
Լո՜ւռ են զանգերը Սարդարապատի…
Միթէ՞ այնպիսի ձեւով են կախուած,
Որ երբ դրսի՛ց մեզ աղէտը պատի՝
Նո՛ր միայն նրանց մռունչը պայթի
Ու ոտքի հանի մեզ փշաքաղուած…
Իսկ հիմա, երբ ցաւն աճել է ներսի՛ց,
Որ մեր սեփակա՛ն ձեռքով մեզ խեղդի՝
Լո՜ւռ են զանգերը Սարդարապատի:
Երբ մեր արիւնն է խռովել մեզնից,
Ու քաղցկեղ դարձել վէրքն արտագաղթի՝
Լո՜ւռ են զանգերը Սարդարապատի:
Երբ որ դանակն է անցել ոսկորից,
Եղե՜ռն է ոգո՛ւ, յոյսի՛, հաւատի՛,-
Լո՜ւռ են զանգերը Սարդարապատի,
Լո՜ւռ են զանգերը Սարդարապատի…
– Էլ ինչի՞ էք դուք սպասում, զանգե՛ր.
Որ վերջին հա՞յը երկրից հեռանայ,
Թուրքն առանց զէնքի երկրի՞ն տիրանայ,
Որ նո՞ր սկսէք դուք ահազանգել,
Ու ձեր յուսահատ կա՞նչը սարսռայ
Մեզանից պարպուած մեր հողի վրայ…
Ողբ
Արարատեան այս դաշտի ափի մէջ դեռ մնացած
Ո՜վ դու մի բուռ ժողովո՛ւրդ, հոգեպահուստ մեր ցորե՛ն,
Ահա ընկնում ես դո՛ւ էլ այդ թուլացած ձեռքից ցած՝
Օտար մայթին, որ օտար անցորդները տրորեն…
æա՜րդն է հիմա մեծագոյն, անաղմուկ ու աննկատ,
Եօթը միլիոն հայ մահուան իր հերթին է սպասում.
Մեր հայրենի հողից դուրս՝ միայն մահուան անապա՛տ,
Ուր ափ նետուած ձկան պէս պիտի մեռնի՜ մեր լեզուն…
Հանց խաչեալի հառաչին արձագանգող Գողգոթա՝
Պիտի մնայ մեզանից մեր Լեռն իբրեւ յիշատակ,
Ու մեր երգերը շուրթին՝ քամին պիտի մղկտայ,
Որոնք պիտի չհնչեն ուրիշ ո՜չ մի լուսնի տակ…
Պիտի մնան տաճարներն՝ ազնուական թախիծով,
Որդան կարմի՜րը ճչայ մագաղաթից վիրաւոր,
Պիտի մնայ մեզանից մի լեռնաշխարհ՝ ծովէ ծով
Ափսոսանքո՛վ ներծծուած, տառապանքո՛վ բեռնաւոր…
Ես մարդկանցից յուսաբեկ՝ ձե՛զ եմ դիմում, աստուածնե՛ր՝
Քրիստոսի՛ց մինչ Ալլա՛հ, Եհովայի՛ց մինչեւ Ռա՛յ,
Ձեզնից ո՛վ էլ կարենայ վիհի եզրին կանգնեցնել
Մոլորուած մեր հօտը խեղճ, ես՝ նրան ճո՛րտ ու ծառա՛յ…
Թէ ուզում էք՝ կը փոխե՛մ ես դաւանանք ու Աստուած,
Հաւատացեա՛լ կը դառնամ՝ թէ անհաւա՜տ եմ հիմա,
Միայն՝ փրկէ՛ք, շո՜ւնչ տուէք իր ջրից դուրս շպրտուած
Մեր այս վերջին վտառին՝ թպրտացող մերձիմահ…
Ի Խորոց Սրտի
Ես օրէնքի առջեւ՝ անխոցելի,
Սակայն մեղադրեալ՝ խղճիս առջեւ,
Թողութիւն եմ հայցում իմ անցեալի
Այն թուլութեան համար ամօթալի,
Որ քարքարոտ հողիս ես չեմ կառչել,
Նախընտրել եմ փափուկ հողն օտարի։
Թողութիւն եմ հայցում ես քեզնի՛ց, հո՛ղ,
Խաչդ կրողների՛ց փշապսակ,
Բայց ո՛չ ձեզնից, երկրի ողը կրծող
Մակաբոյծնե՛ր հողի՝ ամէն տեսակ:
Թողութիւն եմ հայցում ժողովրդի՛ց արի,
Որ պայթուցիկ բեռն է պատերազմի
Տարել ուսին իր մի,
Միւսին՝ ծանրութի՛ւնը իր տէրերի…
Եւ Արցախի համար կռուողների՛ց՝
Ո՛ղջ կամ անմահացա՛ծ,
Տաճարների հպարտ լռութիւնի՛ց՝
Իրենց զանգակների լա՜ցը զսպած,
Մեր փշրուած աղօթք-խաչքարերի՛ց
Ու որբերի մթին, խոր աչքերի՛ց՝
Նրանց հոգու վրայ վէրքի պէս բաց…
Եւ աղէտի գօտու ու ողջ երկրի լքեալների՛ց,
Որոնց պարտք է նոյնիսկ Աստուած…
Ես ներում եմ խնդրում այն պառաւի՛ց,
Որ փողոցի մի անկիւնում նստած՝
Ծաղկի սերմ է ծախում, որ որբ պահի,
(Ա՜խ, յոյսի՛ սերմ լինէր՝ նրան տայի),-
Ու յետմահո՛ւ անգամ հողին հաւատարիմ
Մեծ մայրիկիս լքուած շիրմաքարին
Ասում եմ ես՝ մեղա՜յ…
(Մեռեալի՛ չափ անգամ, աւա՜ ղ, չեղայ):
Ես ներում եմ խնդրում
Նոյնիսկ այն պոռնիկի՛ց, մուրացկանի՛ց,
Բայց ո՛չ ձեզնից…
Ես ներում եմ խնդրում
Հողի՛ց, ժողովրդի՛ց, պատմութիւնի՛ց…
Ես ներում եմ խնդրում ինքս ինձնի՛ց…
ԳԱՌՆԻԿ ԳԱԼՍՏԵԱՆ