Վերջերս Վասպուրականի հայրենակցական միութեան Լոս Անջելեսի մասնաճիւղը կազմակերպել էր արձակագիր եւ հայոց պատմութեան հնագոյն հարցերի մասնագէտ Կարէն Մուսայէլեանի նոր լոյս տեսած «Աբգար Թագաւոր» պատմավէպի գինեձօնը, որը տեղի ունեցաւ Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցւոյ Արմենակ Տէր Պետրոսեանի անուան սրահին մէջ, մեծ թուով գրքասէրների մասնակցութեամբ:
Վասպուրականի հայրենակցական միութեան անդամ Հերմինէ Բոստանեանը ներկայացրեց հեղինակի կենսագրութիւնը, հրատարակած աշխատանքները եւ ընդգծեց այն ներդրումը, որ նա ունեցել է նախկինում, Հայաստանի հեռատեսիլում աշխատելու տարիներին՝ հայոց պատմութեան վիճելի եւ գիտնականների կողմից պաշտօնապէս յայտարարուած հայերի եկուորութեան տեսակէտի հերքման, մի շարք մերժելի համարուող խնդիրների վերանայման ու նորովի վերագնահատման ուղղութեամբ:
Գինեձօնի արարողութիւնը բացուեց Յովսէփ քահանայ Յակոբեանի օրհնութեամբ եւ վէպի մասին գնահատանքի խօսքով: Հասարակական գիտութիւնների դոկտոր Յովհաննէս Ահմարանեանը իր խօսքով ներկայացրեց գրքի մի շարք արժանիքներ՝ շարժունակ բովանդակութիւնը ու հետաքրքիր դէպքերի առատութիւնը, ապա անդրադարձաւ վէպի գլխաւոր հերոսների՝ Աբգար արքայի, Սանատրուկի, Սանդուխտի եւ այլոց կերպարների կենսունակութեանը, նկարագրուող մեհենական միջավայրին, սահուն լեզուին, որով գրուած է վէպը, եւ այլ արժանիքների, որոնք նպաստում են այն մէկ շնչով ընթերցելուն: Շեշտուեց նաեւ այն աւանդը, որ Կարէն Մուսայէլեանը ունեցել է այդ գրքով՝ ստեղծելով մի մնայուն պատում հայոց առաջին քրիստոնէական դարձի մասին:
Գրող եւ հրապարակախօս Վռամ Նալբանդեանը անդրադարձաւ նկարագրուող աշխարհագրական միջավայրին ու ճոխ լեզուին՝ նկատելով նաեւ այն մօտեցումը, որ հեղինակը ունեցել է գրաբարի, արեւելահայէրենի եւ արեւմտահայէրենի մերձեցման առումով, եւ «Աբգար Թագաւոր»ը գնահատեց որպէս հայ պատմավիպասանութեան լաւագոյն աւանդոյթների շարունակութիւն՝ եւս մի նոր նուաճում:
Վասպուրականի հայրենակցական միութեան Լոս Անջելեսի մասնաճիւղի ատենապետ, պատմաբան Պետրոս Թովմասեանը յամառօտ խօսեց իր ղեկավարած կազմակերպութեան հրատարակչական աշխատանքների ու դասախօսական ձեռնարկների մասին, որոնցից մէկի ժամանակ էլ յղացաւ Կարէն Մուսայէլեանի այս վէպի տպագրութիւնը հովանաւորելու նախաձեռնութիւնը: Գնահատելով վէպի արժանիքները՝ նա նաեւ նշեց, որ ընթերցողները գոհունակութեամբ են վերաբերւում այս նոր պատմավէպին, որի վկայութիւնը արդէն իսկ շատերից ստացած դրական արձագանգներն են:
Հեղինակը նախ իր երախտիքի խօսքը յայտնեց գիրքը տպագրող Վասպուրականի հայրենակցական միւթեանը, որը նաեւ գինեձօնի կազմակերպիչն էր, նաեւ իր ընթերցողներին՝ ստացած արձագանգների համար, ինչպէս նաեւ ձեռնարկի մասնակիցներին: Նա ներկայացրեց մի քանի դրդապատճառներ, որոնք իր ուշադրութիւնը սեւեռեցին այս նիւթի վրայ: Դրանցից մէկն էլ այն էր, որ այս վէպով նա ձգտել է պատռել այն շղարշը, որով պատուած է Աբգար թագաւորի անձը՝ որպէս իրականում գոյութիւն չունեցած եւ պատմիչների կողմից յօրինուած երեւակայական կերպար, կամ էլ՝ ազգութեամբ ասորի, իսկ լաւագոյն դէպքում՝ հայ, սակայն ընդամէնը Եդեսիայի թագաւոր, որը նամակագրական կապ է ունեցել Քրիստոսի հետ եւ նրանից ստացել մի անձեռակերտ դաստառակ՝ իր դէմքի պատկերով:
Հեղինակը մի քանի լուրջ փաստարկներ բերելով՝ սնանկ համարեց գիտնականների այդ քարոզչութիւնը եւ վերահաստատեց աւանդական այն հիմնաւոր տեսակէտը, ըստ որի՝ Աբգարը եղել է հայ Արշակունի Տիգրան Բ. արքայից արքայի եղբօրորդին եւ թագաւորել է Միացեալ Հայաստանի վրայ:
Վերջում խօսքը տրուեց Ղեւոնդ քահանայ Քիզիրեանին: Նա, իր խօսքին զուգահեռ ներկայացրեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանի մաղթանքներն ու գնահատանքի խօսքը, Կարէն Մուսայէլեանի վերոյիշեալ վէպի առիթով:
Այնուհետեւ տեղի ունեցաւ գրքի գինեձօնի արարողութիւնը:
Նրանք, ովքեր կ՛ուզենան ունենալ այս վէպը, կարող են այն ձեռք բերել Գլենդելի հայկական գրատներից:
(Թղթակցութիւնը՝ Վասպուրականի Հայրենակցական Միութեան Լոս Անճելեսի Մասնաճիւղէն)