Փետրուար 27ին, Լոս Անջելեսում Ադրբեջանի հիւպատոսարանին առջեւ, ամերիկահայերը բողոքի ցոյց եւ քայլարշաւ են անցկացրել Սումգայիթում ու Բաքւում հայերի ջարդերի 24ամեայ տարելիցի առթիւ:
Միացեալ հայ երիտասարդներ կազմակերպութեան նախաձեռնութեամբ ցոյցի մասնակիցները նաեւ դատապարտել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ այսօր էլ շարունակուող Ադրբեջանի յարձակողական քաղաքականութիւնը:
Առաւօտեան ժամը տասից մինչ մէկը տեւած ցոյցի հարիւրաւոր մասնակիցները կրում էին՝ «Ադրբեջան, դադարեցրու պատերազմի ապառնալիքները», «Ամերիկահայ համայնքը՝ Հայաստանի անվտանգութեան համար» եւ անգլերէն այլ վերտառութեամբ ցուցապաստառներ:
Ցուցարարները միաժամանակ կոչ արեցին Ադրբեջանի իշխանութիւններին դադարեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ատելութիւն սերմանող քարոզչութիւնը:
Միացեալ հայ երիտասարդներ կազմակերպութեան ղեկավար Յարութիւն Յարութիւնեանը յայտնեց, որ պատրաստել են նաեւ Ադրբեջանի իշխանութիւններին ուղղուած նամակ, որ ցանկացել են յանձնել հիւպատոսին, սակայն Լոս Անջելեսում Ադրբեջանի հիւպատոսութիւնը չի արձագանգել ցուցարարներին:
«Մեր նախաձեռնութեամբ մենք փաստում ենք, որ չենք մոռանալու Սումգայիթի, Բաքուի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերը եւ հայ սպայ Գուրգէն Մարգարեանի կացնահարութիւնը», ասւում է Միացեալ հայ երիտասարդների, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ու Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի համատեղ յայտարարութեան մէջ:
1988թ. Փետրուարի 27ին, Բաքուից 20 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնուող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիներն սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցւում էր հայերի ունեցուածքի թալանով եւ ոչնչացմամբ: Երեք օրերի ընթացքում սպանուեց աւելի քան 100 մարդ, եղան բազմաթիւ վիրաւորներ: Սումգայիթի կոտորածի փաստի քօղարկման արդիւնքում, Ադրբեջանի իշխանութիւնների կողմից շարունակուեց ուժեղ հակահայկական քարոզչութիւնը, ինչը յանգեցրեց 1990թ. Յունուարի Բաքուի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարիւրաւոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990 թթ. ադրբեջանական իշխանութիւնների կողմից իրականացուող հայերի զանգուածային ջարդերի արդիւնքում, վտարանդի դարձաւ Ադրբեջանի գրեթէ ողջ հայկական համայնքը՝ առնուազն կէս միլիոն մարդ: