ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այս շաբաթասկզբին Մոսկուայի մերձակայքում կատարուած զարհուրելի արկածի արդիւնքում 18 մարդ զոհուեց: Բեռնատարը, որ վարում էր Հայաստանի քաղաքացին, մխրճուեց հանրակառքի մէջ ու երկուսի բաժանեց այն: Վարորդը հրաշքով ողջ մնաց: Ցաւալի այս պատմութիւնը այսքան մեծ արձագանք չէր ստանայ, եթէ դրան չնպաստէին ռուսական եւ հայկական մամուլը: Առաջինը բազմիցս ցոյց էր տալիս վարորդին՝ կանացի խալաթով դատարան ուղեկցելու պահը: Իսկ Հայաստանում այս պատկերները զգալի հակառուսական տրամադրութիւններ հրահրեցին: Յանցագործութեան մէջ մեղադրուող կասկածեալին կանացի խալաթ տրամադրելը շատերի կողմից մեկնաբանուեց որպէս ապտակ Հայաստանին եւ հայերի ինքնասիրութեանը:
Թնջուկն աւելի խճճուեց, երբ պարզ դարձաւ, որ վարորդը նախկին ազատամարտիկ է եղել ու կռուել է Ղարաբաղում, մեկնել է Ռուսաստան՝ իր հացը վաստակելու ակնկալիքով: Հայաստանում Ռուսաստանի դեսպանութեան մօտ բազմամարդ ցոյցեր տեղի ունեցան, որտեղ ժողովուրդն ընդվզում էր, բողոքի պաստառների կողքին ի ցոյց դնելով Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ վարչապետ Մեդվեդեւի նկարները՝ կանացի խալաթներով:
Այն, որ ռուսական իրաւապահ մարմինները կոպիտ սխալ էին թոյլ տուել, վիճելու ենթակայ չէ: Սակայն ի՞նչ կապ ունեն Պուտինն ու Մեդուեդեւը սրա հետ: Ինչո՞ւ պիտի այս աստիճան անպատուութեան արժանանան այդ երկրի երկու ղեկավարները, ովքեր ոչ մի կապ չունեն վերոյիշեալ պատմութեան հետ: Ինչո՞ւ հասնել այս աստիճան ծայրայեղութեան: Միթէ՞ ցուցարարները չգիտեն, որ այդ նկարները անմիջապէս փոխանցուելու են վերեւ, եւ շատ հաւանական է, որ որոշ ուժեր դրանք առաւօտեան նախաճաշի հետ հրամցնեն Պուտինին: Արդեօ՞ք կան մարդիկ, ովքեր կարծում են, թէ Պուտինն է հրահանգել վարորդին կանացի խալաթ հագցնել եւ ժամանակից շուտ նրան յանցագործ որակել:
Խնդիրն այն է, որ եթէ նման բողոքի ցոյց տեղի ունենար ասենք, ամերիկեան կամ ֆրանսիական դեսպանատան առջեւ, եւ խալաթը «հագցնէին» Օբամային կամ Օլանդին, ոչ մի ալեկոծութիւն ակնկալել չէր կարելի այս երկու անձանց կողմից: Նկատի ունենալով այն փաստը, որ Պուտինը եւ Ռուսաստանի ցանկացած ղեկավար առաջնորդւում է մեծապետական վարչական ձեռագրով, անձը այս երկրում շատ աւելի մեծ նշանակութիւն ունի, քան որեւէ այլ զարգացած երկրում: Իսկ Պուտինի ու Մեդվեդեւի անձի պախարակումը շատ հանգիստ ձեւով կարելի է մեկնաբանել որպէս Ռուսաստանի ոտնահարում, եւ վստահ եմ որ Ռուսաստանում կան շրջանակներ, որ հէնց դրան էլ սպասում են: Հայաստանում արդէն իսկ նկատելի հակառուսական խմորումներ էին նկատւում նոյնիսկ այս դէպքից առաջ: Գազի գնի բարձրացումը եւ Ադրբեջանին զէնք վաճառելու փաստերը բացասական արձագանքների էին արժանացել, եւ հակառուսական լոբբին աշխոյժ քայլեր էր կատարում այդ կապակցութեամբ: Ինչո՞ւ կրակի վրայ վառելիք լցնել հիմա, եւ ո՞ւմ է դա ձեռնտու: Արդեօ՞ք սրանից կը շահի Հայաստանը, կամ Ռուսաստանում բնակուող ու աշխատող հարիւր հազարաւոր հայերը:
Զգացմունքներին տեղի տալու փոխարէն հարկ էր էական քայլեր ձեռնարկել, եւ ոչ թէ այսպիսի աղմուկով: Մեղադրում են Հայաստանի ղեկավարութեանը, թէ ինչո՞ւ Արտաքին գործերի նախարարութիւնը ճիշդ ձեւով չի արձագանքել: Իսկ քանի՞ հայ է օրական ձերբակալւում Ռուսաստանում այս կամ այն արարքի համար, ինչպէ՞ս կարող է նախարարութիւնը այս ամէնին պատշաճ արձագանք տալ, եւ դրա համար քանի՞ հարիւր աշխատող է պէտք պահել: Ռուսական արդարադատութիւնը շարժւում է ցարական-խորհրդային մոդելով, որտեղ շատ անգամ անում են այն, ինչ կամենում են: Ռուսներն իրենք էլ են դա ընդունում:
Կարիք կա՞ր Ռուսաստանին փորձել ապտակել, երբ իր իսկ քաղաքացիների հետ այս պետութեան որոշ պաշտօնեաներ չափազանց անխնայ ձեւով են վարւում: Ռուսաստանը միջպետական յարաբերութիւնների հարցերում առաջնորդւում է իր շահերով: Բայց գաղտնիք չէ, որ այս պետութեան պատմութեան ընթացքում պատմական իրադարձութիւններ են տեղի ունենում՝ կախուած անհատների կամքից: Գեներալ Գրաչով, գեներալ Լեբեդ, այս անունները յայտնի են բոլոր հայերին, ովքեր գիտեն, թէ ինչպիսի օգնութիւն են ցուցաբերել այս անձինք Հայաստանին՝ պատերազմական օրերին: Յայտնի են նաեւ այլ անուններ, ովքեր առաջնորդուել են անձնական շահերով ու լքել են Հայաստանի շահերը օրհասական պահերին: Այսպիսի դէպքերը շատ հեռու են գնում, նոյնիսկ դէպի ռուս-թուրքական պատերազմները, որտեղ յաղթանակած ռուսական բանակին անհասկանալի ձեւով ետ են կանչել, ճակատում թողնելով ռուսական բանակում կռուող հայկական զօրամասերին՝ ձեռնունայն: Այս ամէնը քաջ գիտակցելով անգամ չի կարելի ռուսական ինքնասիրութեանը խփել, քանի որ մեր տարածաշրջանում, լաւ թէ վատ՝ Ռոուսաստանը միակ հնարաւոր դաշնակիցն է եղել, որի ահից միւս պետութիւնները կարկամել են:
Մեր միւս երեք հարեւանների մասին կարիք չկայ խօսելու, չեմ ուզում ձեր ժամանակը վատնել: Ո՞ւմ ցաւն է կտրուել Հայաստանի կողքին կանգնել, երբ հարցը հասնի բախմանը: Յոյսներս ո՞ւմ վրայ դնենք, երբ խառնաշփոթը սկսուի: Ազգային ոգին եւ կռուելու քաջութիւնը կարեւոր գործօններ են, բայց լայնածաւալ գործողութիւնների ընթացքում պէտք է ռազմական եւ դիւանագիտական դաշնակիցներ ունենալ, ոչ թէ նրանց խրտնեցնել: Իսկ հայ վարորդի հարցով պէտք է բանիմաց մի փաստաբան զբաղուի, որպէսզի, ԵԹԷ ՀՆԱՐԱՒՈՐ Է, ամօթանքը սրբագրուի:
18 անմեղ զոհերին ու նրանց ընտանիքներին յիշէք նաեւ ձեր աղօթքներում, նրանք այդ օրը աշխատանքի, ժամադրութեան, դպրոց կամ բժշկի էին գնում, ու չգիտէին իրենց հետ կատարուելիքի մասին: Զգացական արձագանքներից պէտք է մէկընդմիշտ հրաժարուել, ու քայլ անելուց առաջ մտածել, թէ ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ մօտ եւ հեռու ապագայի առումով: