ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- ԼՂՀ հիւսիս-արեւելեան հատուածի վերջին գիւղը Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղն է, որը ոչ միայն Արցախի ամենահին գիւղերից է, այլ տարբերւում է շատ համայնքներից նրանով, որ այնտեղ, նոյնիսկ սովետական շրջանում շատ սահմանափակ թուով թուրքեր են ապրել (հիմնականում հովիւներ):
Ժամանակին Շահումեան գնացող հիմնական ճանապարհը անցել է հէնց Թալիշի միջով: Այսօր մօտ 150 տուն ունեցող գիւղը «սահմանապահ»ի կարգավիճակ ունի, քանզի շփման գծին մօտ գտնուող ամենամօտ բնակավայրերից է, ինչը սակայն տեղի բնակիչներին ոչնչով յետ չի պահում զբաղուելու իրենց բնականոն գործունէութեամբ:
Չնայած այն հանգամանքին, որ գիւղի հողերի մի մասը գտնւում է ղարաբաղ-ադրբեջանական զօրքերի շփման գծի չէզոք գօտում, միւս մասը՝ բաւականին մօտ սահմանագծին, թալիշցիները բաւականին ակտիւ զբաղւում են հողագործութեամբ. գերակշռում են ցորենի ցանքատարածութիւնները: Որոշակի խնդիրներ ունենալով մսի իրացման հարցում, այդուհանդերձ Թալիշում զարգանում է նաեւ անասնապահութիւնը:
Սրանից զատ, Թալիշի ու մերձակայ Մատաղիս գիւղի բնակիչների մի մասը մշտական աշխատանք է գտնում մօտակայ զօրամասում՝ սպայի, պայմանագրայինի կարգավիճակով, ինչը հաստատուն եկամուտ է այդ գիւղերի բնակիչների համար:
Յատկապէս վերջին 4-5 տարիներին նկատելի է եւ մասնաւոր եւ պետական հատուածից իրականացուող ներդրումներ Թալիշ եւ Մատաղիս բնակավայրերում, մասնաւորապէս, Մատաղիսում նոյնանուն ջրամբարի վրայ նոր ՀԵԿ կառուցուեց, ինչը ոչ միայն ելեկտրաէներեգիա է արտադրում, այլ լրացուցիչ աշխատանքով ապահովում տեղի բնակիչներին:
Այս համայնքներում մի շարք բնակարանաշինական ծրագրեր իրականացուեցին, որի շնորհիւ մի շարք գիւղացիներ, ովքեր մարտական գործողութիւնների ժամանակ կորցրել էին իրենց տները, հնարաւորութիւն ստացան տեղափոխուելու նոր տներ: Ի դէպ, եւ Թալիշը, եւ Մատաղիսը ունեն մանկապարտէզներ ու դպրոցներ, ընդ որում՝ Մատաղիսի դպրոցն ու մանկապարտէզը վերջին տարիներին են կառուցուել:
Այս համայնքներում իրականացուող ներդրումները համեմատաբար շատ են, քանզի պատերազմի ժամանակ այն մի քանի անգամ յայտնուել է ադրբեջանցիների ձեռքում ու աւերուել:
Թալիշ գիւղի խանութներից մէկի սեփականատէրը՝ տիկին Սուսաննան նշեց, որ վերջին տարիներին շատ բան փոխուել է, մասնաւորապէս, նշեց, որ գիւղի համար շատ սպասուած էր ինտերնետի ապահովումը, ինչը հնարաւորութիւն է տալիս նաեւ այդ ձեւով կապնուել արտաքին աշխարհի հետ: Առաջընթաց կայ նաեւ ջրի հարցում, ճիշդ է՝ գրաֆիկով, սակայն բնակիչները ապահովուած են նաեւ խմելու ջրով:
Իսկ պահեստի սպայ Արամ Օհանեանը, ով Թալիշի հնաբնակներից է ու նոյնանուն համայնքում գտնուող գումարտակի նախկին սպաներից, նշեց, որ գիւղը որոշակի առումով իր աշխուժութիւնը պահպանում է, նշելով, որ իրենք գիւղի զարգացումն աւելի շատ կապում են ճանապարհների հիմնանորոգման հետ: Այս փաստը կարեւոր է յատկապէս այն տեսանկիւնից, որ շրջկենտրոն Մարտակերտից դէպի Թալիշ ու Մատաղիս բնակավայրեր տանող ճանապարհը գռունտային է, Մարտակերտից Մատաղիս մօտ 25 կմ. է, դրանից 8 կմ. հեռու՝ արդէն Թալիշն է:
Այս համայնքների բնակիչները մեծ յոյսեր են կապում Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհի հետ, որը մեծ աշխուժութիւն կ՛առաջացնի Մարտակերտի շրջանում: Միաժամանակ բնակիչները պատմեցին, որ իշխանութիւնը խոստացել է վերանորոգել Մարտակերտ-Մատաղիս ճանապարհը, իսկ այնտեղից դէպի Թալիշ ճանապարհի հիմնանորոգումը խոստացել են իրենց վրայ վերցնել այն թալիշցիները, ովքեր այս պահին արտերկրում են ու պարբերաբար մասնակցում են գիւղում իրականացուող տարբեր նախագծերին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.