ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ»Ի
Այսօր կաւարտուի առաջադրումների փուլը, եւ նախընտրական իրարանցումը փոքր ինչ կը հանդարտի: Անշուշտ, վերջին օրն առաջադրումների առաւել առատութեամբ աչքի կ՛ընկնի, սակայն տասնօրեայ ընթացքից արդէն կարելի է որոշ եզրակացութիւններ անել.
ա) Այս ընտրութիւնները բաւականին տխուր ու միապաղաղ են անցնելու: Մրցակցութիւն եւ թէժ պայքար ծաւալուելու է շատ քիչ ընտրատարածքներում: Բանն այն է, որ մեզանում ընտրութիւնների գործընթացը գրեթէ լիովին նոյնացուել է ֆինանսական ներդրումների գաղափարի հետ: Իսկ յայտնի է, որ հայը, որպէս կանոն, ներդրում անում է այն ժամանակ, երբ առնուազն 110 տոկոսով վստահ է, որ շահելու է եւ իր ներդրումը ետ է բերելու: Հակառակ պարագայում նա կ՛ափսոսի փողը, ժամանակը, նեարդները (ջիղերը-Խմբ.) եւ միանգամայն անիմաստ կը համարի պայքարը:
բ) Պայքար ծաւալուելու է միայն այն տարածքներում, որտեղ ընտրութիւնը կայանալու է ՀՀԿ եւ ԲՀԿ թեկնածուների միջեւ: Այսինքն, մարդիկ ստիպուած են լինելու ընտրութիւն կատարել, այսպէս ասած, վատի ու վատագոյնի միջեւ, որոնք բովանդակային առումով իրարից քիչ են տարբերւում, եւ նման թեկնածուների առաջադրումը դժուար է այլընտրանքային որակել:
գ) Ընտրութեան գլխաւոր չափորոշիչը լինելու է փողի քանակը: Երբ ընտրութիւնը վատի ու վատագոյնի միջեւ է, բնականաբար, սկսում է դեր խաղալ ընտրակաշառքը: Ընտրողի համար միեւնոյնն է՝ Ազգային ժողովի պատգամաւոր կը դառնայ Սամուէլ Բալասանեանը, թէ Աշոտ Աղաբաբեանը: Նա պատրաստ է առաւելագոյն օգուտով դուրս գալ ընտրական թոհուբոհից: Իսկ օգուտը տուեալ դէպքում միայն կանխիկ փողով է չափւում: Եւ վերջապէս. չնայած այս իրարանցմանն ու կրքերին, խորհրդարանն ու պատգամաւորի մանդատն այնքան են արժեզրկուել, որ մեծ հաշուով մարդիկ չեն հաւատում, որ ԱԺ որակից ու կազմից ինչ որ բան է կախուած: