ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայոց եկեղեցւոյ պատմութիւն դասանիւթի դասաւանդման գծով Փետրուար 20ին Օշականի մէջ կայացած կլոր սեղանէն ետք, Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեան լրագրողներու հետ զրոյցին ընթացքին նշեց, թէ վերջին երեք տարիներուն Հայաստանի դպրոցներէն հեռացուած են շուրջ 20 մանկավարժներ՝ աղանդաւորական քարոզչութիւն ծաւալելնուն համար։
«Հանրապետութեան բազմաթիւ դպրոցներում այդ առարկան դեռ դասաւանդում են տարբեր առարկաների մասնագէտներ, բնականաբար՝ ոչ պատշաճ որակով: Բացի այդ, կան դէպքեր, երբ եկեղեցու պատմութիւն դասաւանդողի անուան տակ դպրոց են սպրդում քայքայիչ աղանդների ներկայացուցիչներ: Նրանց կրօնական հայեացքներն, անկեղծ ասած, ինձ չեն հետաքրքրում: Նրանք կարող են օգտուել խղճի ազատութեան իրենց իրաւունքից, իրենց կրօնական հայեացքներն ունենալ, որոնք կարող են տարբերուել իմ հայեացքներից, սակայն անթոյլատրելի է եւ օրէնքով արգելուած է կրօնական քարոզչութեան իրականացումն ուսումնական հաստատութիւններում», նշեց նախարարը:
Անոր համաձայն, նմանօրինակ խնդիրներու լուծման համապատասխան ուղիներ փնտռուած եւ գտնուած են արդէն. այս տարուընէ սկսեալ, հայոց եկեղեցւոյ պատմութիւն դասաւանդող ուսուցիչները հանրակրթական դպրոցներու մէջ աշխատելու իրաւունք պիտի ստանան միա՛յն Մայր աթոռի թոյլատուութեամբ։ Նիւթը դասաւանդողներն ալ պիտի վերապատրաստուին Մայր աթոռին մէջ:
Նոյն առիթով լրագրողներուն հետ հանդիպում ունեցաւ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը, որ նշեց, թէ Հայ առաքելական եկեղեցին մտավախութիւն չունի աղանդաւորական գործունէութենէն: «Մեր ժողովրդի կողմից մեր եկեղեցու եւ եկեղեցականների հանդէպ յարգանքի պակաս չի զգացւում: Նրանք իրապէս անում են կարելին եւ կարելիից աւելին: Մենք տեղեակ ենք հնչող որոշ բողոքների, սակայն դրանք արդիւնք են թիւրընկալումների եւ միաժամանակ նաեւ այն թերացումների, որոնք իրականացւում են հայ եկեղեցականների կողմից: Մենք չենք պնդում, թէ հոգեւորականները կատարեալ մարդիկ են: Սակայն երբ բացայայտւում են թերութիւններ եւ սխալներ, մենք փորձում ենք դրանք սրբագրել, մեր ծառայութիւնները մեր ժողովրդին դարձնել ամբողջական եւ լիարժէք», վստահեցուց վեհափառ հայրապետը:
Ամենայն Հայոց կաթողիկոսին համաձայն՝ բազմիցս հաստատուած է, որ Հայ առաքելական եկեղեցին մտահոգութիւն չունի Հայաստանի մէջ ծաւալած աղանդաւորական գործունէութենէն: «Այս տարիների ընթացքում մենք նկատել ենք, որ աղանդաւորների գործունէութիւնը ո՛չ թէ ընդարձակւում եւ առաւել ծաւալ է ստանում, այլ ընդհակառակը, նուազում է՝ այն աշխատանքի արդիւնքում, որն իրականացւում է եկեղեցու կողմից: Մենք վստահ ենք, որ մեր աշխատանքի զօրացմանը, ընդլայնմանը զուգահեռ՝ աւելի պէտք է նուազի աղանդաւորների գործունէութիւնը Հայաստանում», նշեց Գարեգին Բ. կաթողիկոս: