«ԱՍՊԱՐԷԶ»
Յիշեցման կարգով ըսենք, որ եղծագործութիւնը փտածութիւնն է, կաշառակերութիւնը, դիրքի չարաշահումը եւ մասամբ նորին:
Ահա՛ եղծագործութեան երկու վառ օրինակներ, երկուքն ալ հրապարակուած են «Հետք»ի կայքին մէջ, եւ անոնց ծանր հետեւանքները կրած են ու կը շարունակեն կրել Հայաստանի հազարաւոր քաղաքացիներ.
«Հետք»ի գլխաւոր խմբագիր Էտիկ Բաղդասարեան կը գրէ.
«Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երուանդ Զախարեանը նորից խաբել է հանրութեանը՝ խօսելով «Նաիրիտ» գործարանի փակման պատճառների մասին: Նա ներկայացրել է փակումից առաջ կաուչուկի ինքնարժէքի բարձրացման եւ գների նուազման մասին թուեր, եւ գործարանի փակումը կապել դրանց հետ:
«Նաիրիտ»ը իր աշխատողներին չէր կարողանում աշխատավարձ վճարել, եւ արդիւնքում՝ փակուեց, որովհետեւ գործարանի նախկին տնօրէն Վահան Մելքոնեանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմէն Մովսիսեանի հետ համաձայնութեան գալով՝ կաուչուկը էժան գնով ձեռք էր բերում գործարանից ու կրկնակի, երբեմն նաեւ եռակի գնով վերավաճառում: Վահան Մելքոնեանի՝ օֆշորում հիմնադրած «Ինտերկաուչուկ» (UK) ՍՊԸ-ն տարբեր տարիներին ձեռք է բերել 10 հազար տոննա կաուչուկ: Վահան Մելքոնեանը գործարանից կաուչուկը ձեռք է բերել տոննան 2400 դոլարով, վաճառել՝ 4100-7800 դոլարով: Նա այս գործարքից առնուազն 25 միլիոն դոլար է աշխատել. թէ դրանից հայ եւ ռուս պաշտօնեաներին որքա՞ն է վճարել՝ կարող է ասել միայն ինքը՝ Վահան Մելքոնեանը: Իսկ ինչպէս է վճարել Վահան Մելքոնեանը՝ կանխի՞կ, թէ այդ պաշտօնեաների՝ օֆշորում բացած բանկային հաշիւներին փոխանցումներով:
Այս բոլոր փաստերով քրէական գործ կար, այն կարճուել է եւ գտնւում է ոստիկանութեան Երեւանի քննչական վաչութիւնում: Բայց այն մի օր բացուելու է»:
Յաջորդ օրինակը աւելի բարձր պաշտօնեայի մը մասին է՝ նոյնինքն վարչապետը Հայաստանի.
Բացայայտողը դարձեալ «Հետ-ք»էն է, անոր աշխատակից Գրիշա Բալասանեանը, որ կը գրէ.
«Վարչապետ Յովիկ Աբրահամեանի գլխաւորութեամբ, կառավարութիւնում տեղի է ունեցել կոռուպցիայի (եղծագործութեան-Խմբ.) դէմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Վարչապետը «պատերազմ» է յայտարարել կոռուպցիային, դրա դէմ պայքարի կոչեր է անում։ Խորհրդի անդամներից մէկի հարցին, թէ՝ քրէական օրէնսգրքի նոր նախագծում կոռուպցիայի վերաբերեալ նոր բաժին սահմանուելո՞ւ է թէ ոչ, Յովիկ Աբրահամեանն ասել է, թէ հարցը շատ արդիական է ու կարեւոր, քանի որ կազմակերպութիւնները երբեմն կոռուպցիոն գործարքների մէջ են մտնում:
Նիստի աւարտից յետոյ կառավարութիւնը հաղորդագրութիւն տարածեց, թէ վարչապետ Յովիկ Աբրահամեանն ընդունել է շուէյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Միւլլեր» ընկերութեան նախագահ Վարդան Սրմաքեշին։ «Վարչապետը բարձր է գնահատել պարոն Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսութեան զարգացման գործում եւ նշել, որ նրա կողմից իրականացուող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսութեան զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը», նշուել է հաղորդագրութիւնում:
Առաջին հայեացքից սովորական լուր է՝ վարչապետի հանդիպում գործարարի հետ: Սակայն, բանն այն է, որ վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամեանը, եւ «Ֆրանկ Միւլլեր» ընկերութեան նախագահը բիզնես գործընկերներ են:
«Ֆրանկ Միւլլեր Երեւան Ուոչ Դիսթրիբիւշն» ՓԲԸի (Փակ բաժնետիրական ընկերութեան) 12 տոկոս բաժնեմասը պատկանել է Արգամ Աբրահամեանին, 13 տոկոսը՝ Գագիկ Ծառուկեանին, 25 տոկոսը՝ շուէյցարահայ գործընկերոջը, եւ այլն:
Ահա՛ թէ ինչի հիմքի վրայ է կառուցւում կոռուպցիայի նորաստեղծ խորհուրդը: Հէնց այդպէս էլ պայքարելու են կոռուպցիայի դէմ»:
Կը շնորհաւորեմ Ասպարէզը և Ասպարէզի խնբագրութիւնը այս յօդուածը հրատարակելու համար։ Կը յուսամ որ շարունակեն հրատարակել Հայաստանի և ընդհանրպէս հայ ժողովուրդի դժբախտ իրողութիւնները, որքան որ ալ ցաւալի ըլլան մեր բոլորիս համար։ Միայն հանցագործներն են որ կ՚օգտուին մեր լռութեամբ։