ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ

Մէկը բոլոր բնական թուերից առաջինն է, ցոյց է տալիս մէկ քանակութիւնը: Արդեօ՞ք անյիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացաւ, թէ ինչ է մէկը, ասաց՝ մէկ, թէ՞ ուրիշ մի բառ ասաց, որը յետագայում դարձաւ մէկ: Պարզւում է՝ ամենաառաջին թուականը մէկը չէր, այլ մի-ն:
Մի նշանակել է եւ նշանակում է մէկ: Բայց լայն զարգացում է ստացել եւ այսօր նշանակում է՝ համանման, միատեսակ, միաբանուած, այնպիսի: Անորոշ դերանուն է, յօդ, գործածւում է նաեւ բայի ժխտական ձեւերի հետ՝ ոչ մի (չշփոթել մի՛ արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձեւերը՝ մի՛ գնա, մի՛ մնա եւ այլն):
Ներկայանում է տարբեր ձեւերով. մի, որից՝ միաբան, միամիտ, միագոյն եւ այլն: Հետաքրքիր է, որ միանալ սկզբնապէս նշանակել է՝ սրտում տպաւորուել, յետագայում արդէն՝ մէկ դառնալ, իրար հետ ձուլուել, փոխաբերական առումով՝ համաձայնել, ամուսնական կապի մէջ մտնել: Այսինքն՝ այսօրուայ իմաստով միանալու համար անհրաժեշտ է միանալ նախնական իմաստով՝ սրտում տպաւորուել: Ինչքա՛ն իմաստուն են մեր բառերը:
Յաջորդ ձեւն է մէ, որը այն բարդութիւնների սկզբում է, որոնք բաղաձայնով են սկսւում: Առաջացել է հին միա ձեւից: Գիտենք, որ ի ձայնաւորը, միանալով ա-ի հետ, տալիս է ե (այգի + ա + կութ = այգեկութ, գարի + ա + հաց = գարեհաց): Այսպէս է կազմուած, օրինակ, մեր մեկուսի բառը: Սկզբնապէս եղել է մի + ա + կուսի՝ մի եւ կոյս (կողմ) բառերից, այսինքն՝ մի կողմ քաշուած, առանձնացած:
Բոլորիս յայտնի է մեկնաբանել՝ պարզաբանել, բացատրել, ծանուցանել բառը: Արդեօք նա կապ ունի՞ մի (մէկ) բառի հետ: Պարզւում է՝ այո՛: Ունեցել ենք մէկին բառը՝ մէկ, միակ, պարզ, յայտնի նշանակութիւններով, որից էլ մեկնել՝ բաժանել, ջոկել, պարզաբանել, բացատրել, այսինքն՝ մէկ-մէկ դնել, զատ-զատ դնել, ջոկ-ջոկ դնել: Մեկնել-ը ունի նաեւ տարածել, սփռել իմաստները, որից էլ, ամենայն հաւանականութեամբ, այսօրուայ իմաստը՝ մի տեղից դուրս գալ, դիմել դէպի մի տեղ, գնալ, անցնել: Մէկը ամենափոքր միաւորն էր, ամենապարզը, ամենահասկանալին. եթէ մէկ-մէկ բաժանւում էին առարկաները, ամէն ինչ պարզ էր դառնում, յայտնի էր դառնում: Այստեղից էլ, փոխաբերական իմաստով, այսօրուայ մեկնաբանել, մեկնել բառը: Ի տարբերութիւն երկու-ի, որը կասկածանքի մէջ էր գցում մարդուն. երկուանք՝ կասկածանք: Մէկ-ի դէպքում ամէն ինչ պարզ է, երկուս-ի դէպքում արդէն պիտի ընտրես, իսկ որտեղ ընտրութիւն՝ այնտեղ կասկածանք: Միւս ձեւն է միակ՝ կազմուած մի բառից ակ մասնիկով: Հէնց այս միակ բառից է, որ սղմամբ ստացուել է մեր այսօրուայ մէկ բառը: Ո՞ւմ մտքով կ՛անցնէր, որ մէկ բառը ածանցաւոր է:
Մի բառի ձեւերից է նաեւ մեն-ը, որը գործածւում է բառերի սկզբում (մենամարտ, մենաստան, մենութիւն եւ այլն): Սա առաջացել է միայն ձեւից՝ միայն մէյն մեն մէն, այսինքն՝ մենամարտ բառի սկզբնաձեւն է միայնամարտ:
Շատ զարմանալի կազմութիւն ունի միւս բառը (այսօրուայ ուղղագրութեամբ՝ բաւականին աղաւաղուած), որը դասական ուղղագրութեամբ պահպանել է իր ճշգրիտ ձեւը՝ միւս: Սա մի եւ եւս բառերի միաւորումն է, այսինքն՝ եւս մի: Ժամանակի ընթացքում եւ-ը դարձել է ու՝ միուս, այնուհետեւ՝ միւս:
Բարբառներում ունենք մեշու, մեշոլ բառերը՝ մի քիչ նշանակութեամբ: Զարմանալի է, որ սրանք մէկ փշուր բառակապակցութիւնից են առաջացել՝ մեփշումեշու: Այդպիսի համառօտումներ հիմա էլ կան, յիշենք որովհետեւ բառը. մարդկանց մեծ մասն արտասանում է որտեւ կրճատելով չորս տառ, հետաքրքիր բառն արտասանում են հետարքիր՝ մէկ տառ կրճատում են:
Մի խօսքով, մեն մի հատիկ բառ եւ այսքան գաղտնիքներ: