ԳԼԵՆԴԵԼ.- Գլենդելում Ապրիլի 7ին տեղի ունեցան ընտրութիւններ մի շարք պաշտօնների համար:
Ուրախութեամբ պէտք է նշել, որ նախնական արդիւնքներով, յաղթել են Գլենդելի Հայ Դատի Յանձնախմբի զօրակցութիւնը ստացած թեկնածուները (հաշուարկուած է մշտապէս տանից քուէարկողների եւ ընտրատեղամասերում քուէարկողների ձայները):
Ըստ այդմ, Գլենդելի քաղխորհրդի երկու տեղերի համար պայքարում թեկնածուներից շահել են Վարդան Կարապետեանը՝ 6507 ձայնով, եւ Փոլա Դիւայնը` 8246 ձայնով, երկուքն էլ Հայ Դատի զօրակցութիւնը ունէին:
Գլենդելի Կրթական Միացեալ Խորհրդի համար ընտրուել են Նայիրի Նահապետեանը՝ 9195 ձայնով, եւ Ջենիֆեր Ֆրիմոնը:
Գլենդելի Հանրային Քոլեջի հոգաբարձուների խորհրդի համար ընտրուել է Վահէ Փիրումեանը՝ 8199 ձայնով, եւ Թօնի Թարթալիան՝ 9059 ձայնով:
Նշենք, որ այս թեկնածուներին եւս ակտիւօրէն սատարում էր Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը:
Միաժամանակ, Գլենդելի քաղաքապետարանի կողմից քուէարկութեան առաջադրուած չորս բանաձեւերից երեքը` «C»,«D»,«E» մերժուել են բնակիչների կողմից, իսկ «O» բանաձեւն ընդունուել է ձայների մեծամասնութեամբ: Նշենք, որ այս բանաձեւը թոյլատրում է քաղխորհրդին աւելացնել հիւրանոցային հարկը, որից քաղաքի եկամուտը միջին հաշուով 800 հազար դոլարի աճ է ունենալու:
Ընտրութիւնների վերջնական արդիւնքները կը հրապարակուեն առաջիկայ օրերին: Ներկայացուած տուեալները, քաղաքապետարանի կողմից Ապրիլի 7ի լոյս 8ի գիշերը ժամը 1ին հրապարակուած արդիւնքներն են: