
ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».– «Ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ չեն քաղաքականացնում Ստեփանակերտի օդանաւակայանի բացումը», հաստատած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանը՝ անդրադառնալով «Նիուզ»ի այն դիտարկումին, թէ վերջերս երկու-երեք եւրոպացի պատգամաւորներ անհանգստութիւն յայտնած են Ստեփանակերտի օդակայանի բացման առնչութեամբ, իբր թէ որովհետեւ անիկա կրնայ ազդել բանակցային գործընթացին վրայ:
«Եթէ այդ երկու-երեք վերոյիշեալ պատգամաւորներն իսկապէս անհանգստանում են բանակցութիւնների ընթացքի համար, ապա պէտք է առնուազն հետաքրքրուեն այդ գործընթացով, ծանօթ լինեն ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների մօտեցումներին: Իսկ կոնկրետ այս հարցի վերաբերեալ եռանախագահները բազմիցս կողմերին կոչ են արել զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ, եւ որ օդանաւակայանի բացման հարցը չպէտք է քաղաքականացնել: Իսկ ո՞վ է սպառնում: Ադրբեջանը: Ովքե՞ր են քաղաքականացնում: Ադրբեջանը եւ նրա յորդորներով այս կարգի յայտարարութիւններ անողները:
«Եթէ այդ պատգամաւորները իսկապէս անհանգստացած են տարածաշրջանային անվտանգութեամբ եւ կայունութեամբ, ապա ինչո՞ւ երբեւէ անհանգստութիւն չեն արտայայտել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանութեան եւ քաղաքականութեան, սադրիչ գործողութիւնների առնչութեամբ: Ի՞նչ էին ասում այդ նոյն պատգամաւորները Սաֆարովեան տխրահռչակ գործարքի վերաբերեալ: Նրանք կամ լռում կամ անգամ արդարացնում էին Ադրբեջանին, երբ ամբողջ աշխարհը միահամուռ դատապարտում էր Բաքուին:
«Ինչո՞ւ են այս պատգամաւորները այսպէս վարւում: Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը թէ՛ մենք, ինչպէս նաեւ հէնց իրե՛նք, շատ լաւ գիտենք:
«Մեր դիրքորոշումն այս հարցի կապակցութեամբ շատ յստակ է՝ ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ չեն քաղաքականացնում Ստեփանակերտի օդանաւակայանի բացումը: Ստեփանակերտի օդանաւակայանը միայն քաղաքացիական եւ մարդասիրական նպատակների համար է», յայտնած է Է. Նալբանդեանը: