Ալֆրէդը իր նախնական կրթութիւնը ստանում է Ռաշտի ազգային տարրական վարժարանում, ուր փոխադրուել էր Զարիֆեանների ընտանիքը: Հետագայ ուսումը շարունակում է Շահփուռ պարսկական միջնակարգ դպրոցում: Ուսման տենչը Ալֆրէդին տանում է Թեհրան, եւ ընտանիքը ստիպուած նոյնպէս փոխադրւում է մայրաքաղաք, իրենց աւագ որդուն սատարելու համար:
Թեհրանի ատամնաբուժական համալսարանում ուսանելու տարիներին Ալֆրէդը անդամակցում է Հայ համալսարանականների միութեան եւ ծաւալում արդիւնաւէտ գործունէութիւն: Կամաւոր աշխատում է հայկական բուժարանում, բուժում իր չքաւոր ազգակիցներին: Համալսարանը յաջողութեամբ աւարտելուց յետոյ երկու տարի ծառայում է պարսկական բանակում՝ որպէս սպայ:
Առողջապահութեան նախարարութիւնը բարձրորակ բժիշկին հրաւիրում է Խոռամշահր՝ կառավարական հիւանդանոցում աշխատելու, եւ այնտեղ էլ Ալֆրէդը բացում է իր սեփական քլինիքը:
Պետական ծառայութեան մէջ աչքի է ընկնում յատկապէս իր մասնագիտական հմտութեան եւ ազնիւ ու նուիրեալ ծառայութեան համար ու բարձր գնահատւում՝ նշանակուելով պետական հիւանդանոցի տնօրէն:
1951 թուականին Ալֆրէդը ամուսնանում է Քրիստինէ Իսախանեանի հետ եւ ապագայում բախտաւորւում չորս զաւակներով՝ Զարեհ, Ալէնուշ, Արմինէ եւ Անահիտ:
Մտահոգուելով իր չորս զաւակների ազգային, հայեցի կրթութեամբ, Զարիֆեանների ընտանիքը փոխադրւում է Թեհրան, որպէսզի զաւակները յաճախեն հայկական միջնակարգ վարժարան: Թեհրանում, Ալֆրէդ Զարիֆեանը հիմնում է իր սեփական քլինիքը եւ ծաւալում բեղուն ազգային հասարակական գործունէութիւն:
Շնորհիւ իր ձեռներէցութեան, 1951ին Ալֆրէդը կարողացաւ հիմը դնել Խոռամշահրի «Րաֆֆի» ազգային հայկական վարժարանի, որի հողատարածքը կարողացաւ ազգայնացնել եւ դնել Իսֆահանի առաջնորդարանի տնօրէնութեան տակ: Որպէս վարժարանի հիմնադիր, դոկտ. Ալֆրէդ Զարիֆեանը յատուկ խնամք էր տածում վարժարանի նկատմամբ եւ գուրգուրում՝ ինչպէս իր զաւակին կը գուրգուրար:
Անսալով իր ներքին համոզումներին, Ալֆրէդը անդամագրւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին եւ մինչեւ իր մահը՝ հաւատարիմ մնում իր պաշտելի կուսակցութեան:
1992ին, զաւակների հետ լինելու մտադրութեամբ, Ալֆրէդ եւ Քրիստինէ Զարիֆեանները հաստատւում են Ամերիկայում: Նոր երկրում նոյնիսկ, առաջացած տարիքով յարգելի բժիշկը, պատուարժան հայը եւ յանձնառու կուսակցականը շարունակում է իր բնականոն կեանքը:
Ալֆրէդ Զարիֆեանը սիրող ամուսին էր, գուրգուրացող հայր եւ յարգուած ընկեր: Իր կնոջ՝ Քրիստինէի, զաւակների՝ Զարեհի եւ Ջուդիի, Ալէնուշի եւ Ռոբերթի, Արմինէի եւ Անահիտի, թոռների՝ Քրիստինի, Անիի, Անուշի, Թինայի եւ Կարինէի, բարեկամների ու ընկերների համար նա կը մնայ որպէս կատարեալ մարդու, պատուական հայի տիպար:
Բարի՜ ճանապարհ դէպի յաւիտենութիւն, սիրելի ամուսին, թանկագին հայր եւ հարազատ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.