ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Ընդունուած իրողութիւն է:
Կարդում ենք՝ քննադատում ենք: Գրում ենք՝ քննադատւում ենք: Մինչդեռ գրելու ժամանակ «վիճել էինք» իւրաքանչիւր բառի հետ, ողողել այն հնարաւոր բոլոր հարցումներով, պատասխանել բոլորին, եւ հանգստացած, որ կարող ենք դիմակայել հակահարուածներին, հանգիստ սրտով մէկ կողմ էինք դրել «գրի»չը:
Սակայն մարդկային ուղեղի առաձգականութիւնը սահմաններ չունի, միեւնոյն ժամանակ, այն սիրում է իր ընտելացած, գծուած օրէնքները եւ ցանկանում է իր ուզած ճանապարհով հարթել ուղիները:
Հայ մամուլի պատմութեան մէջ Մատրասի «Ազդարար»ին է պատկանում առաջին բանավէճի հրապարակային տպագրութիւնը: Այս մասին կարդում ենք Հալէպի «Գանձասար» թերթի Հոկտեմբեր Դ. 2013 համարում՝ գրական-մշակութային յաւելուածի «Առաջին բանավէճը հայ մամուլի մէջ» խորագրով յօդուածում:
Ըստ գրութեան՝ «Այս բանավէճը, անկախ ժամանակագրական կարգով առաջինը լինելուց, մեծ շահագրգռութիւն է ներկայացնում հայ աշխարհայեացքների զարգացման պատմութեան տեսակէտից (1795թ.)… Ծածկանուններով հանդէս եկող հեղինակները հակադրում էին երկու տեսակէտներ. ««Հայ որդի հայ»ն պահանջում էր հրաժարումն երկնային օրիենտացիայից (արեւելումից-Խմբ.) եւ միութեամբ եւ արիութեամբ պայքարել ազատութեան համար: Իսկ «Ազգակից»ը քարոզում էր կուտակուած հայկական կապիտալի (դրամագլուխի-Խմբ.) խնայողութիւն ու ազգօգուտ գործադրութիւն, այլեւ ազգի բարոյական վերակրթութիւն՝ «ուսումնատների» միջոցով»:
Ստացւում էր մի կողմում՝ զինուած պայքար ազատութեան համար, իսկ միւս կողմում՝ գիտակից աշխատանքով անզէն վերափոխութիւն:
Եթէ չորս դարեր առաջ մամուլում ունեցել ենք ազգային հարցերի լուծման հակոտնեայ առաջարկներ, ուրեմն 21րդ դարում է՛լ աւելի քաջալերելի է նման մօտեցումների հրապարակային արծարծումը: