
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ
Սիւնիքի մարզպետ, ՀՀԿ անդամ Վահէ Յակոբեանը Հայաստանի ամենահարուստ մարզպետն է: Եթէ միւս մարզպետների եկամուտները հաշւուում են միլիոններով, ապա Վահէ Յակոբեանի դէպքում դրանք հասնում են միլիարդների: Նա մարզպետի պաշտօնը ստանձնել է 2013թ. Յուլիսի 10ից: Մինչ այդ եղել է ԱԺ պատգամաւոր:
Նշենք, որ Վահէ Յակոբեանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրէն Մաքսիմ Յակոբեանի որդին է:
Ըստ 2012թ. գոյքի ու եկամուտների յայտարարագրի՝ նշուած տարում Վ. Յակոբեանն ունեցել է 1 մլրդ. 875 մլն. 135 դրամի եկամուտ, որից միայն 3 մլն. 124 հազար դրամն է եղել աշխատավարձը, իսկ 1 մլրդ. 586 մլն. 502 հազարը երկու տարբեր ընկերութիւններից ստացած շահաբաժինն է, 59 մլն. 510 հազարը՝ տոկոսներից ստացուած եկամուտը, իսկ մնացածը փոխառութիւն է:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վահէ Յակոբեանը 2012թ. վերջին իր հաշուին ունեցել է 1 մլրդ. 500 մլն. դրամ: Մարզպետը մօտ 3 մլրդ. 146 մլն. դրամի եւ 389 հազար 930 դոլարի յանձնուած կամ վերադարձուած փոխառութիւն ունի:
Համեմատութեան համար նշենք, որ 2009թ. Վահէ Յակոբեանի եկամուտը կազմում էր 1 մլրդ. 664 մլն. 283 հազար դրամ:
Յիշեցնենք, որ Վահէ Յակոբեանը միայն Երեւան քաղաքում ունի 3 բնակարան, Երեւանում եւ մարզերում՝ 6 շէնք-շինութիւն, 6 հողամաս, 6 աւտոմեքենա, որոնցից 3ը 2011թ. արտադրութեան: Վահէ Յակոբեանն ունի «Գազ 3102», «Մերսեդես G500», «Տոյոտա Քեմրի», «Պորշ Panameria», «Պորշ Cayene», «Ֆոլցուագեն Golf» մակնիշի աւտոմեքենաներ: