Հայաստանում մօտ 8000 հաշմանդամութիւն ունեցող երեխայ է ապրում: Ի՞նչ խնդիրների են բախւում նրանք: Արդեօք նրանց խնդիրները տարբերւո՞ւմ են այլ երկրներում ապրող երեխաների խնդիրներից: Այդ ամէնի մասին լրագրողներին պատմել է «Յոյսի կամուրջ» հասարակական կազմակերպութեան հիմնադիր Սուսաննա Թադեւոսեանը:
Նրա խօսքով, խնդիրների մեծամասնութիւնը ամբողջ աշխարհում միանման է սահմանափակ հնարաւորութիւններ ունեցող երեխաների համար: Տարբերութիւնը այն է, թէ այս կամ այն երկրում ինչպէս են լուծում այդ խնդիրները:
– Հայաստանի ամենամեծ խնդիրներից մէկն այն է, որ հաշմանդամութիւնն այստեղ ընկալում են որպէս հիւանդութիւն: Դրա համար էլ հաշմանդամութիւն ունեցող երեխաներին փորձում են «բուժել», փոխանակ նրանց համար յարմարաւէտ պայմաններ եւ հնարաւորութիւններ ստեղծեն:
– Կրթութեան ոլորտում եւս որոշակի խնդիրներ կան, բայց ներառական կրթութեան ներմուծմամբ Հայաստանը հսկայական քայլ է արել դէպի առաջ: Այլ հարց է, որ հաշմանդամութիւն ունեցող որոշ երեխաներ կրթութիւն չեն ստանում, որովհետեւ նրանց ծնողները չեն զբաղւում իրենցով, չեն փորձում նրանց տեղաւորել դպրոցում կամ էլ ուղղակի թաքցնում են հասարակութիւնից:
– Հայաստանում շրջակայ միջավայրը շարունակում է հաշմանդամութիւն ունեցող մարդկանց համար անհասանելի եւ անյարմար լինել: Հարցը միայն թեքահարթակների բացակայութիւնը չէ: Իրօք յարմարաւէտ միջավայրն այն է, որտեղ ցանկացած խնդիր ունեցող մարդը կարող է հանգիստ տեղաշարժուել, անկախ նրանից, թէ նրա խնդիրները տեղաշարժմա՞ն հետ են կապուած, տեսողութեա՞ն, թէ ուրիշ մի բանի:
– Առայժմ փոխադրամիջոցներն էլ յարմարաւէտ չեն հաշմանդամութիւն ունեցող մարդկանց համար: Մի քանի յատուկ աւտոբուսը, իրաւապաշտպանի խօսքերով, դեռեւս չի նշանակում, թէ յարմարաւէտ փոխադրամիջոցներ կան:
– Սահմանափակ հնարաւորութիւններ ունեցող մարդկանց հանդէպ հասարակութեան վերաբերմունքը վերջին տարիներին նկատելիօրէն փոխուել է, բայց մարդկանց մեծամասնութիւնը դեռ կարծում է, որ հաշմանդամութիւն ունեցող մարդը միայն օգնութեան եւ պաշտպանութեան կարիք ունի, դրա համար էլ շատերը նրան չեն ընկալում որպէս հաւասարի:
NEWS.am Medicine