
Վարեց՝ ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Նա երկար էր լռում, իսկ ահա վերջին տարուայ ընթացքում միանգամից մի քանի տեսահոլովակներ ներկայացրեց: Երկար սպասել չտուեցին նաեւ մենահամերգն ու նոր ձայնասկաւառակը: Պատասխանատու այս հանդիպումից առաջ Անի Քրիստին մեզ հետ անկեղծացաւ…
ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ձեր կարիերայի նոր փուլը «Feelings of Love» է կոչւում: Ի՞նչ փուլ է սա ձեր կեանքում:
ԱՆԻ ՔՐԻՍՏԻ.- Այն աւելի լայն հասկացութիւն է, քան երբեւէ կարող էի պատկերացնել: Այն նման է կոկիկ դասաւորուած պահարանի, եւ գիտակցում ես՝ ինչը որտեղ կարող ես պահել: Սա հոգեբանօրէն բաւականին հաւասարակշռուած եւ ինքնաբաւ փուլ է, որը ես փորձել եմ զետեղել «Feeling of Love» նախագծի շրջանակներում:
ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Վերջին շրջանում միանգամից մի քանի տեսահոլովակ ներկայացրիք: Ինչո՞ւ էր լռութիւնն այսքան երկար տեւում:
ԱՆԻ ՔՐԻՍՏԻ.- Վերջերս նկատեցի, որ դադարս երեք տարի տեւեց: Առաջին ձայնասկաւառակս լոյս տեսաւ 2007թ.ին, երկրորդը՝ 2011ին, երրորդը լոյս կը տեսնի Մայիսի 15ին՝ իմ մենահամերգի օրը: Դրանց բաժանում են երեք տարիներ: Չգիտեմ, բայց յստակ կարող եմ ասել, որ պատահականութիւն են այս զուգահեռները: Հաշուի առնելով, որ իմ սիրած թիւը երեքն է:
ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Մենահամերգին հնչելու են նոր ու հին երգեր: Դրանցից որո՞նք են ձեզ համար անփոխարինելի:
ԱՆԻ ՔՐԻՍՏԻ.- Բոլորն էլ իրենց տեղն ու նշանակութիւնն ունեն: Առանձնացնել չեմ կարող որեւէ մէկը: Տեղ են գտել միայն սիրուած եւ մասսայականութիւն վայելող երգեր:
ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ովքե՞ր են օգնել ձեզ մենահամերգը իրականացնելու հարցում:
ԱՆԻ ՔՐԻՍՏԻ.- Փառք Աստծոյ, շրջապատուած եմ լաւ ու հարազատ մարդկանցով, որոնք ամէն մէկը փորձում է օգնել ինձ: Կեանքն էլ ինձ սովորեցրեց, որ աւելի լաւ է ունենալ հարիւր ընկեր, քան հարիւր դրամ:
ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հայաստանի ձեր գործունէութիւնը բոլորն են յիշում: Արդեօք կրկին կը վերադառնա՞ք հայրենիք աշխատելու:
ԱՆԻ ՔՐԻՍՏԻ.- Հրաւէրներ շատ կան: Դեռ կը վերջացնեմ ինձ համար այսքան կարեւոր գործունէութիւնը, որը ես ձեռնարկել եմ Սփիւռքում, մասնաւորապէս Լոս Անջելեսում, դրանից անմիջապէս յետոյ գործերն աւարտին կը հասնեն Հայաստանում:
ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Վերջերս կեանքից հեռացաւ մայէստրօ Կոնստանտին Օրբելեանը: Նա շատ բարձր էր գնահատում ձեր տաղանդը:
ԱՆԻ ՔՐԻՍՏԻ.- Ինձ համար շատ անկրկնելի ու պայծառ երեւոյթի կորուստ է: Սա ոչ միայն իմ կորուստն է, այլեւ ամբողջ հայ ժողովրդի: Երջանիկ եմ, որ ունեմ երգ, որը մայէստրօն յատուկ ինձ համար է գրել: Այն կոչւում է՝ «Ես կանչում եմ քեզ»: Մենք բոլորս միշտ կանչելու ենք նրան իր երգերով եւ ամէն անգամ իւրովի ենք զգալու նրա ներկայութիւնը:
ՄՀԵՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ի՞նչ անակնկալներ են մեզ սպասւում մենահամերգին:
ԱՆԻ ՔՐԻՍՏԻ.- Պէտք է ասեմ, որ ամէն ինչ արել են, որպէսզի հանդիսատեսը դժուարութեամբ լքի համերգասրահը: Հանդիսավարը լինելու է դերասան Նարեկ Ներսիսեանը, ով իր հումորով եւ պայծառ կերպարով աւելի կը գեղեցկացնի երեկոն: Ես գրեթէ համոզուած եմ, որ Աստծոյ օգնութեամբ ամէն ինչ պէտք է գեղեցիկ լինի: Այս հանդիպմանը «Անի Քրիստի փրոդաքշըն»ը երկար է պատրաստուել: Մեզ յաջողութիւն, իսկ հանդիսատեսին՝ հաճելի ժամանց: