
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Տնտեսական տեղատարափ իրադարձութիւնների ովկիանոսում մի տպագրութեան մասին հնչած արձագանգները գրաւեցին ուշադրութիւնս եւ կարծում եմ դրանք ձե՛զ էլ կը հետաքրքրեն:
Համաշխարհային հեղինակաւոր շատ պարբերականներ անցեալ շաբաթ անդրադարձան «Ինչու են ձախողւում պետութիւնները» աշխատութեան քննարկումներին: Այս գրքի հիմքում ընկած են մանրամասն վերլուծութիւններ՝ առանձին եւ ընդհանրական օրինակների վրայ, թէ ինչո՞ւ են որոշ պետութիւններ տառապում աղքատութեան ճիրաններում, իսկ այլոք, ընդհակառակը՝ ծաղկում: Գրքին անդրադառնալ առանց այն կարդալու՝ այնքան էլ առարկայական մօտեցում չէ, բայց կը փորձեմ ձեզ ներկայացնել, թէ ինչպէ՛ս են արձագանգել վերլուծաբանները այս թեմայի առնչութեամբ: Աշխատութիւնը շատերին կը հետաքրքրի նաեւ այն պատճառով, որ դրա համահեղինակներից մէկը՝ Տարօն Աճեմօղլուն, ծագումով հայ է, եւ բաւականին պատկառելի համբաւ է վայելում համաշխարհային տնտեսական եւ քաղաքական շրջանակներում:
Աճեմօղլուն ծնուել է 1967 թուականին, Ստամբուլում: Փայլուն կրթութիւն է ստացել Միացեալ Թագաւորութեան Եորքի քոլեջում, ապա իր դոկտորական թեզը պաշտպանել է Լոնդոնի Տնտեսագիտական դպրոցում, որը համարւում է աշխարհի լաւագոյն ուսումնական հաստատութիւններից մէկը: Այսօր Աճեմօղլուն համարւում է աշխարհի 10 ամենաճանաչուած տնտեսագէտներից մէկը, եւ դասաւանդում է Մեսեչուսեցի Տեխնոլոգիական Համալսարանում (MIT):
Հարկ եմ համարում նշել, թէ կարճ ժամանակ առաջ խօսակցութիւններ էին ընթանում այն մասին, որ հայ գիտնականին առաջարկուել է ստանձնել Ֆրանսիայում Թուրքիոյ դեսպանի պարտականութիւնները: Այս մասին իբր թէ խօսակցութիւններ էին հնչել Թուրքիոյ դիւանագիտական ամենաբարձր շրջանակներում: Տեղեկացնեմ, թէ վերջին տուեալների համաձայն, այս պաշտօնում նշուած է ոչ թէ Աճեմօղլուի, այլ ոմն Բուրչուօղլուի անունը, ով այս տարուայ Յունուարին կարճատեւ ետկանչից յետոյ վերադարձել էր Փարիզ, իր պարտականութիւնները շարունակելու առաքելութեամբ: Ուրեմն, պարոն Աճեմօղլուի անուան շուրջ ընթացող այս զրոյցները կա՛մ պարզապէս ասեկոսներ էին, կա՛մ էլ՝ թրքական դիւանագիտութեան հերթական ձիու քայլը՝ շախմատային լեզուով արտայայտուած:
Բայց եկէք վերադառնանք այսօրուայ բուն նիւթին: Տարօն Աճեմօղլուն, մէկ այլ յարգարժան համահեղինակի՝ Հարվըրդ համալսարանի դասախօս æէյմս Ռոբինսընի հետ մէկտեղ պնդում է, թէ որոշակի օրինաչափութիւններ կան ընկած այս կամ այն պետութեան տնտեսական ծանր կամ բարգաւաճ կարգավիճակի հիմքերում, եւ այդ օրինաչափութիւնները յաճախ աւելի քաղաքական, քան, ասենք, աշխարհագրական եւ այլ նախկինում ընդունելի պատճառներ ունեն: Այս աշխատութիւնը ուշադրութեան է արժանացել յատկապէս այն պատճառով նաեւ, թէ այն նոր բացատրութիւններ է տալիս մինչ այժմ առկայ աղքատ պետութիւնների տնտեսական վիճակի առաջացման եւ դրա երկարաձգման արմատների մասին: Գրքի առանցքում ընկած է այն թեզը, թէ բազմակարծութեան եւ ժողովրդավարութեան ծաղկման արդիւնքում առաջանում է նաեւ տնտեսական հզօր յենակէտ, որը նման չէ առանձին բռնատիրական պետութիւններում տնտեսութեան կարճատեւ փայլատակումներին (որոնք դատապարտուած են անխուսափելի անկման՝ ըստ հեղինակների), եւ խնդրայարոյց երկրին «ուղեկցում է» բարիքի ճանապարհով:
Ժողովրդավարական պետութիւները, ասուած է գրքում, բարենպաստ պայմաններ են ստեղծում զանգուածների մէջ առկայ հնարամիտ ու գործունեայ անձանց ներդրումներ կատարելու անձի եւ պետութեան ապագայի մէջ, որի արդիւնքում անխուսափելիօրէն շահում է այն երկիրը, որտեղ այս անհատները բնակւում են: Աճեմօղլուն եւ Ռոբինսընը պնդում են, թէ տնտեսական առաջընթացն ապահովելու համար հարկաւոր է ստեղծել քաղաքական առողջ նախապայմաններ, որտեղ աճելու եւ բարեկեցութեան համատարած խրախուսանքը առկայ է բոլորի համար, եւ ոչ թէ միայն ընտրեալների: Նրանք փորձում են ապացուցել, թէ ընտրեալների համար նախատեսուած կադրերը կարող են միայն նեղ շրջանակներին ձեռնտու քաղաքական եւ տնտեսական միջավայր ապահովել, որն էլ վերածւում է կախարդական մի շրջանակի՝ արդիւնքում թշուառութեան ճիրաններում պահելով ինչպէս երկիրը, այնպէս էլ այդ երկրի լայն զանգուածներին: Որպէս օրինակ մէջբերւում է միջնադարեան Վենետիկի թռիչքն ու անկումը, Ամերիկեան մայրցամաքի գաղութարարութիւնը, Բոցուանայի ճակատագիրը սկսած 1966 թուականից, երբ վերջինս անկախութիւն հռչակեց: Օրինակ է բերւում նաեւ աշխարհի ամենահարուստ մարդու՝ մեքսիկաբնակ Կարլոս Սլիմի գործելակերպը, ում հարստացման արդիւնքում երկիրը՛ չէ, որ շահում է, այլ՝ անձը. իսկ համեմատական կարգով օրինակ է բերւում մէկ այլ մեծահարուստի՝ Բիլ Գէյթսի գործելաոճը, ում հարստացումը մեծապէս նպաստում է Միացեալ Նահանգների տնտեսական հզօրացմանը:
Գրքի հեղինակները առաջարկում են, թէ բռնատիրական երկրներում տնտեսական հնարաւորութիւնները խիստ սահմանափակ են միայն ընտրեալների համար, ովքեր աւելի մեծ հարստութիւն են ապահովում տիրակալ շրջանակներին սիրաշահելու եւ նրանց բարգաւաճումն ապահովագրելու համար, իսկ վերջիններս է՛լ աւելի են հզօրանում, ճնշելով իրենց մէջ ժողովրդավարութիւն քարոզող ամէն մի փորձ: Հետաքրքիր է այն տեսակէտը, թէ համահեղինակները համոզուած են, որ Չինաստանի տնտեսական թռիչքը ժամանակաւոր երեւոյթ է, քանի որ այն պայմանաւորուած չէ քաղաքական բազմակարծութեամբ եւ չի կարողանայ երկար կեանք ունենալ ժողովրդավարութեան պակասի պայմաններում: Օրինակ է բերւում նաեւ Խորհրդային Միութեան փորձը, երբ երկիրը 50ականներին ու 60ականներին տնտեսական թռիչք ապրեց, բայց մի քանի տասնամեակի ընթացքում սպառեց իրեն քաղաքական ճահճացման եւ ժողովրդավարութեան բացակայութեան արդիւնքում:
Գրքի վերաբերեալ տպագրուել են որոշակի քննադատութիւններ ե՛ւս: Դրանցից մէկում Նիւ Եորքի համալսարանի դասախօս Ուիլիամ Իսթըրլին նշում է, թէ գրքում առկայ են որոշակի թերութիւններ, որոնցից մէկը պատճառահետեւանքային կապերի անորոշութիւնն է. հեղինակը արդարացիօրէն հակաճառում է, թէ միջնադարեան Վենետիկի անկման մէջ արդեօք այլընտրանքային միջազգային փոխադրաուղիների ի յայտ գալը աւելի մեծ գործօն չդարձա՞ւ, քան ժողովրդավարութեան պակասը, կա՛մ թէ ինչո՞ւ էր Կոնգօն աղքատ (գրքում նշւում է, թէ աֆրիկեան այս երկրի աղքատութեան հիմնական պատճառներից մէկը այն է, թէ այն յայտնի էր ստրուկների զանգուածային առեւտրով), մոռանալով, որ Կոնգոյի աշխարհագրական դիրքը՝ ովկիանոսին մօտ գտնուելը, հիմնականում յարմար էր դարձնում այս պետութեան սահմաններում կենտրոնացնել ստրկավաճառութիւնը:
Գրքի մասին որեւէ անհատական կարծիք յայտնել չեմ համարձակւում, քանի որ մօտակայ օրերին պատրաստւում եմ այն ուսումնասիրել: Ինչպէս նշեցի, աշխատութիւնը բաւական մեծ արձագանգի է արժանացել ամենահեղինակաւոր տպագրութիւնների էջերում: Յամենայնդէպս, հետաքրքիր կը լինի գրքի թեզերի վերլուծութեամբ արժեւորել Հայաստանում առկայ քաղաքատնտեսական յայտնի պատկերը, եւ տեսնել, արդեօք ո՛ր սահմանագծում է կանգնած մեր երկիրը: Առաջիկայում ձեզ կը ներկայացնենք աւելի հանգամանալի տեղեկութիւններ՝ այս աշխատութեան վերաբերեալ: