
Բազմիցս նշուել եւ հիմնաւորուել է, որ պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունուած մոդելը միջազգային պրակտիկայում աննախադէպ է՝ հաշուի առնելով նաեւ առաջարկուող համակարգի իւրայատուկ ռիսկերը:
Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրութեանը հակասելու վերաբերեալ մասնագիտական լուրջ տեսակէտ են ներկայացրել ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը, մտահոգութիւններ եւ առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիւ իրաւաբաններ եւ տնտեսագէտներ: Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը՝ Հայաստանի կառավարութիւնը ոչ միայն չհամաձայնեց յետաձգել օրէնքի կիրարկումը, այլեւ շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգաւոր հետեւանքները եւ ապատեղակատուութիւն տարածել հանրութեան շրջանում: ԱԺ 36 պատգամաւորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրէնքը Սահմանադրութեանը հակասող ճանաչելու, գործի քննութիւնը բանաւոր ընթացակարգով իրականացնելու եւ մինչեւ դատաքննութեան աւարտը օրէնքի վիճայարոյց դրոյթների գործադրումը կասեցնելու առաջարկով: 2013 թուականի Դեկտեմեբրի 26ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարութեան եւ կենտրոնական բանկի համար, գործի դատաքննութիւնը նշանակել է 2014 թուականի Մարտի 28ին, նախատեսել է գործի դատաքննութեան բանաւոր ընթացակարգ եւ մինչեւ 2014 թուականի Յունուարի 25ը պէտք է անդրադառնայ օրէնքի վիճայարոյց դրոյթների գործադրումը կասեցնելու հարցին: Վերահաստատելով դատարան ներկայացուած հանրութեան պահանջը՝ փաստում ենք, որ 2014 թուականի Յունուարի 1ից պարտադիր կուտակային բաղադրիչը գործադրելու դէպքում՝ 1.- 1974 թուականին եւ դրանից յետոյ ծնուած աշխատող անձանց համար, ում անուանական աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թւում՝ պետական հատուածն ամբողջութեամբ եւ մասնաւորը՝ գերազանցապէս), յանգեցնում է փաստացի տնօրինուող աշխատավարձի եւ կենսամակարդակի նուազմանը, ինչն անթոյլատրելի է, հակասոցիալական եւ հետեւաբար՝ Սահմանադրութեանը չհամապատասխանող, 2.- Բաւարար տեղեկատուութեան, ենթակառուցուածքների բացակայութեան եւ այլ գործօններով պայմանաւորուած՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից բազմահազար քաղաքացիներ գործող ընթացակարգով փաստացի զրկւում են իրենց կողմից կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարաւորութիւնից, ակամայից դառնում են օրինախախտներ, նրանցից օտարւում է սեփական միջոցները տնօրինելու իրաւունքը, ինչը ոչ իրաւաչափ է եւ հակասահմանադրական: Բացի այդ, օրէնքի գործադրմանը զուգընթաց մեծանալու է մէկ աշխատատեղի ինքնարժէքը, աճելու են գների եւ գործազրկութեան մակարդակները, թաքնուած զբաղուածութիւնը եւ սեւ աշխատավարձերը, տուժելու է փխրուն գործարար միջավայրը:
Նշուած բացասական գործօնները խորացնելու է առանց այդ էլ լարուած սոցիալական վիճակը՝ յանգեցնելով կապիտալի, աշխատունակ եւ բանիմաց մասնագէտների յաւելեալ արտահոսքին: Նման գործընթաց սկսելը մինչեւ վերոյիշեալ հարցերի վերաբերեալ սահմանադրական արդարադատութիւն իրականացնող մարմնի՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ իրաւաչափ չէ, յարիր չէ ժողովրդավարական հասարակութեանը եւ հանրութեան ու պետութեան համար կ՛առաջացնի ծանր հետեւանքներ: Սահմանադրական դատարանի կողմից այս հանգամանքներն անտեսելը եւ օրէնքի գործադրումը չկասեցնելը նրան ակամայից կը դարձնի նշուած բացասական հետեւանքների առաջացմանը նպաստող եւ կը խորացնի 2014 թուականի Մարտի 28ին նշանակուած դատաքննութեան անաչառ որոշման նկատմամբ հասարակութեան անվստահութիւնը:
Առ այդ, հաշուի առնելով վերը նշուածը, Կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝
1.- Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր, իսկ մինչ այդ կասեցնել այդ բաղադրիչը 2014 թուականի Յունուարի 1ից գործադրելու վերաբերեալ օրէնսդրական դրոյթները:
2.- Նշանակել եւ հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողութիւնը կասեցնելու վերաբերեալ միջնորդութեան քննարկման օրը եւ ժամը, ապահովել քննարկման թափանցիկութիւնն ու հրապարակայնութիւնը, այդ թւում՝ հնարաւորութիւն տալ շահագրգիռ հանրութեանը՝ ուղիղ եթերով եւ կամ առցանց հետեւել միջնորդութեան քննարկման ընթացքին, լինել անաչառ եւ արդարացի որոշում կայացնել՝ ի շահ հանրութեան լայն զանգուածի:
Սոյն յայտարարութիւնը Սահմանադրական դատարանին փոխանցելու համար լիազօրում ենք Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած պատգամաւորների պաշտօնական ներկայացուցիչներին: