ՆԱԶԻԿ ԱՐՄԷՆԱԿԵԱՆ
«ԱրմէնիաՆաու»ի ֆոտօթղթակից
ԳԱՅԻԱՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ
«ԱրմէնիաՆաու»ի թղթակից
Կօշիկների տարբեր լեգալներ, կալոդկաներ (կաղապարներ-Խմբ.), պատրաստի կամ կիսապատրաստի մոդելներ, գործիքներ… Պատերից մէկին հայոց Եռագոյնն է, կողքը՝ զօրավար Անդրանիկի նկարը, դիմացի պատից ժպտում է Ազնաւուրը: Սա հէնց այն աշխատասենեակն է, որտեղ երեք սիրիահայ երիտասարդ գործարարների ջանքերով ծնւում են ամենանորաձեւ ու յարմարաւէտ հայկական նոր «ԱՎԱ շուզ»ի մոդելները:
«Միասին կ՛ընտրենք կաշիին տեսակը, գոյնը, մոդելը, իրար «միքս» ընելով՝ նոր բան կ՛ընենք: Բայց մեզի համար խիստ կարեւոր է, որ կօշիկի ամէնէն երեւցող մասին վրայ ԱՎԱ եւ Made in Armenia գիրերն են», ասում է 28ամեայ դիզայներ Անդրանիկ Սաֆարը: «Դեռ Հալէպէն ընկերներով կը ճանչնայինք իրար, հոս ալ որոշեցինք միասին նոր գործ մը ձեռնարկել»:
«ԱՎԱ»ն ընկերների անունների սկզբնատառերն են՝ Անդրանիկ, Վիգէն, Արտօ: Կօշիկի արտադրամասը բացել են հինգ ամիս առաջ: Արդէն հասցրել են գրեթէ 100 զոյգ կօշիկ արտադրել, որոնք այսօր վաճառւում են Երեւանի տարբեր խանութներում:
Երիտասարդներն իրենց ընտանիքների հետ Հայաստան են տեղափոխուել Սիրիայից տարբեր ժամանակ: Սաֆարն ասում է, որ իր ընտանիքը Հալէպից տեղափոխուեց Մոսկուա եւ յետոյ նոր՝ Հայաստան:
«Կը մտածէինք՝ Հայաստանի հայերը հոն կ՛երթան, ու մենք ալ գացինք, բայց դժուար էր, չյարմարեցանք, սովոր չէինք այդ կեանքին, լեզուն մերը չէր, օտար էր շատ, չստացուեցաւ: 2013ին եկանք Հայաստան: Չէի մտածեր, որ հոս կը մնամ, բայց մնացի, ու աս գործը սկսանք: Իմ մեծ հայրս Հալէպ այս նոյն՝ կրունկի գործին էր, ետքը հայրս 1957-58ին կաղապարի ֆաբրիք բացաւ, ատոնց վրայ կօշիկները վրաքաշ կ՛ընեն: Կը վաճառէինք Սիրիա, Իրաք, Իրան, Եգիպտոս: Ֆաբրիքը մօտաւոր 3000 քմ. էր, 35-40 աշխատաւոր ունէինք, սեզոնին 700 զոյգ կալոդկա կ՛արտադրէինք», իրենց նախկին կեանքի մասին է պատմում արմատներով այնթապցի Սաֆարը:
Սիրիական պատերազմը անցնում է նաեւ այս ընտանիքի միջով՝ կորցնում են ֆաբրիկան, մեքենաները, հաստոցները, բոլոր սարքաւորումները: Համեմատելով Սիրիայում եւ Հայաստանում գործարարի համար պայմանների դժուարութիւնները՝ Սաֆարն ասում է. «Մէկը, որ չէ աշխատած, չի գիտնար այդ դժուարութիւնները. մենք եղաւ 5 ամիս է, որ կ՛աշխատինք, արտադրութիւնը սկսած ենք արդէն մէկ ամիս է: Համեմատելով՝ պիտի ըսեմ, որ Սուրիա թագաւորական կեանք կ՛ապրէինք… բայց հոս զերոյէն սկսած ենք, եթէ համեմատենք, մեր մեծ պապերը նոյնպէս գաղթեցին Սուրիա ու զերոյէն սկսան, նորէն նոյն դժուարութիւններէն անցան»:
Նրա գործընկերը՝ Արտօ Էլեջեանը, ով Սիրիայում զբաղուել է տարբեր բիզնեսներով, ասում է, որ Սիրիան սահմանների հետ շատ խնդիրներ չուներ, շրջանառութիւնը մեծ էր, բնակչութիւնը շատ էր, ինչը բերում էր ահռելի շուկայի:
«Հայաստանը սահմաններու խնդիր ունի, մեծածախ առեւտուր ընելը դժուար է: Հոս բոլորը կը խօսին, որ դժուար է, բայց մէկ հարց ալ կայ. իսկ փորձա՞ծ են, առանց փորձելու կ՛ըսեն՝ դժուար է: Ամէն գործ ալ իր դժուարութիւնները ունի, չենք կրնար ըսել, թէ Հայաստանի մէջ գործ ընել չ՛ըլլար, եթէ ուզես, կրնաս: Յոյս ունինք, որ երբ Հայաստանը Մաքսային մտաւ, սահմանները բաց եղան, աւելի լաւ կ՛ըլլայ մեզի համար, մենք կը մտնենք ռուսական շուկայ», ասում է 30ամեայ Էլեջեանը:
«ԱՎԱ»ի փոքրիկ արտադրամասը գտնւում է խորհրդային տարիներին գործող Երեւանի կօշիկի «Մասիս» ֆաբրիկայի նորաձեւութեան տանը: Սիրիահայ երիտասարդները վարձակալել են արտադրամասը հաստոցներով, տեղացիների համար վեց աշխատատեղ բացել: Մինչ արտադրութեանն անցնելը, կօշիկի շուկան աւելի լաւ հասկանալու համար, զբաղուել են արտադրութեանն անհրաժեշտ նիւթերի ներկրմամբ:
«Բայց հասկցանք, որ այդ գործը դժուար է այս քաղաքին համար, քանի որ այդքան արտադրող չկայ, որոշեցինք մենք արտադրութիւն հիմնել: Տեղացի արտադրողները քիչ են, պահանջարկը մեծ է, բայց շուկան լեցուած է չինական, թրքական արտադրութեամբ: Մեր նպատակն է շուկայում ունենալ լաւ որակ ու յարմար գին», ասում է Սաֆարը: «Ամենասուղ կօշիկը 50 հազար դրամ է (125 դոլար), բայց գիները կը սկսին 15 հազարէն (38 դոլար): Ունինք կանացի կօշիկներ, որոնք կ՛արժեն 30 կամ 40 հազար դրամ (75-100 դոլար): Մաքուր կաշիէ են, օրթոպեդիկ»:
Արդէն Նոյեմբերի սկզբից «ԱՎԱ շուզ»ի կօշիկները յայտնուել են երեւանեան խանութներում, բացուել է «ԱՎԱ շու»ի ֆէյսբուքեան էջը, ու արդէն ստացուել են բազմաթիւ առաջարկներ Իտալիայից, Գերմանիայից, Կանադայից:
«Շուկայում կը տարբերուինք մեր ոճով, մեր գոյներով: Դեռեւս ունինք տղամարդու մէկ տեսականի, կանացի 5 տարբեր մոդելներ, նաեւ՝ երեխայի: Կը տարբերուինք նրանով, որ վրան պարտադիր գրուած է՝ «Made in Armenia», ժպտալով ասում է Էլէջեանը:
Երիտասարդները մտադիր են բացելու սեփական խանութը, որտեղ իրենց արտադրանքը աւելի մատչելի գնով կը վաճառուի, այսօր էլ շատ յաճախորդներ գալիս ու արտադրամասից են գնում:
«Դժուար է, բայց պիտի աշխատինք, աս գործը քիչ մը ժամանակ կ՛ուզէ, կարեւորը՝ մեր որակը պահենք ու նորմալ աշխատինք, լաւ կ՛ըլլայ», ասում է Սաֆարը:
Արտադրամասի ձեւարար վարպետ Գուրգէն Ղազարեանը խորհրդային տարիներին աշխատել է կօշիկի «Մասիս» փորձարարական ֆաբրիկայում:
«Սա «Մասիս» ֆիրմայի մոդելային տունն էր, «Մասիսը» 8-9 ֆաբրիկա ունէր, ու բոլոր ֆաբրիկաների մոդելները հաստատւում էին հէնց այս տանը, այստեղ էր որոշւում՝ կ՛արտադրե՞ն այդ մոդելը, թէ ոչ: Հայկական կօշիկը պահում էր ամբողջ Սովետը, ազատութիւն ա պէտք տալ արտադրողներին: Յիշենք, որ 90ականներին այս երկիրը կօշիկի կօօպերատիւներով էինք պահում, ինչքան էլեկտրիկ ու մալեար (տունի ներկարար-Խմբ.) կար՝ կօշիկ էին կարում ու Ռուսաստան տանում:
Հայաստանն ունի այդ պոտենցիալը՝ դառնալ տարածաշրջանում կօշիկ արտադրող երկիր», ասում է Ղազարեանը:
Նա համամիտ է երիտասարդ գործարարների այն մտքին, որ Հայաստանն ինքը պէտք է դառնայ կաշի արտադրող երկիր, մինչդեռ այսօր ամբողջ հումքը հոսում է Թուրքիա: Իսկ յետոյ հայ գործարարները այնտեղից թանկ գնում ու նորից ներմուծում են Հայաստան՝ բարձր մաքսատուրքեր վճարելով:
«Եթէ տեղում հումքի արտադրութիւն ունենանք, ապա կօշիկի ինքնարժէքը կ՛իջնի: Եթէ 60 հազար է (150 դոլար), ապա կը դառնայ 30 հազար (75 դոլար): Հիմա խօսակցութիւններ կան, որ ուզում են վերագործարկել մեր նախկին կաշուի գործարանը, Աստուած տայ լինի։ Իսկ մեր գործատէրերը գործի մէջ մաքուր ու պարտաճանաչ երիտասարդներ են, պետութիւնը պէտք է նրանց արտօնութիւններ տայ, ազատութիւն, որ մարդիկ կարողանան ոտքի կանգնել», ասում է Ղազարեանը: