ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
«Հայրենակցական Առօրեայ» բաժնում ներկայանում են հայրենակցական միութիւնները՝ «Այնթապ», «Արաբկիր», «Հաճըն», «Զէյթուն», «Վասպուրական», «Մուսա լեռ», «Սեբաստիա», «Եդեսիա», «Կարին», «Պէյլան», «Մարաշ»: Ապա հանդէսը շարունակում է ընթանալ բաժիններով.
«Հայրենի Եզերքներ», ուր զետեղուած են հայաշխարհի ճանապարհորդական գրութիւններ, իսկ «Պատմութեան Քառուղիներ»ում կան աւելի պատմական յուշագրական գործեր:
«Պատմութիւն, Եկեղեցի, Ժողովուրդ» ընդգրկուն բաժնում ներկայացուած են պաշտօնական, պետական որոշումներ, հրամանագրեր: Խիստ հետաքրքրական էր մինչեւ 1995թ. դեռեւս կենդանի՝ Ցեղասպանութիւնը վերապրած, Երեւանում եւ վարչական շրջաններում ապրող հայաստանցի քաղաքացիների ցուցակը՝ նրանց տուեալներով՝ անուն-ազգանուն-հայրանուն, ծննդեան թուական եւ վայր, այդ պահին Հայաստանի բնակավայրի հասցէն եւ հեռախօսի համարը: Դա քսան տարի առաջ էր. արդեօք աշխատանք տարուե՞լ է նրանց հետ՝ փաստագրական տեղեկութիւններ գրի առնելու, իսկ հիմա թերեւս ուշացա՞ծ ենք:
«Պատմագիտական-Գրական» բաժինը ներկայացնում է մեր մշակոյթը գիտական մակարդակներում: Այստեղ նաեւ տրուած են Եդեսիա բնօրրանի մի շարք
երգերի նոտագրութիւնը եւ բառերը:
«Մշակոյթ-Արուեստ» մասը սկսւում է 2007 թուին կատարուած հարցազրոյցով: Հեղինակն արդէն վախճանուած է… կարելի է պատկերացնել տպագրուած նիւթերի գրառման եւ տպագրման ժամանակների հեռաւորութիւնը: Այս բաժնում տողանցում են նկարիչներ, ձեռագործ արուեստի մասնագէտներ, բացատրւում է ազգային ժանեակագործութիւնը. կան մեր երաժիշտ կատարողները, երգահանները, Կոմիտասն ու Մանսուրեանը:
Անցնում ենք «Երախտաւորներ» բաժնին: Այստեղ ապրող եւ գործող անուանիների հետ մէկտեղ, հիմնականում կեանքից հեռացած մեր երախտաւորներն են: Կան նիւթեր Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի մասին, ապա տրւում են այնտեղ կատարուած նուիրատուութիւնները:
Հետաքրքիր է յաջորդող բաժնի անուանումը՝ «Հայ Պոլիս. Պոլիս-Գրական Պոլիս»: Վերլուծւում է Կոմիտասը: Ներկայացուած է Կոմիտասի յօրինած թուրքերէն երգ յորդորականը՝ քաղուած թուրք բանաստեղծ Մեհմետ Էմինի (1869-1944) գործերից, օսմաներէն արաբատառ գրութեամբ: Կան Տիգրան Չուխաջեանի՝ Սուլթան Աբդուլ Համիդին նուիրած քայլերգի նոտաները, ինչպէս նաեւ Ա. Մսըրլեանի՝ Սուլթան Մեհմետ Խանին ձօնած «Սուլթանական Մարշ»ի նոտագրութիւնը: Կայ գրութիւն բանաստեղծ Զահրատի մասին, եւ այլ բազմատեսակ յօդուածներ:
«Հայրենակցական Գրադարան» բաժնում ներկայացուած է մատենագիտական ուղեցոյց, որը սկսուել է «Բնօրրան»ի նախորդ թուերից: Ապա շարունակւում են բազմատեսակ գրախօսականներ ու ազգային գործիչների կենսագրականներ:
«Հայրենակցական Արխիւ-Անդրադարձ» մասում տպագրուած են հայրենակցականների դիմումները՝ ՀՍՍՀ իշխանութիւններին, նաեւ փաստագրական կարեւոր նամականի՝ այդ ժամանակաշրջանում տուեալ հատուածի մտածելակերպը բնորոշող:
«Բնօրրան» հանդէսի 512 էջերի վրայ ծաւալուած գրութիւնները եզրափակւում են «Յաւելուած»ով: Այստեղ զետեղուած է Սուլթան Համիտի նախկին քարտուղար Մուսթաֆա Նատիմի «Հայ Եղեռնը» (Իմ Վկայութիւնները) յուշագրութիւնը՝ թարգմանութեամբ Ա. Ս. Շալճեանի (տպագր. «Մասիս» մատենաշարի, Սոֆիա, 1936): Վկայութիւնները բովանդակում են 1890-1918 ժամանակաշրջանը:
Փաստագրական այս հանդէսը աւելի արխիւային բնոյթ է կրում եւ կարող է օգտակար դառնալ ազգային-հասարակական խնդիրներ ուսումնասիրող մեր ազգայիններին եւ հայկական հարցերով հետաքրքրուած մեր հայրենակիցներին։