Ուկրաինայի շուրջ ստեղծուած իրավիճակն ու տնտեսութեան դանդաղումը Ռուսաստանում իր արտացոլումն է գտնում Հայաստանում: Փետրուարին բանկային համակարգով կատարուած մասնաւոր փոխանցումների ծաւալը 2013թ. նոյն ամսուայ համեմատ նուազել է 2 տոկոսով՝ կազմելով 147.7 մլն. դոլար: Սա ամբողջովին պայմանաւորուած է ռուսաստանեան տրանսֆերտների (դրամական փոխանցումներու-Խմբ.) կրճատմամբ՝ 2 տոկոսով կամ 2.1 մլն. դոլարով (փոխանցուել է 103 մլն. դոլար):
Մտահոգիչ են ոչ առեւտրային նպատակներով կատարուած մասնաւոր փոխանցումների (մասնաբաժինը ընդհանուր փոխանցումներում՝ 76 տոկոս) ցուցանիշները: Չնայած Յունուար-Փետրուարին ոչ առեւտրային նպատակով տրանսֆերտները 2013թ. նոյն ամիսների համեմատ աւելացել են 10 տոկոսով եւ կազմել է 205 մլն. դոլար, փետրուարեան ծաւալները, այդուհանդերձ, մտածելու տեղիք են տալիս: Այս տարուայ Փետրուարին ոչ առեւտրային նպատակով մասնաւոր փոխանցումները կազմել են 105.5 մլն. դոլար (աճը՝ 2 տոկոս), այն դէպքում, երբ Յունուարին դրանք աւելացել էին մօտ 20 տոկոսով: Թէեւ աննշան աճին, Ռուսաստանից ոչ առեւտրային տրանսֆերտների ծաւալը (մասնաբաժինը փոխանցումներում՝ 79 տոկոս) 2013թ. Փետրուարի համեմատ նուազել է 2 տոկոսով՝ կազմելով 83.3 մլն. դոլար:
Չի բացառւում, որ Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացման հետեւանքով գալիք ամիսներին փոխանցումների ծաւալի կրճատումը շարունակուի: Սա իր հերթին ճնշելու է ազգային արժոյթի փոխարժէքը եւ դանդաղեցնելու տնտեսական աճը, քանի որ մասնաւոր տրասնֆերտների զգալի մասն ուղղուում է սպառողական ծախսերին:
Այսպէս, Փետրուարին ազգային արժոյթը ամերիկեան դոլարի նկատմամբ արժէզրկուել է 3.51 կէտով կամ 0.8 տոկոսով՝ ամսուայ վերջին կազմելով 411.54 դրամ-1 դոլարի դիմաց: Ընդ որում, նման արժէզրկումը տեղի է ունեցել Կենտրոնական բանկի կողմից դոլարային ինտերվենցիաների (միջամտութիւններու-Խմբ.) պայմաններում: Փետրուարին ԿԲն շուկայ է ներարկել 61.5 մլն. դոլար: Տարեսկզբից մինչ այժմ բորսայում դրամի փոխարժէքի կայունացման նպատակով վաճառած միջոցների 52 տոկոսը բաժին է ընկել հէնց Փետրուարին:
Հասկանալի է, որ մասնաւոր փոխանցումների նուազման պայմաններում Կենտրոնական բանկին դժուար է լինելու զսպել դրամի արժէզրկումը, եւ գլխաւոր դրամատունը ստիպուած լինելու է թոյլատրել ազգային արժոյթի բնականոն արժէզրկում: Սա իր հերթին յանգեցնելու է գնաճի, քանի որ սպառողական ապրանքների հիմնական մասը ներկրւում է:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.