ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Կամայ թէ ակամայ մենք շատ ժամանակ ենք անցկացնում համակարգչի առջեւ: Վերջին տասնամեակի տուեալների համաձայն համակարգչի առջեւ անցկացրած ժամանակը այդ ընթացքում միջին հաշուով աւելացել է մօտաւորապէս 25 տոկոսով: Նման ցուցանիշ հրապարակելիս, սակայն, հարցախոյզը հրապարակողները կամ գիտակցաբար, կամ էլ ոչ միտումնաւոր թաքցնում են, թէ որքան որակեալ ժամանակ է խլում անհատից համակարգիչը, կտրում մարդկանց փոխկապակցուած լինելու զգացումից, որ բազմաթիւ մասնագէտներ կարող են որակել որպէս երջանկութեան դուռը տանող ճանապարհ:
Մարդիկ ընկղմւում են թուացեալ այս աշխարհի մէջ, եւ օտարանում իրարից: Ամէն մի երեւոյթ, որ նպաստում է մարդկանց օտարանալուն, ստեղծում է մինչ այժմ անյայտ մի նոր աշխարհ, որտեղ մարդը ապրում է, շրջապատուած մտերիմներով ու հարազատներով, բայց ընկղմւում է մենութեան ճիրաններում: Մինչ այժմ մանկավարժների թշնամին համարուող հեռուստատեսութիւնը դարձել է նախընտրելի տարբերակ, քանի որ աւելի շատ հնարաւորութիւն է տալիս մարդկանց շփուելու, քան համակարգիչը: Հեռուստատեսային կինոնկար, կամ մարզական հաղորդում կարելի է խմբով դիտել, քննարկել զարգացումները, իսկ համակարգչի պարագայում այս «իւրատեսակ» հնարաւորութիւնը զգալիօրէն նուազում է:
Առկայ է մէկ այլ երեւոյթ: Երբ համակարգչի մօտ նստած անձը, օրինակ, փորձում է իր կամ ընտանիքի համար ծովային ճամբորդութիւն կազմակերպել, դրան յաջորդող օրերին հարիւրաւոր նամակներ է ստանում նաւային ճամբորդութիւն կազմակերպող ընկերութիւններից: Հետեւաբար, կարելի է կռահել, թէ ինչ որ «մէկը» ուշի ուշով հետեւում է, թէ տուեալ անձը ինչ կայքեր է այցելում, եւ համապատասխանաբար տեղեկութիւն է տրամադրում (գուցէ վաճառո՞ւմ) նմանօրինակ ծառայոութեամբ զբաղուող ընկերութիւններին, որպէսզի վերջիններս կարողանան թիրախային գովազդով «ռմբակոծել» մարդկանց: Սա բերում է մէկ այլ հետեւութեան՝ որ այն ամէնը, որ կատարւում է համացանցում, չի կարելի թաքցնել երկրորդ կամ երրորդ կողմի հետաքրքրութիւնից: Եթէ ձեր համակարգչի մէջ յոյժ կարեւոր տեղեկութիւններ կան, ապա դրանք հեշտութեամբ կարող են ընկնել յանցաւոր եւ ոչ յանցաւոր շրջանակների ձեռքը: Պատմութիւնները բազմաթիւ են, թէ ինչպէս են «սրբուել» մարդկանց բանկային հաշիւները:
Ցաւօք սրտի նմանօրինակ գործունէութեան թիրախ են դառնում նաեւ երեխաները, ովքեր այս օրերին առանց համակարգչի ու բջջային հեռախօսների կեանք չունեն: Արգելել, նշանակում է նրանց կտրել շրջապատի իրականութիւնից: Գուցէ լաւագոյն ճանապարհը կարգաւորելն է, թէ որքան ժամանակ է պէտք տրամադրել տեխնոլոգիային (արուեստագիտութեան-Խմբ.), բայց առայժմ այս աներեւոյթ պայքարում մեծահասակների փորձերը փշրւում են, հանդիպելով բնական եւ արհեստական կատաղի դիմադրութեան: Տարիներ առաջ, երբ զրուցում էի մաեստրօ æիւան Գասպարեանի հետ, հետեւեալ միտքն արտայայտեց. «էս ամերիկացիների կէսը իրանց կը կախեն, եթէ մի քանի օր լոյս չունենան»:

Գուցէ աւելի մեծ իրարանցում տեղի ունենայ, երբ ժամանակաւորապէս դադարի համակարգչի պիտանիութիւնը, կապի խափանման պատճառով: Ի հարկէ չի կարելի համակարգչին կամ նոր տեխնոլոգիաներին բացայայտ պատերազմ յայտարարել, քանի որ վերջիններիս գործածման արդիւնքում չտեսնուած կերպ հեշտացել է մեր կեանքը: Բերեմ ընդամէնը մէկ օրինակ. քսան տարի առաջ երաժշտութիւն ձայնագրելու համար պիտի ձայնագրման ստուդիա այցելէի. մէկ երգի ձայնագրութիւնը մօտաւորապէս $2000 նստեց:
Պարզ էր, որ ամենահամեստ հաշուարկով, 10 երգի ձայնագրութիւնը $20000 պիտի նստէր, եթէ ոչ աւել, քանի որ ձայնագրութեանը հետեւում է «մաստերինգ» կոչուող երեւոյթը, որը շրջանցելու դէպքում երաժշտութեան որակը խիստ անմրցունակ է դառնում:
Այսօր այս նոյն ընթացքը կարելի է ապահովել շատ աւելի քիչ գումարով, կամ էլ, ինչպէս շատերն են վարւում, գնել տնային օգտագործման գործիքներ, եւ յետագայ բոլոր ձայնագրութիւնները իրականացնել տնային պայմաններում:
Սա ընդամէնը մէկ բնագաւառի օրինակ է, որ հնարաւորութիւն է տուել միլիոնաւոր երժիշտների, այդ թւում նաեւ ձեր խոնարհ ծառային, համեստ ծախսերով երաժշտութիւն գրել եւ հրամցնել հանրութեանը:
Գուցէ ժամանակն է, որ մենք ինքներս հրաժարուենք մեր կեանքը գործիքներից կախման մէջ դնելու գործընթացից, բայց թէ որքանով է դա հնարաւոր, կախուած է անհատի ձեւաւորած մօտեցումից, թէ ինչ փիլիսոփայութեամբ է ապրում իր կեանքը:
Հոյակապ եւ խորաթափանց յօդուած է:
Երանի թէ, գոնէ քանի մը նախադասութիւն ալ գրած ըլլայիր, համակարգիչին գիրք կարդացաողներուն արմատախիլ ընելու մասին:
Ցավոք, աշխարհը փոխվել է արդեն շատ վաղուց, ու շարժվում է մի անորոշ ուղղությամբ։ Համակարգիչը սպառնում է փոխել մարդկային կյանքի համն ու հոտը, չնայած այն հանգամանքին, որ չափազանց հեշտաճցնում է առօրյա կյանքը։ Պարզվում է, որ հեշտը ոչ միշտ է ցանկալի, և կարող է «անհամություն» բերել իր հետ։ Շնորհակալ եմ գնահատականի համար։