարձ:
Ըստ աշխատողների, շինարարութեան մէջ աշխատում են մօտ 300 մարդ՝ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ ու թուրքեր: Մենեջերի խօսքով, շինարարութիւնում աշխատում է մօտ 25 տեղացի հայ: Նրանք աշխատում են, որպէս եռակցողներ, բետոն լցնողներ, աշխատում են նաեւ տարբեր տեխնիկայի վրայ:
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու նախագիծը սկսուել է 2007թ.ին եւ ապահովում է Վրաստանի տարածքում Մարաբդա-Ախալքալաք 178 կիլոմետրանոց գծի վերականգնողական-վերակառուցումը, Ախալքալաք կայարանից մինչեւ Կարսի կայարան նոր երկաթուղային գծի շինարարութիւնը, ընդհանուրը 98 կմ. երկարութեամբ: Այս տարածքից Վրաստանի ուղղութեամբ գտնւում է 30 կիլոմետր երկարութեամբ Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի սահման) երկաթուղային մայրուղին, իսկ Թուրքիայի կողմից՝ Կարծախ-Կարս 68 կիլոմետրանոց հատուածը:
Հարկ է նաեւ նշել, որ աշխատանքների աւարտման եւ երկաթուղու շահագործման ժամկէտը մի քանի անգամ յետաձգուել է: Ըստ վերջին տուեալների՝ աշխատանքները պէտք է աւարտուեն մինչեւ տարեվերջ:
ՃԷՅ ՆԻՈՒԶ