Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների կեանքում՝ կորստի, վշտի ու թուրքի դաժանութիւնների մասին պատմութիւնները յաճախ նման են, սակայն իւրաքանչիւր անհատի ապրած ցաւն ու կսկիծը իւրովի է արտայայտւում ու փոխանցւում: Ամէն մարդու ողբերգութիւն այնքան խորն է, որ ներկայացուելուց մէկ դար անց էլ, դոյզն իսկ չի մեղմւում սահմռկեցուցիչ իրականութեան զգացողութիւնը, ցաւը, որ փոթորկում է հոգին ու միտքը նոյն ուժգնութեամբ: Այն փոխանցւում է սերնդէ սերունդ, եւ ցասումը չի անցնելու, ու վէրքը չի սպիանալու, քանի դեռ հերքւում է մի ողջ ազգի դէմ իրականացուած ոճրագործութիւնը:
Հերիքնազ Կարապետեանի՝ «Մեծ Մամիս Յուշերը» գիրքը Էրզրումում բնակուած Գրիգորեանների մասին է, որոնց պատմութիւնը ներկայացրել է 32 հոգանոց գերդաստանի միակ վերապրածը՝ Փամբուխ Գրիգորեանը, ում յաջողւում է վեցամեայ դստեր հետ միասին փրկուել: «Մանկութեան տարիներիս միշտ լսում էի մեծ մամիս յիշողութիւնները, իսկ յետագայում արդէն տատիկիցս, եւ այնքան խորը տպաւորութիւն են թողել ինձ վրայ, որ 12 տարեկանում որոշեցի մանրամասնօրէն գրի առնել դրանք: Գրքում պատմում եմ, թէ ինչպէս է մի ողջ գերդաստան ոչնչացուել թուրքերի կողմից, թէ գաղթի ինչպիսի դաժան ճանապարհ են անցել մեծ մամս ու տատիկս», պատմում է Գրիգորեանի ծոռնուհին՝ Հերիքնազ Կարապետեանը: Տարիների ընթացքում նա էջ առ էջ հաւաքում ու մշակում է յիշողութիւններն ու Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի նախաշեմին, ամուսնու՝ Կարապետ Կարապետեանի խմբագրումից յետոյ դրանք ներկայացնում է հանրութեանը:
Հերիքնազ Կարապետեանը չափազանց կարեւոր է համարում նման պատմութիւնների հրատարակումը. «Մենք պէտք է պահպանենք եւ յաջորդ սերնդին փոխանցենք մեր յիշողութիւնը: Դրանք նաեւ իւրատեսակ ապացոյցներ են ընդդէմ թուրքական ժխտողականութեան: Ինձ զայրացնում է Թուրքիայի մերժողական քաղաքականութիւնը, եւ ներկայացնելով իմ ընտանիքի պատմութիւնը, եւս մէկ վկայութիւն ոճրի մասին՝ մեր ներդրումն եմ ցանկանում ունենալ Ցեղասպանութեան ճանաչման գործում», նշում է մասնագիտութեամբ իրաւաբան Կարապետեանը:
Հայաստանում լոյս տեսած «Մեծ Մամիս Յուշերը» լուսանկարներով համեմուած գրքի մասին ստորեւ հեղինակի խօսքը:
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
«Մեծ Մամիս Յուշերը» գեղարուեստական գիրքը գրել եմ տատիկիս մօր՝ Փամբուխ Գրիգորեանի (Մեծ մամ) հայոց Մեծ Եղեռնի մասին պատմած տխուր եւ դաժան իրողութիւնների հիման վրայ, որոնք լսել եմ վաղ մանկութեան տարիներից: Նրա դաժան ճակատագրի եւ կրած ահաւոր զրկանքների մասին պատմութիւնն իր ազդեցութիւնն է թողել ինձ վրայ, եւ ստիպել ինձ փոքր տարիքից գրի առնել ու պահպանել մամիս յիշողութիւնները՝ նպատակ ունենալով այդ պատմութիւնը փոխանցել սերունդներին:
Գիրքը գրուել է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի նախաշեմին: Այն իր մէջ իրական վկայութիւններ է պարունակում, ինչպէս՝ Արեւմտեան Հայաստանի Էրզրում քաղաքում թուրքերի կողմից 1915թ. կազմակերպած եւ իրականացրած կոտորածի ու այդ Եղեռնից հրաշքով փրկուած մամիս՝ Փամբուխ Գրիգորեանի ու իր վեցամեայ աղջկայ գաղթի ճանապարհին կրած տառապանքների եւ անասելի դժուարութիւնների, այնպէս էլ թուրքական ջարդերի զոհ դարձած այլ անմեղ հայերի կրած տանջանքների մասին:
Իննսուն տարի ապրեց մամս՝ հայրենի հողի ու ջրի կարօտը սրտում, ոչ մի րոպէ մոռանալով էրգիրը (մամիս հայրենիք Էրզրումը) ու իր բազմանդամ գերդաստանի անդամներին՝ ամուսնու հօրը եւ մօրը, ամուսնու վեց եղբայրներին, նրանց կանանց ու երեխաներին:
Մեծ մամիս ու իր աղջկայ՝ տատիկիս պնդմամբ իրենց յաջողուել է ողջ մնալ միայն Աստուածային հրաշքի շնորհիւ: Այսպէս, երբ սկսւում է արհաւիրքը ու մամենցս տունը յանկարծակի բոլոր կողմերից շրջապատում են թուրք զինուորները ու յարձակւում, տան տղամարդիկ պաշտպանւում են ու միաժամանակ կանանց հրամայում են երեխաների հետ նստել սայլերը ու արագ փախչել: Այդ ընթացքում մամիս կրտսեր՝ 14ամեայ տագրը՝ Համազասպը, թուրք ասկեարի դաշոյնից սրախողխող, երերալով ընկնում է «… եւ ընկած տեղում՝ ներկաների ապշահար հայեացքների առաջ՝ ի տես բոլորի, երկնքից փայլուն սպիտակ աստղի նման լոյս է իջնում տղայի դիակի վրայ ու չորս կողմը ճառագայթում կուրացուցիչ սպիտակ լոյսով…»։ Տեսածից վախեցած թուրքերը մի պահ ընկրկում են, որը եւ հնարաւորութիւն է ստեղծում, որ մամիս ամուսինը՝ Գրիգորը սայլը շտապ հեռացնի սպանդանոց դարձած բակից:
Մինչեւ կեանքի վերջը մամս չկարողացաւ մոռանալ այն վայրագութիւնները, որ տեսել էր Էրզրումի փողոցներում եւ գաղթի ճանապարհին: «… Մամս, ականատես լինելով սահմռկեցուցիչ կոտորածին, աւերածութեանը, հրի տուած հայի տների, հայի լացին ու ողբին, այդ մասին պատմելիս նորից էր վերապրում այդ ամէնը եւ հեկեկալով արտաբերում էր. «Զուլում էր, բալես, զուլում, մեր տունն ու օջախը քանդեցին…»։
Շատ ծանր փորձութիւնների միջով անցնելով, բարուրի երեխային կորցնելուց յետոյ մամս ու իր վեցամեայ աղջիկը սովալլուկ ու ուժասպառ հասնում են Արեւելեան Հայաստան: Յատկանշական է գրքի այն հատուածը, որտեղ պատմւում է այն մասին, որ մամս եւ նրա դուստրը, որոնք այլեւս անկարող էին խուսափել թուրքերի շարունակական հետապնդումներից եւ շուրջկալներից, գերի են ընկել, ու շուրջ հարիւր հայ գաղթականների հետ նրանց փակել են անասնագոմում, որպէսզի կենդանի այրեն: Մամիս յաջողւում է մի պահ դուրս գալ բանտ դարձած շինութիւնից ու պատահական հանդիպել մի հայդուկի, որին կասկածելի է թուացել, որ թուրք զինուորները հերթապահութիւն են անում անասնագոմի մօտ: Մամս նրան պատմում է ողջ եղելութիւնը, որից յետոյ հայդուկները ազատում են դժբախտ հայերի խմբին եւ ուղեկցում մինչեւ Արաքս գետի մատոյցները:
Գրքում պատմւում է նաեւ Արաքսն անցնելու դժուարութիւնների մասին.
«… Տեսնելով ափերից դուրս եկած Արաքսի ուժգին ալիքները՝ մի պահ սարսափից քարանում են ու մտածում, որ անհնար է անցնել գետի երեւացող հատուածից: Արաքս գետը գարնան այդ շրջանում ելել էր իր ափերից ու հոսում էր ծովի նման՝ լայնարձակ տարածութեամբ, կուլ տալով իր հետ տանում էր ամէն պատահած բան…»:
Մամիս եւ տատիկիս պնդմամբ իրենց Անդրանիկ զօրավարն է օգնել եւ անցկացրել Արաքս գետը:
Մեծ մամս իր աղջկայ հետ բնակութիւն է հաստատում Արեւելեան Հայաստանում ու բազմաթիւ դժուարութիւնների եւ փորձութիւնների միջով անցնելով, յարմարւում է նոր բնակատեղիի պայմաններին, յաղթահարում սովը եւ չքաւորութիւնը, հազարաւոր հայ կանանց նման յաղթահարում է նաեւ Հայրենական մեծ պատերազմի պատճառած արհաւիրքները:
Մամս ամուսնացնում է աղջկան՝ թոռներ ունենում, աշխատում ու շէնացնում իր նոր տունը: Երբ իրար հետեւից ծնւում էին նրա ծոռները, մամս գիրկն էր առնում ու գորովանքով երգում իր երգը՝ էրգրի մասին:
«… Իմ յուշերում մամիս կերպարը մնաց, որպէս մի Աստուածային, առեղծուածային արարած, որ կարծես երկիր էր եկել մեզ հովանի լինելու եւ սատար կանգնելու համար…»:
Մամս էրգրի հանդէպ կարօտից տոչորուելով միշտ երազում էր. «Երանի հաւք լինէի ու թռնէի Էրզրում, փարուէի իմ էրգրի լեռներին ու մեռնէի, յաւերծ հանգչէի իմ պապերի մօտ…»։
Ու ես՝ մեծ մամիցս լսած եւ սովորած երգը միշտ երգում էի իմ երեք որդիներին քնեցնելիս, այժմ էլ շարունակում եմ երգել թոռներիս համար՝ «Քելէ՛ լաօ, քելէ՛ էրթանք մըր էրգիր…»։
Այս օրերին, երբ թուրքական պետութիւնն ամէն կերպ ժխտում է Հայոց Ցեղասպանութեան փաստը, ես իմ պարտքը համարեցի մարդկութեան դատին յանձնել Ցեղասպանութեան զոհ դարձած գերդաստանից հրաշքով փրկուած մեծ մամիս վկայութիւններն այնպէս, ինչպէս, որ լսել եմ մամիցս՝ առանց բառ փոխելու: Ըստ իս, ամէն հայ, ով ունի նմանատիպ պատմութիւն, պէտք է խօսի, պատմի, բարձրաձայնի իր տեսածն ու լսածը, քանի որ թուրքերը առիթը բաց չեն թողնում խեղաթիւրելու, կեղծելու ճշմարտութիւնը:
Կարծում եմ հազարաւոր հայ ընտանիքներից մէկի պատմութիւնը պատմելով սերունդներին մի վկայութիւն եւս կը թողնենք մարդկութեան հանդէպ կատարուած այդ ծանր յանցագործութեան մասին:
Յատկապէս կարեւորում եմ գրքի տարածումը ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի ընթերցողների շրջանակում:
Գիրքը թարգմանուել է նաեւ անգլերէն եւ ռուսերէն, ներկայումս դրանց տպագրման ուղղութեամբ տարւում են աշխատանքներ: Այս գրքով մեր ընտանիքը փորձում է իր աւանդը ներդնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան գործընթացին:
————————————————————————————————————————-
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Ե. եւ Վ. Մսըրլեան Ընտանիք
E. & V. Misserlian
Family
San Francisco
—————————————–
Ի Յիշատակ Կիրակոս եւ Մարթա Թիթիզեաններուն
Շահէ եւ Սիլվա Գասպարեաններ Սարօ եւ Կարէն
—————————————–
Ժիրայր Եւ Սրբուհի Սարգիսեան
Սան Ֆրանսիսքօ
—————————————–
Տիգրան եւ Մարի Սարգիսեան
Սան Ֆրանսիսքօ
—————————————–
Modul Marble
& Granite
Osep Tokat
—————————————–
Ի Յիշատակ՝
Վարուժ
Գուչքեանի
Varouj Kabob
Glendale
—————————————
Ռոստոմ
եւ Հուրիկ
Այնթապլեան
Սան Ֆրանսիսքօ
—————————————–
Mr. & Mrs.
Arsen
& Hasmig
Baran
————————————————————————————————————-