
ԼԵՒՈՆ ՄՈՒԹԱՖԵԱՆ
ԱՄՆում ապրող եւ ստեղծագործող արձակագիր ու թատերագիր Խորէն Արամունին ընթերցողին է ներկայացրել «Ձնհալ» վէպը, որը կարող է վերագրուել Ցեղասպանութեան արտացոլման թեմային, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի անդրադարձումներին: Մի թեմա, որը յատկապէս վերջին շրջանում շատերին է պարտադրել պատմական իրականութեան գեղարուեստական կերպարը որոնել ու հաստատել նոր պատումների եւ դրանց համահունչ ու համարժէք գեղարուեստական-արտայայտչական սկզբունքների եւ դրսեւորումների մէջ: Որքան հեռանում ենք 1915ի ողբերգական իրադարձութիւններից, որքան մեղմւում է ցաւը, այնքան մեծանում է անհրաժեշտութիւնը մղուելու դէպի պատմական իրադարձութիւնների հոգեբանական բացատրութիւններն ու մեկնաբանութիւնները, մարդկային ճակատագրերի մէջ տեսնել ու արժեւորել մարդկութեան պատմութեան մեծագոյն ողբերգութիւններից մէկը:
Բազմաժանր եւ բեղմնաւոր է որպէս գրող Խորէն Արամունին, մի քանի տասնեակ գրքերի հեղինակ, որն ստեղծագործում է էպիկական սեռի գրեթէ բոլոր ժանրերում, իր ուշագրաւ փորձերն անում թատերգութեան մէջ՝ իբրեւ գլխաւոր ուղղութիւն ունենալով աւանդական դրամայի սկզբունքը: Գրական հանրութեան կողմից յատկապէս բուռն ընդունելութեան արժանացաւ գրողի «Խաշաթաղ» վէպը, որն իր կոմպոզիցիայի առանձնաձեւայնութեամբ, շարադրանքի արտասովորութեամբ ուշագրաւ իրողութիւն է արդի վէպի ճանապարհին: Երգիծական վէպն աստիճանաբար բացայայտում է իր ներքին շերտերը, դրամատիկական ուշագրաւ լիցքերը եւ վերածւում թախծոտ ու տխուր երգիծանքի՝ առաջնային դարձնելով ողբերգական ֆարսը (զաւեշտը-Խմբ.):
Միանգամայն նոր գրական-գեղարուեստական իրողութիւն է «Ձնհալ»ը, որի նմանը չի եղել մեր ազգային գրականութեան մէջ: Այս բացառիկութիւնն առաջին հերթին վերաբերում է վէպի կառուցուածքին, այն ուշագրաւ հնարանքին, որն իբրեւ կառուցուածքի ձեւ ու սկզբունք է ընտրել գրողը: Խորէն Արամունին հրաժարուել է վիպական արձակի համար բնորոշ ու պարտադիր նկարագրականութիւնից, հեղինակի «ներկայութիւնից» եւ վէպը կառուցել երկխօսութիւնների վրայ՝ դրանց միջոցով ձեւաւորելով դիպաշարային ընթացքն ու պատումնային ամբողջականութիւնը: Երկխօսութիւնը, իբրեւ հերոսների փոխյարաբերութիւնների եւ ինքնարտայայտման ձեւ ու միջոց, բնորոշ է դրամային, որտեղ գործող անձի կողմից ներկայի մէջ արտասանուող խօսքն ընկալւում է որպէս կառուցուածքային միաւոր: Նկարագրութիւնները, խոհն ու յուշը ներկայացւում են ոչ թէ հեղինակային միջնորդաւորմամբ, այլ հէնց գործող անձի կողմից: Արամունին այս վէպում եւս դիմել է այդ ձեւին, սակայն բացառել դրամայի համար չափազանց կարեւոր ու անհրաժեշտ հեղինակային միջնորդութիւնը՝ ռեմարկը, գործողութիւններն անգամ վերապահելով երկխօսութիւններին: Ուրեմն, բարդ խնդիր է դրել իր առջեւ գրողը եւ հասել այդ խնդրի ուշագրաւ լուծմանը եւ արձանագրել գեղարուեստական մի նոր իրողութեան ծնունդ մեր գրականութեան մէջ: Խորէն Արամունուն յաջողուել է վէպի համար բնորոշ մենախօսական հարթութիւնների կողքին կառուցել երկխօսութիւն-գործողութիւնների ինքնայատուկ հարթութիւններ, որոնք էլ Դոստոեւսկու պոլիֆոնիկ վէպի տեսութիւնը դնում են միանգամայն նոր ելակէտերի շրջանակների մէջ, ձեւը դարձնել որպէս բովանդակութեան մատուցման նպատակային միջոց եւ հնարանք: Արամունին հրաժարուել է 20րդ դարի վիպական գրականութեան համար դիմորոշ դարձած պատրանք-իրականութիւն անցումախաղայնութիւնից, ինչին նաեւ կարող ենք կաֆկայական կոմպոզիցիա բնութագիրը տալ եւ վիպական կոմպոզիցիան ամբողջապէս յենել «դեկորացիաներ»ի փոփոխութեան սկզբունքի վրայ՝ առաւելապէս մղուելով դէպի հերոսների ներաշխարհների բացայայտումները, հոգեբանական խնդիրների արծարծումները:
«Ձնհալը» վէպի գործողութիւնները կատարւում են մեր օրերում՝ Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում եւ ԱՄՆում: Ցեղասպանութիւնը նկարագրող որեւէ դրուագ ու յիշողութիւն չկայ, չկան արիւնալի տեսարանների նկարագրութիւններ, սակայն վէպի «գլխաւոր հերոսը» Ցեղասպանութիւնն է, որովհետեւ նա է ծնել հոգեբանական կոնֆլիկտները, նա է դարձել գործող անձերի միջեւ ձեւաւորուած հակամարտութիւնների շարժառիթն ու պատճառը, խոչընդոտներ ծնողը: Ցեղասպանութիւնից յետոյ փրկուածները, որոնք մնացին Թուրքիայում, իրենց գոյութիւնն ապահովելու համար ստիպուած եղան թրքանալ, դառնալ մուսուլման: Եւ այսօր Թուրքիայում քիչ չեն մահմեդականացած հայերը, որոնցից ոմանք արդէն վերադառնում են իրենց ակունքներին, բացայայտում են իրենց մէջ նստած հային, ջանքեր են գործադրում դարձ ապրելու դէպի քրիստոնէութիւն:
Խորէն Արամունու վէպի առանցքում այս խնդիրն է, դարձի գաղափարն է, որի առանցքում յայտնւում է Սուսան-Սիւզին, թուրք հօրից եւ հայութիւնը պարտակած մօրից սերուած աղջիկը, որն ապրել է հայերի հանդէպ ձեւաւորուած ատելութեամբ՝ հպարտանալով իր թուրքական ծագմամբ, իր մահմեդականութեամբ: Մայրն իր համար միշտ Գէօզալ է եղել եւ թրքուհի, շրջապատում թուրքականութիւնն է եղել իշխողը: Ու յանկարծ Սուսան-Սիւզին հանդիպում է հայ զբօսաշրջիկների եւ հայ վարդապետի, որոնք էլ առիթ են դառնում բացայայտելու մօր մեծագոյն գաղտնիքը, Գեղուհու փոխակերպումը Գէօզալի: Հոգեկան մեծ կորով եւ ուժ էր պէտք Սիւզիին՝ չկոտրուելու, չընկնելու, չհրաժարուելու մօրից, ով աշխարհում իր միակ հարազատն էր: Գերագոյն ճիգեր գործադրելով՝ նա համակերպւում է մօր հայ լինելու իրողութեանը, սակայն մահուան համազօր էր այն գիտակցումը, որ ինքը կիսով չափ հայ էր, որ պատկանում էր մի ժողովրդի, որի հանդէպ միշտ ատելութիւն է եղել: Առաւել ծանր էր գիտակցելը, որ իրեն հանդիպած վարդապետը գրեթէ մօրեղբայրն էր…
Գրողը չբաւարարուելով այս յայտնութեամբ, Սուսան-Սիւզիին տանում է ԱՄՆ, որտեղ նա սիրահարւում է հայ տղայի, ում ընտանիքի համար եւս անընդունելի էր թուրքի ներկայութիւնն իրենց միջավայրում, քանզի ողջ էր Կարէնի մեծ մայրը, ով Ցեղասպանութեան յիշողութիւններով ապրող ծնողների զաւակ էր, ապրելով ԽՍՀՄում՝ յայտնուել էր Ալթայի երկրամասում, ապա եկել Միացեալ Նահանգներ՝ հեռանալու ծանր յիշողութիւններից…
Իրադարձութիւնների եւ դրանց հոգեբանական շերտերի ու ներքնաշերտերի բացայայտումներն են դարձել Խ. Արամունու հետազօտման նիւթը, ուստի գրողի ստեղծած երկխօսութիւններն ու մենախօսութիւնները յուզական մեծ լիցքեր են պարունակում իրենց մէջ, այդ ամէնի շնորհիւ ամբողջացնում կերպարները, որոնցից իւրաքանչիւրն աւարտուն է, գեղարուեստօրէն ամբողջական: Դժուար է գործող անձի «խօսքային դրսեւորումներով» ստեղծել նրա կերպարը, առանձնացնել կերպարային բնութագրիչները: Սակայն Արամունու յաջողութիւնն առաջին հերթին սա է, կերպարային-բնութագրական խօսքային երանգների միջոցով հասնել կերպարի ձեւաւորմանը, նրա բնութագրի առանձնակիութեանը: Վէպում ամենաամբողջականն ու բարդը Սուսան-Սիւզիի կերպարն է, նա ենթարկւում է հոգեբանական փլուզումների, ապրում յուզական պոռթկումներ եւ տարուբերումներ, մե՛րթ տատամսում ու երկնչում, մե՛րթ դառնում յամառ ու վճռական: Սուսան-Գէօզալ, Սուսան-Վարդապետ, Սուսան-Կարէն յարաբերութիւններն են նպաստում կերպարի բոլոր շերտերի իւրովի մատուցմանը, այն հոգեբանական կերպարանափոխութեանը, որը դառնում է կերպարի գերխնդիրը, ամէն ինչ ենթարկում իրեն: Հէնց կերպարանափոխումն էլ ինքնատիպ ընթացք է հաղորդում կերպարի էվոլիւցիային, գրական կերպարը դիտարկում յուզական եւ հոգեբանական բազմազանութիւնների եւ հակադրութիւնների մէջ: Սուսանն ապրում է բոլորի մէջ, սակայն միայնակ է, զատուած բոլորից, որովհետեւ նա դեռ չի կարողանում պարզել իր ինքնութիւնը, գտնել ճակատագրական այն հարցի պատասխանը, թէ ով է ինքը, վերջապէս ո՞ր ազգութեան ներկայացուցիչն է: Ի վերջոյ, տեղի է ունենում այն «ձնհալը», որի յայտնութիւնը որքան անսպասելի, նոյնքան էլ տրամաբանական է: Այս իւրատեսակ «ձնհալն» ապրում են նաեւ Կարէնը, նրա հայրն ու մեծ մայրը, որոնք աստիճանաբար սկսում են հասկանալ Սուսան-Սիւզիին, թափանցել այն մեծ ողբերգութեան մէջ, որը Սուսանինը լինելով՝ շատերինն է: Գործող անձանց Սուսանի հանդէպ դիրքաւորելիս, Խորէն Արամունին առանձնացնում է Կարէնին, նոր սերնդի ներկայացուցչին, որը Սուսանին նայում է ոչ թէ ազգային պատկանելութեան, այլ՝ սիրոյ հայեացքով, կարծես պատրաստ հաշտուելու այն մտքի հետ, որ իր սիրած աղջիկը թրքուհի է: Սա էլ իւրատեսակ հաշտեցում է, որովհետեւ նոր սերունդը չի ցանկանում ընկալել պատմական ողբերգութիւնը, հայ-թուրք հակամարտութիւնը: Սա անցեալի յիշատակների ժխտումը չէ, այլ՝ մի նոր իրավիճակի հաստատում, երբ անցեալի արժեւորումը չջնջելով երբեք՝ պիտի գալ դէպի ժամանակի հայեցակարգերը, բարոյական այն հաշտեցումը, առանց որի աշխարհը կը վերածուի աններդաշնակ խճողուածքի: Ահա այստեղ է գրողի քաղաքական հայեացքը, որը երբեք ճակատային դրսեւորում չի ստանում, այլ իւրովի անդրադարձւում է հերոսների համոզմունքներում՝ առանց գաղափարաբանական շեշտաւորումների:
Որքան էլ իր կառուցուածքով, վիպական կոմպոզիցիայի ինքնատիպութեամբ Խորէն Արամունու «Ձնհալ» վէպը նորութիւն է մեր գրականութեան մէջ, այնուհանդերձ, կերպարաստեղծման ընթացքում գրողը հաւատարիմ է մնացել վիպական-դրամատիկական կերպարների ստեղծման աւանդական միտումներին՝ մղուելով դէպի հոգեբանական արձակը, այդ արձակին բնորոշ կերպարակառուցման աւանդոյթը: Կերպարների «աւանդական կոնստրուկցիան» օգնում-նպաստում է հերոսների հոգեբանական բնութագրերի ամբողջացումներին, իրականութիւն-հոգեվիճակ համադրումներին, որոնք գրողի ուրոյն ձեռքբերումն ու յաջողութիւնն են: Այս առումով պէտք է առանձնացնել Գէօզալ-Գեղուհուն, իր ողջ կեանքում հայութեան ճիչն իր մէջ խեղդած կնոջը, որը միշտ էլ յարմար առիթ է փնտռել իր մենիկ աղջկան ճշմարտութիւնը ներկայացնելու համար: Գրողը հետաքրքիր է ներկայացնում Գէօզալի ապրումներն ու տառապանքը, այն մեծ ցաւը, որի մէջ շուլալուած ապրել է՝ վախենալով բացայայտել իր ինքնութիւնը: Եթէ Կարէնի մեծ մօր համար հայ լինելը հպարտութիւն է, անգամ՝ երջանկութիւն, ապա Գէօզալի համար տառապանք է եղել, ցաւ ու վիշտ, բայց ոչ երբեք խարան, որովհետեւ ապրելով ատելութեան մէջ՝ իր էութեան մէջ չի դաւաճանել իր արեանն ու իր հոգու հայրենիքին, իր լեզուին: Կարէնի, նրա հօր, Հայաստանում եւ ԱՄՆում ապրող հայերի համար անհասկանալի է մահմեդականացած հայ «ֆենոմենը», անհասկանալի են այն ապրումները, որոնք տանջում են Սուսանին, որն այս դէպքում հայութեան մի ողջ հատուածի խորհրդանիշն է դառնում, կերպար-բողոք եւ կերպար-ընդվզում: Սակայն գրողն աստիճանաբար գտնում է հաշտեցման ճանապարհը՝ ներկայացնելով այն մեծ ողբերգութիւնը, որը բաժին էր հասել Գէօզալին եւ միւսներին: Վէպի առաջին մասը պայմանականօրէն կարող ենք «Գէօզալ» կոչել, որովհետեւ այստեղ գրողի խնդիրն է եղել առաջնային դարձնել հէնց Գէօզալ-Գեղուհու ճակատագիրը, նրան դարձնել բոլոր մահմեդականացած հայերի հաւաքականութիւնն ու խորհրդանիշը:
Խորէն Արամունու «Ձնհալ» վէպը թեմայի ուշագրաւութեամբ եւ առանձնակիութեամբ եւս մեր գրականութեան մէջ եզակիներից մէկն է, հետեւաբար այն գեղարուեստական հիմնաւոր արժէք ներկայացնելուց զատ, շօշափում է արդիական եւ բարդագոյն մի խնդիր, որը յետայսու կապակցուելու է Ցեղասպանութեան պատմութեանն ու իրականութեանը:
«Գրական Թերթ»