Այս Խնդիրն Այլեւս Միայն Սիվիլիթասին Կամ Օսկանեանին Չի Առնչւում

«ԵՐԿԻՐ».- Սեպտեմբերի 27ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջւում էր վերացնել Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) կողմից 2012թ. Մայիսի 25ին քրէական գործ յարուցելու մասին որոշումը, որն առնչւում է հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանեանին: Աւելի վաղ նոյն հայցը մերժել էր նաեւ առաջին ատեանի դատարանը: Սիվիլիթաս հիմնադրամի տնօրէն Սալբի Ղազարեանը պատասխանել է գործի վերաբերեալ հարցերին:
«ԵՐԿԻՐ».- Տիկին Ղազարեան, վերաքննիչ դատարանը մերժեց Սիվիլիթասի հայցը, որով պահանջում էիք վերացնել ԱԱԾի կողմից քրէական գործ յարուցելու մասին որոշումը: Դատական նիստի ընթացքում կարծես չէր խօսւում փողերի լուացման մասին: Առհասարակ, երկակի տպաւորութիւն կայ՝ ով ում է դատի տալիս, ԱԱԾն ձե՞զ, թէ՞ դուք՝ ԱԱԾին:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- ԱԱԾի որոշումը, որը սզկիզբ դրեց այս անհեթեթ գործընթացին, վերաբերում էր փողերի լուացմանը եւ կեղտոտ փողերին, եւ ենթադրում էր, որ Սիվիլիթաս հիմնադրամը եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանեանը ինչ որ կերպ կապուած են այդ գործողութիւններին: Մենք այլ ելք չունէինք, քան թոյլ չտալ, որ նման անհիմն մեղադրանքներ առաջ քաշուեն: Այդ իսկ պատճառով կառավարական գերատեսչութեան որոշման դէմ մենք հայց ներկայացրեցինք դատարան: Մենք դիմեցինք գլխաւոր դատախազին՝ պահանջելով, որ անվաւեր ճանաչուեն մեզ առնչուող քրէական գործի յարուցման հիմքերը: Չնայած դատարաններն առայսօր մերժել են մեր հայցը, այն ակնյայտօրէն արդարացի է: Դատական երկու նիստերի ընթացքում կեղտոտ փողերի մասին որեւէ խօսք չկար: Ներքին ստուգումներից եւ փորձաքննութիւնից յետոյ փաստօրէն հասկացել են, որ նման բան չկայ: Հաւանաբար գործի պատուիրատուները նախապէս ենթադրում էին, որ Հանթսմանի կողմից նուիրատուութեան ընթացքում հարկային պարտաւորութիւններ կամ այլ հարցեր են առաջացել: Ըստ երեւոյթին արդէն համոզուել են, որ նման բան չկայ. բոլոր փոխանցումները կատարուել են օրէնքի տառին համաձայն, ինչի մասին ի սկզբանէ մենք յայտարարել ենք:
«ԵՐԿԻՐ».- Ձեր փաստաբանը յայտարարել է, որ Հայաստանում սպառելու էք բոլոր դատական ատեանները, որպէսզի դիմէք միջազգային արդարադատութեանը: Այս պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյն որոշումն էք ակնկալում նաեւ վճռաբեկ դատարանից:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Օգոստոսի 20ին առաջին ատեանի դատարանը մերժեց մեր հայցը: Այսօր մեր հայցը մերժեց վերաքննիչ դատարանը: Մենք կ՛անցնենք դատական բոլոր ատեաններով, կը գնանք վճռաբեկ դատարան, եւ դրանից յետոյ կը դիմենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: ԱԱԾի կողմից յարուցուած այս գործը իսկապէս արատաւորում է մեր կատարած աշխատանքը, մեր բարի համբաւը, եւ մենք թոյլ չենք տալու, որ այդպէս շարունակուի: Աւելին, մեր բարի համբաւն արատաւորելու փորձերն այլ ուղղութիւն են ստացել չկարողանալով «փողերի լուացման» մասով փաստեր յայտնաբերել, հիմա էլ անցել են «փողերի իւրացման» մեղադրանքների:
«ԵՐԿԻՐ».- Դատական գործընթացներին զուգահեռ ընթանում են նաեւ հարկային ստուգումներ Սիվիլիթասում: Յայտնի է, որ դրանք արդէն երկրորդ անգամ կասեցուել են 30 աշխատանքային օրով: Հարկայինի այս վարքագիծն ինչպէ՞ս կը մեկնաբանէք:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Նոյն պատասխանով, որ ոչինչ չեն գտել, բայց քանի որ կայ քաղաքական պատուէր, եւ հրահանգ է իջեցուած ինչ-որ բան գտնել, սկսել են խօսել փողերի իւրացման մասին, որը ոչ պակաս անհեթեթութիւն է հետեւեալ շատ պարզ պատճառով. Հանթսմանի ընկերութիւնների կողմից եղել է նուիրատուութիւն, գումարները նրանց ցուցումով փոխանցուել են Վարդան Օսկանեանին: Պարոն Օսկանեանը այդ գումարներն իր հաշուի վրայ պահել է Հանթսմանի եւ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի գիտութեամբ: Սիվիլիթասի հիմնադիր եւ մինչեւ այս տարուայ Մարտը հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանեանը իր հաշուից ըստ անհրաժեշտութեան գումարներ է փոխանցել հիմնադրամին: Այդ բոլոր փոխանցումները եղել են թափանցիկ, կան դրանց վերաբերեալ բոլոր փաստաթղթերը: Չի եղել ո՛չ իւրացում, ո՛չ թերացում եւ ո՛չ էլ որեւէ այլ սխալ գործողութիւն, ինչի մասին վկայում են փաստաթղթերը:
«ԵՐԿԻՐ».- Երէկ դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը խօսում էին փաստօրէն Սիվիլիթասի շահերը Վարդան Օսկանեանից պաշտպանելու մասին: Սիվիլիթասը նման պաշտպանութեան կարիք ունի՞:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Սա այդ անհեթեթութիւնների շարքից է եւ ապացուցում է քաղաքան պատուերի առկայութիւնը: Իրաւական կամ փաստական որեւէ հիմք չկայ նման պնդմամբ հանդէս գալու համար: Տրամաբանութիւնը թելադրում է, որ եթէ կայ փողերի իւրացում, պէտք է լինի նաեւ բողոք կ՛ամ փողը տուողի կողմից, այսինքն՝ Հանթսմանի, կա՛մ փողը ստացողի, այսինքն՝ Սիվիլիթասի: Մեր պարագայում ոչ միայն այդպիսի բողոք չկայ, այլեւ կայ ճիշդ հակառակը: Ե՛ւ փող տուողը, ե՛ւ ստացողը հէնց առաջին օրուանից հաստատում են, որ այդպէս էլ նախատեսւում էր, որ Հանթսմանի կողմից Սիվիլիթասին տրամադրուող գումարները պահ կը տրուեն Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանեանի մօտ եւ, ըստ անհրաժեշտութեան՝ Սիվիլիթասի կանոնադրական նպատակաների իրականացման համար կը տրամադրուեն հիմնադրամին:
Նոր՝ մի շաբաթ առաջ Հանթսմանների կողմից վերահաստատող գրագրութիւն ենք ստացել որտեղ ասում են. «Սոյն նամակը վերահաստատում է՝ «Հանթսման Ինթերնեշընլ ՍՊԸ եւ Պոլիմեր Մաթերիալս»ի անունից մեր նախորդ խնդրանքը, որ «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերութեան բաժնեմասի վաճառքից ստացուած հասոյթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք, որ կազմել է $1,427,000) յատկացւում է Սիվիլիթաս հիմնադրամին՝ նրա բարեգործական նպատակների օգտագործման համար, ինչն իրականացւում է նրա հիմնադիր եւ խորհրդի նախագահ պարոն Վարդան Օսկանեանի միջոցով եւ հայեցողութեամբ՝ առանց ժամկէտների, որը մենք հասկանում ենք, որ ի պահ է թողել իր մօտ եւ շարունակում է պահել այդ միջոցները հիմնադրամի անունից այս միջանկեալ ժամանակահատուածում»:
Սիվիլիթասի հին եւ նոր խորհուրդները յայտարարութիւններով նոյնպէս վերահաստատում են այս բոլորը: Նաեւ ասեմ, որ Օսկանեանի կողմից Սիվիլիթասին փոխանցուած եւ Սիվիլիթասի հաշուապահութիւնը վարող «Պարադիգմա» ընկերութեան կողմից արձանագրուած փոխանցումները, այս պահին Օսկանեանի բանկային հաշւում գտնուող գումարը, դրա վրայ աւելացած տոկոսագումարի հանրագումարը բացարձակ համապատասխան են:
«ԵՐԿԻՐ».- Վերջին մի քանի օրերին լրատուամիջոցներում քն-նարկւում է, որ գլխաւոր դատախազը կարող է մտնել (արդէն մտաւ-Խմբ.) խորհրդարան Վարդան Օսկանեանին պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկելու պահանջով:
ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐԵԱՆ.- Կրկնեմ, վերոնշեալ փաստերի առկայութեան պարագայում պարզապէս անհեթեթութիւն է խօսել փողերի իւրացման կամ խորհրդարան մտնելու մասին: Մեր պետական կառոյցները պէտք է վերջ տան իրենց լիազօրութիւնների նման չարաշահումներին: Հերիք չէ, որ ԱԱԾն չորս ամիս ժամանակ, ռեսուրս ու մարդուժ վատնեց հետաքննելու Օսկանեանին ու Սիվիլիթասը, փոխանակ զբաղուէր Սաֆարովի գործով ու երկրի անվտանգութեան իրական խն-դիրներով, հերիք չէ, որ դատական համակարգը՝ դատաւորներից մինչեւ դատախազ, քաղաքական հրահանգներ կատարելու պարբերական շոուներ են սարքում, հիմա էլ իշխանութիւնները մտածում իրենց կցորդ խորհրդարանի՞ն ներքաշել այս խաղի մէջ: Հարց է առաջանում՝ երկրում համատարած կոռուպցիայի, չարաշահումների, ամենաթողութեան պայմաններում առաւելագոյնս թափանցիկ աշխատած Սիվիլիթա՞սն ու Օսկանեա՞նն էին ազգային անվտանգութեան սպառ-նալիքը: Այս խնդիրն այլեւս միայն Սիվիլիթասին կամ Օսկանեանին չի առնչւում: Սա խօսում է այն մասին, թէ կառավարութիւնն ինչպէս է օգտագործում իր ռեսուրսները նախընտրական այս սեզոնին: Սիվիլիթասը իհարկէ անցնելու է իրաւական հերթական ընթացակարգերը եւ գնալու է Մարդու իրաւունքների եւրոպական դատարան՝ ապացուցելու, որ այս գործը քաղաքական պատուէր է: Այս ամէնից զատ, մենք ամէն օր հանրութեան դատի առջեւ ենք՝ մեր աշխատանքով, փաստաթղթերով, մեր թափանցիկ գործունէութեամբ: Եւ չնայած քաղաքական այս գործընթացներին, մենք մեր գործունէութեան հինգերորդ տարին հպարտ ենք թեւակոխում: Մենք մի շարք նոր ծրագրեր ենք նախատեսում սկսել, եւ տարին, չնայած այս խժդժութիւններին, յաջող ենք աւարտելու: