
ԳԼԵՆԴԷՅԼ.- Կիրակի, Ապրիլի 22ի երեկոն: Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) անդամները ու գրասէր բարեկամները հաւաքուել են Գլենդէյլի Ս. Աստուածածին եկեղեցու բակի արեւմտեան պարտէզում գտնուող բիւրաւոր նահատակների «Ղօղանջ Ոգեկոչման» խաչքարի առջեւ: Խաչքարի պատուանդանի վրայ ծխում է խունկը: Գրողները մէկ-մէկ մօտենում են խաչքարին, մատուցում են մի ծաղիկ, ապա հնչեցնում են Հայոց Ցեղասպանութեան՝ Մեծ Եղեռնի նահատակ հայ գրողների անմեռ խօսքը: Գրիշ Դաւթեանը կարդում է Դանիէլ Վարուժանի «Առաջին Մեղք»ը, Եսթեր Դաւթեանը՝ Ռուբէն Որբերեանի «Գնա»ն, Վարսիկ Յակոբեանը՝ Վարուժանի՝ «Ծեր Կռունկը», Կիմա Կիրակոսեանը՝ Տիգրան Չաքրեանի «Մայրիկը», Ռ. Կորիւնը՝ Ռուբէն Զարդարեանի «Բռնաւորին Արցունքը», Արշամ Ղազարեանը՝ Վարուժանի «Անդաստան»ը, Գարուշ Հարեանցը՝ Սիամանթոյի «Ափ Մը Մոխիր»ը ու Ռուբէն Սեւակի «Եկուր»ը: Նահատակ հայ գրողների ստեղծագործած գրականութեան մի տեղատարափ է դա, որ պոկւում է ուխտապահ հայ գրողների շուրթերից, պոկւում է նրանց սրտից, ծաւալւում է «Ղօղանջ Ոգեկոչման» խաչքարի մթնոլորտում, արձագանգում է ներկաների սրտերում:
Նահատակ հայ գրողների անմեռ խօսքի ու պատգամի անթառամ ծաղիկների մատուցում է դա:
(Թղթակցութիւնը՝ միութենէն)