
ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
Ամենեւին էլ ոչ Կրեմլի հաստ ու կարմիր պատերին մօտ կանգնած մեր «հաւաստի աղբիւրները», այլ գիւմրեցի մեր ծանօթները (ոչ մի դէպքում չխառնել «մեր աղբիւրներ»ի հետ) եւ ոգեւորուած, եւ հեգնանքով յայտնում են, թէ Հայաստանի երկրորդ քաղաքը այս օրերին հաճելիօրէն կերպարանափոխւում է: Միջին տարիքի գիւմրեցիները, իսկ աւելի երիտասարդների մասին էլ խօսք չկայ, նման «քաղաքային ուբոռկա» (մաքրութիւն-Խմբ.) չեն էլ յիշում, թէ ե՞րբ է վերջին անգամ եղել: Պատճառն այս ամէնի վաղուց յայտնի է. Դեկտեմբերի սկզբներին Հայաստան է ժամանում Վլադիմիր Պուտինը, գիւմրեցիների ասած՝ «Աւելին, քան Ռուսաստանի նախագահը»:
Ուշագրաւ է, որ Գիւմրին կերպարանափոխւում է այն պայմաններում, որ ոչ ՀՀ, ոչ ՌԴ նախագահների պաշտօնական կայքերը որեւէ տեղեկութիւն չեն տալիս Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք մօտակայ այցի վերաբերեալ. գիւմրեցիներն այս կապակցութեամբ էլ ասելիք ունեն. «Հիմա մարդը երբ կը գայ՝ կը գայ, կարեւորը՝ քաղաքը կարգի բերէք: Թէկուզ երկու տարուց գայ, հազիւ էլ հասցնենք…»:
Այսինքն յայտնի չէ, թէ կոնկրետ որ օրը Հայաստան ժամանող Պուտինը, մայրաքաղաք Երեւանից բացի, կը լինի նաեւ Գիւմրիում: Ի հարկէ, ակնյայտ է, որ ՌԴ նախագահը Գիւմրիում չէր լինի, եթէ Հայաստանում տեղակայուած ռուսական ռազմաբազան լինէր ոչ թէ ՀՀ երկրորդ քաղաքում, այլ, ասենք, Վարդենիսում: Հետեւաբար, Պուտինը այցելում է ոչ այնքան Գիւմրի, որքան իր երկրի ռազմաբազա: Խնդիրն այստեղ հետեւեալն է, որտե՞ղ սկզբում կը լինի Պուտինը, նա սկզբում կը ժամանի Գիւմրի՞, թէ՞ Գիւմրի կը մեկնի արդէն Երեւանից: Սա, ըստ Պուտինին «խիստ սիրող» մեր մամուլի ու փորձագէտների, բաւականին յատկանշական է, քանի որ, ըստ նրանց, եթէ Պուտինը սկզբում լինի Գիւմրիում, այլ ոչ թէ ՀՀ մայրաքաղաքում, ուրեմն նա Հայաստան իր կատարած պաշտօնական այցը ընկալում է որպէս զուտ աշխատանքային այցելութիւն սեփական ռազմաբազա, ոչ աւելին: Իսկ եթէ Պուտինը սկզբում լինի մայրաքաղաքում, նոր միայն մեկնի Գիւմրի, ուրեմն նա հասկանում է, որ պաշտօնական այցով եկել է անկախ պետութիւն, որն ունի իր մայրաքաղաքը, որտեղից էլ ինքը հանգիստ կարող է մեկնել մէկ այլ քաղաք, որտեղ տեղակայուած է իր երկրի ռազմաբազան: Իհարկէ, այս վարկածը, քանի Պուտինն իր այցելութեամբ ու Հայաստանում արած յայտարարութիւններով չի հերքել, իրաւունք ունի լինելու:
Բայց միւս կողմից, եթէ Պուտինը սկզբում ժամանի Գիւմրի, ապա գուցէ նա դրանով իսկ ցանկանում է յատուկ շեշտե՞լ, որ ինքն ու իր երկիրն են ի դէմս Գիւմրիում ռուսական ռազմաբազայի, Հայաստանի անվտանգութեան միակ երաշխաւորը, եւ հէնց ՀՀ անվտանգութիւնն ամրապնդելու հետ կապուած հարցերի հիման վրայ էլ ընթանան Սարգսեան-Պուտին բանակցութիւնները: Ընդունենք, որ այստեղ եւս ճշմարտութիւն կարելի է տեսնել: Եւ վերջապէս, անկախ ամէն ինչից, միջազգային արարողակարգի պրակտիկայում բաւականին նորմալ ու ընդունուած բան է, որ որեւէ երկրի նախագահ, ժամանելով որեւէ այլ երկիր, սկզբում չի այցելում տուեալ երկրի մայրաքաղաք, աւելին, մայրաքաղաքում երբեք էլ չի լինում: Օրինակ՝ ԱՄՆ մեկնած մի շարք երկրների առաջին դէմքերի ամերիկեան նախագահները ոչ բոլոր դէպքերում են Վաշինգտոնում ընդունում: Բարաք Օբամա-Սերժ Սարգսեան հանդիպումը կայացաւ ամենեւին էլ ոչ Վաշինգտոնում: Ինքը՝ Պուտինը, բազմաթիւ երկրների ղեկավարների ընդունում է ամենեւին էլ ոչ Մոսկուայում, վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր Ռուսաստանում, եւ Պուտինը նրան ընդունեց Սանկտ Պետերբուրգում, որն, ի դէպ, «ռուսական Գիւմրին» է:
Այնպէս որ, նախ սպասենք պաշտօնական տեղեկութեանը, թէ Պուտինը գալի՞ս է արդեօք Հայաստան, եւ եթէ գալիս է, ապա ե՞րբ, ապա նոր աւելի մանրամասն քննարկենք, թէ սկզբում որտե՞ղ կը լինի նա եւ ինչո՞ւ: Հիմա Պուտինի՝ առաջինը Գիւմրի այցելելու իմաստն ու նպատակը ամենեւին էլ միանշանակ չեն. դա կարող է բազմաթիւ բաներ նշանակել, ընդ որում՝ իրարամերժ բաներ: Օրինակ՝ գիւմրեցի մեր ծանօթներից մէկը, երբ ասացինք, որ գուցէ Պուտինը սկզբում լինի Գիւմրիում, ասաց. «Ինչի որտե՞ղ պիտի առաջինը լինէր, որ…»: