
ԹԻՖԼԻՍ, «ՀՅԴ Մամլոյ Դիւան».- Պաշտօնական հանդիպումների նպատակով, Նոյեմբերի 10-12ին, հերթական անգամ Վրաստան էր այցելել Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը: Թբիլիսի այցելութեան ժամանակ Հայ Դատի յանձնախմբի նախագահը հանդիպել է Վրաստանի Արտաքին գործոց, Վրաստանի Հաշտութեան եւ քաղաքացիական իրաւահաւասարութեան հարցերով նախարարութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների, ինչպէս նաեւ Վրաստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցութեան նախագահ Գիյա Ժորժորլիանիի հետ:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել այն հարցին, որ գրեթէ ողջ ջաւախահայ բնակչութիւնը չի տիրապետում վրացերէն լեզուին: Նշուել է, որ պետական լեզուի չիմացութեան պատճառով բնակչութեան այս հատուածը պետութեան հետ յարաբերուելու, օրէնքները հասկանալու ու իր իրաւունքները պաշտպանելու դժուարութիւն ունի, եւ փաստօրէն միւսների նկատմամբ յայտնուել է խտրական վիճակի մէջ: Այս կացութեան յաղթահարման նպատակով Գասպար Կարապետեանն առաջարկել է հայոց լեզուն տարածաշրջանում ընդունել որպէս երկրորդ վարչական լեզու՝ այն ժամանակամիջոցի համար, մինչեւ որ շրջանի հայութիւնը կը տիրապետի վրացերէնին:
Արծարծուել է նաեւ Վրաստան-Հայաստան վիզային դրութեան հետ կապուած իրավիճակը, ինչը մեծ դժուարութիւններ է ստեղծել այն ջաւախահայերի համար, ովքեր Ռուսաստան մեկնելու նպատակով ստիպուած են եղել ընդունել Հայաստանի քաղաքացիութիւն եւ այժմ դժուարութիւն ունեն վերադառնալու æաւախք՝ իրենց հարազատ օջախներ:
Վրացական կողմին առաջարկուել է այս հարցի լուծման յստակ մեխանիզմ:
Արուած առաջարկի ուղղութեամբ պատկան մարմինները այնուհետեւ նախաձեռնել են քննարկումներ:
Հարց է բարձրացուել նաեւ այն մասին, որ գիւղատնտեսութեան ոլորտին եւ ընդհանրապէս՝ զարգացման նպատակով, պետական բիւջէից եւ Եւրոպական միութեան կողմից արուող յատկացումներից համամասնօրէն բաժին հանուի նաեւ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններին:
Այնուհետեւ æաւախքում հանդիպումներ են կայացել Ախալքալաքի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամաւորի, Ախալքալաքի Սակրեբուլոյի (տեղական խորհրդի) նախագահի, ինչպէս եւ շրջանային վարչութեան ղեկավարի հետ: Տեղում առաւել մանրամասնօրէն քննարկուել են Թբիլիսիում արծարծուած հարցերը: Որոշուել է համատեղ աշխատել տուեալ հարցերի լուծման ուղղութեամբ:
Վրաստանի կենտրոնական իշխանութեան պաշտօնեաների հետ եւս ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն մօտ ժամանակներում կրկին հանդիպելու եւ բարձրացուած հարցերի լուծման ընթացքին անդրադառնալու վերաբերեալ: