
Իրանահայ 92ամեայ բազմավաստակ բանասէր, Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի մատենադարանի եւ ձեռագիր գանձերի վաստակաշատ գիտաշխատող, աւելի քան 60 գրքերի հեղինակ, հաւատաւոր դաշնակցական Լեւոն Մինասեանը վախճանուել է Երկուշաբթի, Դեկտեմբերի 31ի երեկոյեան, Նոր Ջուղայում: Հանգուցեալի կեանքին ու գործունէութեանը կ՛անդրադառնանք աւելի հանգամանօրէն:
Նշենք նաեւ, որ Իրանի «ԻՐՆԱ» լրատուական գործակալութիւնը հաղորդելով Լեւոն Մինասեանի մահագոյժը՝ իրանեան ժողովրդին ներկայացրել է նրա վաստակը եւ բարձր գնահատանքով է անդրադարձել նրա բանասիրական ժառանգութեանը:
Վաստակաշատ գիտաշխատող ու բանասէր Լեւոն Գալուստի Մինասեանը
ոչ եւս է
Օննիկ Հայրապետեան
2012 թուկանի Դեկտ. 31-ի գիշերը՝ լոյս 2013 թուականի վաղ առաւօտեան ժամերին, Նոր Տարին նոր սկսուած՝ կեանքի նոր փուլով ուղեւորուեց երկարամեայ ուսուցիչ-դաստիարակ, գիտաշխատող ու բանասէր Լ. Գ. Մինասեանը Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղայի իր բնակարանում:
Իրանում հրատարակուող պարսկատառ «Իրաննամէ» թերթից քաղելով՝ ներկայացնում ենք իր կեանքի ու գործունէութեան հակիրճ բնութագիրը:
Լեւոն Գ. Մինասեանը ծնուել է 1920 թուականին Սպահան նահանգի Փերիոյ գաւառի Խոյգան գիւղում: Տարրական կրթութիւնը ստացել է ծննդավայրի դպրոցում, ապա միջնակարգը՝ Նոր Ջուղայի «Քանանեան» եւ Սպահան քաղաքի «Ադաբ» միջնակարգ (երկրորդական) դպրոցներում: Աւարտելով դպրոցը՝ 1941-ից սկսեալ նետւում է իր սիրած ուսուցչական ասպարէզը եւ հայոց լեզու, պատմութիւն ու գրականութիւն է դասաւանդում գաւառի տարբեր շրջաններում:
Զուգընթաց կրթական գործունէութեան, նա հիմնում է ուսումնասիրաց, մշակութային եւ բարեգործական միութիւններ, ինչպէս նաեւ՝ մի խումբ համախոհների հետ 1945-ին Խոյգան գիւղում հիմնում է «Աբովեան»-ի անուան գրադարանը, որը երկար տարիներ սպասարկում է գաւառին:
1951 թուականին Լ. Գ. Մինասեանը փոխադրւում է Նոր Ջուղա, ուր շուրջ 30 տարի շարունակում է ուսուցչական գործը տեղի հայկական-ազգային դպրոցներում: 1967 թուկանից սկսեալ նա սիրայօժար կերպով ստանձնում է Նոր Ջուղայի թանգարանի տնօրէնի պաշտօնը, իսկ 1972 թուկանին եւս նշանակւում է տեղի տպարանի տնօրէն: Ուսուցչական պաշտօնից հանգստի կոչուելուց յետոյ, 1981 թուին նրան է յանձնւում Նոր Ջուղայի գրադարան-մատենադարանի պատասխանատուութիւնը: Նրա տքնաջան եւ մասնագիտական անխոնջ աշխատանքի շնորհիւ ի մի են բերուել ու գիտականօրէն ոասումնասիրուել ու դասակարգուել Սբ. Ամենափրկչեան Վանքի աւելի քան 350 տարուայ վաղեմութիւն ունեցող բոլոր նամակներն ու փաստաթղթերը: Ժողովածուն լոյս է տեսել 1983-ին:
Հանգուցեալ Լ. Գ. Մինասեանը գրել է սկսել դեռ մանուկ տարիքից: Հետագային՝ իր կրթական գործունէութեանը համընթաց, նա իր ժամանակը տրամադրել է Փերիա գաւառի եւ Նոր Ջուղայի ազգային, կրթական, մշակութային կեանքի ու պատմութեան ուսումնասիրութեանը: Սոյն երկարատեւ ուսումնասիրութեանց արդիւնքում նա աւելի քան 700 յօդուած է լոյս ընծայել Թեհրանում հրատարակուող «Ալիք» օրաթերթում, շուրջ 300 յօդուած եւս՝ զանազան այլ թերթերում ու պարբերականներում:
Նա մեծ խնամքով անհրաժեշտ փաստաթղթերն ու տուեալները հաւաքելով եւ հմուտ պատմաբանի աչքով ուսումնասիրելով՝ գրել ու հրատարակել է չափազանց արժէքաւոր գրքեր, ինչպիսին են՝ «Փերիա գաւառի 350-ամեայ պատմութիւնը», «Նոր Ջուղայում Իրանի առաջին տպարանի պատմութիւնը, 1638-1972», «Իրանահայ հաստատութիւնները», «Ցուցակ Նոր Ջուղայի թանգարանի ձեռագրերի», «Իրանի հայկական վանքերը», «Փերիոյ հայ աշուղները» (չորս հատոր), «Պատմութիւն Նոր Ջուղայի հայութեան, 1856-1996», «Իրանի հայերը», «Ճամբորդութիւն յԵրուսաղէմ», «Համառօտ ակնարկ հայ Ուղղափառ եկեղեցւոյ ծիսակատարութեան» եւ բազմաթիւ այլ աշխատութիւններ նուիրուած պատմական արժէք ներկայացնող եւ ազգային-հասարակական կեանքին վերաբերող բազմազան նիւթերի: Իբրեւ կենդանի ապացոյց, բաւական է նշել, որ 70 անուն գիրք է հրատարակել, որոնցից տասը պարսկերէն լեզուով, իսկ 60-ը՝ հայերէն:
Իբրեւ գնահատանք եւ շնորհակալութիւն իր բազմամեայ վաստակի, նրան շնորհուել են բազմաթիւ պատուոյ գրեր ու տախտակներ եւ շքանշաններ անուանի համալսարանների, գիտական ու հետազօտական կենտրոնների եւ բարձրաստիճան պետական ու եկեղեցական պաշտօնատարների կողմից:
Թուենք նրան շնորհուած շքանշաններից մի շարք.-
Մեսրոպ Մաշտոցի անուան շքանշան Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ Խորէն Ա. Կաթողիկոսից, Մեսրոպ Մաշտոցի անուան շքանշան Երեւանի Մատենադարանի կողմից եւ բազմաթիւ այլ շքանշաններ ու պատուոյ գրեր:
1996-1997 թուին Լ. Գ. Մինասեանի անունը, իբրեւ «Տարուայ Մարդը» ներառուել է Անգլիայի «Քեմպրիճ» միջազգային կենսագրութիւնների շարքում եւ արժանացել է շքանշանի ու պատուոյ գրի: 1997-98ին եւս Միացեալ Նահանգների Հարաւային Քարոլինայի «Ո՞վ է Նա» (Whos Who) կենսագրական կազմակերպութեան կողմից ճանաչուել է իբրեւ «Տարուայ Մարդը» եւ իր կենսագրութիւնը տպուել է նոյն կազմակերպութեան հրատարակած գրքում:
Առ ի գնահատանք իր արժէքաւոր վաստակի՝ 1912-ին նա արժանացել է նաեւ «Սպահանի արձանիկ» յուշանուէրին «Սպահանի բարեկամներ» միութեան կողմից, Սպահան քաղաքին նուիրուած գիտաժողովի ընթացքում:
Լեւոն Գ. Մինասեանը կարճատեւ անհանգստութիւնից յետոյ, սոյն թուականի տարեմուտին կնքեց իր մահկանացուն:
Վաստակաշատ մտաւորականը, որին բախտ եմ ունեցել 1967-83 թուականներին կրթական ու մշակութային գործակից լինելու, չափազանց խոհեմ, համեստ ու անդուլ-անդադար պրպտող եւ ուսումնասիրող անձնաւորութիւն էր: Նա մեծապէս արժեւորեց իր 92-ամեայ կեանքը՝ անձնուէր կերպով ծառայելով հայ դպրութեանն ու մշակոյթին, ազգին ու հայրենիքին եւ հայ համայնքին:
Լեւոն Գ. Մինասեանը երդուեալ դաշնակցական էր: Նա երիտասարդ տարիքում անդամագրուել էր Հ.Յ. Դաշնակցութեան եւ մինչեւ կեանքի վերջը մնաց հաւատաւոր ու պարտաճանաչ:
Յարգանք իր յիշատակին ու վաստակաբեկ աճիւնին: