
ԵՐԵՒԱՆ.- «Հայոց Աշխարհ» թերթը հարցազրոյց մը կատարած է ՀՅԴ խորհրդարանական ղեկավար Արմէն Ռուստամեանի հետ։ Պատասխանելով խորհրդարանական մնայուն յանձնախումբերուն մէջ ընդդիմութեան մասնակցութեան գծով ընդդիմութեան բողոքներուն վերաբերող հարցումի մը՝ ան ըսած է.
«Մեծամասնութիւնը հասկանում է, որ սխալ բան են արել՝ կատարել են գործող օրէնքին ոչ համարժէք քայլեր եւ ուզում են շտկել՝ օրէնքը յետին թուով յարմարեցնել իրենց կատարած քայլերին: Մենք ասում էինք, որ յանձնաժողովների թուի աւելացումը հակասում է օրէնքին, որովհետեւ փոքր խմբակցութիւնները չեն կարող լիարժէք ներկայացուած լինել բոլոր յանձնաժողովներում. մեզ բացատրում էին, որ 2 անգամ 5ը այնքան էլ 10 չէ՝ կարող է 12 էլ լինել: Այսօր, երբ պարզուեց, որ 2 անգամ 5ը այնուամենայնիւ 10 է՝ 12 չէ, 2ը դարձնում են 3: Սա է ամբողջ խնդիրը. ստեղծում ենք փրոպլեմ, յետոյ օրէնքը համապատասխանեցնում մեր կատարած քայլերին, ոչ թէ կատարում ենք քայլեր, որոնք համապատասխանում են օրէնքին: Սա շատ վատ պրակտիկա է:
Մեծամասնութիւնն ասում է՝ օրէնքում այսպէս է գրուած, բայց կայ ողջամիտ տրամաբանութիւն, եւ ողջամտութիւնը թոյլ չի տայ պատժել պատգամաւորին, եթէ նա միաժամանակ չի կարողացել 3 տեղ լինել: Այսինքն՝ ուզում ենք ունքը սարքել, բայց սխալ բան ենք անում՝ աչքն ենք հանում: Այո՛, պատգամաւորը պէտք է մասնակցի յանձնաժողովների նիստերին, բայց այդ մասնակցութիւնը չպէտք է ձեւական լինի. կանոնակարգը պէտք է հնարաւորութիւն տայ, որ պատգամաւորն իրապէս լիարժէք աշխատի բոլոր 3 յանձնաժողովներում, մասնակցի մասնագիտական քննարկումներին: Իսկ մենք էլի կիսատ-պռատ որոշում ենք ուզում կայացնել»:
Թղթակիցը ապա հարց տուած է. «Դաշնակցութիւնը ի՞նչ հնարաւորութիւններ է տեսնում իրաւական հարթութեան վրայ վիճարկելու Սաֆարովին Պաքու վերադարձնելու, ազատ արձակելու եւ պարգեւատրելու օրինականութիւնը»:
Ա. Ռուստամեան իր կարգին պատասխանած է. «Այդ խնդիրը արծարծուել է Եւրախորհրդի իրաւական հարցերի յանձնաժողովում, ես ելոյթ եմ ունեցել եւ ներկայացրել իմ տեսակէտը: Այնտեղ շատ հետաքրքիր առաջարկութիւններ հնչեցին, եւ մենք յաջողեցինք, որ հարցը քննարկուի ԵԽԽՎ յառաջիկայ նստաշրջանում: Խնդիրը ունի երկու կողմ՝ քաղաքական եւ իրաւական: Քաղաքական առումով, մենք վերջապէս պէտք է դուրս գանք այս վիճակից եւ լիարժէք իրացնենք մեր իրաւունքները. լիարժէ՛ք, ոչ թէ միակողմանիօրէն, ինչպէս Ատրպէյճանը փորձում է անել՝ ըստ էութեան, արդարացնելով Սաֆարովի արածը, հիմնաւորելով դա քաղաքական շարժառիթներով՝ կապուած «Ատրպէյճանի տարածքի 20 տոկոսի բռնազաւթման», «մէկ միլիոն փախստականների» հետ:
Իրենց ասածն այն է, որ «սթրեսային վիճակում» գտնուող ժողովրդի մօտ կարող են այդպիսի դէպքեր լինել, այսինքն՝ արդարացնում են Սաֆարովի արարքը՝ չունենալով դրա համար որեւէ իրաւական հիմք: Մենք ունենք բոլոր իրաւական հիմքերը մեր դիրքորոշումները շատ աւելի յստակեցնելու, Ղարաբաղի մասնակցութեան հարցը բարձրացնելու եւ դնելու Հայաստանի՝ ԼՂ ժողովրդի անվտանգութեան երաշխաւոր լինելու խնդիրը:
Երկրորդ՝ իրաւական առումով, հարցը պէտք է դիտարկել ոչ միայն «էքստրադիցիայի մասին» կոնվենցիայի նեղ կոնտեքստում, այլեւ մարդու իրաւունքների պաշտպանութեան տրամաբանութեան մէջ, որը աւելի ամբողջական եւ հիմնարար փաստաթուղթ է Եւրախորհրդի համար: Իսկ այնտեղ կայ շատ կարեւոր մի հարց՝ յանցագործութեան պատժելիութիւնը պէտք է լինի անխուսափելի:
Այս առումով, ունենք մի իրավիճակ, երբ տուժողի իրաւայաջորդը՝ նոյն Գուրգէն Մարգարեանի ծնողները, հարազատները, իրաւունք ունեն եւրոպական դատարանում հետամուտ լինելու իրենց իրաւունքների լիարժէք իրականացմանը, պահանջելու, որ յանցագործը լիարժէք պատիժ կրի, որովհետեւ իրենք են տուժողը»: