
Կանայք, սովորաբար վայելչօրէն կրում են ոսկեայ զարդերը եւ հազուադէպ է, երբ հէնց կինն է ստեղծում դրանք: Նազ Ատիկեանն այն բացառիկ կանանցից է, ով կարողացել է գեղեցիկի իր ընկալումներն այնքան զգայնութեամբ փոխանցել ոսկուն՝ իր ձեւաւորումներով ստեղծելով ադամանդակուռ ոսկեայ զարդերի անկրկնելի նմուշներ:
Ոսկերչական «դիզայնըր» Նազ Ատիկեանի աշխատանքներում յատկապէս նկատելի է ընդգծուած մեղմութիւնը, գունաւոր ադամանդների ներդաշնակ խաղը, որ շատ յաճախ կնոջը բնորոշ տրամադրութիւնների փոփոխութիւն է յիշեցնում:
Ոսկերչութեան ոլորտում յայտնուելն էլ այդ տրամադրութիւններից մէկի արդիւնքն էր թերեւս Նազի համար, ով շուրջ տասը տարի աշխատելով ֆինանսական ոլորտում որպէս հաշուապահ, յանկարծ որոշում է շրջադարձօրէն փոխել կեանքի ընթացքն ու հետեւել իր ներսում փոթորկուող իրական տարերքին, որ մնացել էր դեր ուսանողական տարիներից, երբ Ատիկեանը ծանօթացել էր ներքին ձեւաւորման արուեստին:
«Ես միշտ սիրել եմ ոսկեայ զարդեր, յատկապէս մեծ ու գունաւոր քարերով մատանիներ», յիշում է Նազ Ատիկեանը:
Ոսկերչութեամբ զբաղուող եղբօրը օգնելիս, Նազը վերջնականապէս համոզւում է, որ ոսկեայ զարդերի ձեւաւորումն իր կոչումն է եւ 1980ականների սկզբին իր սեփական գործն է հիմնում:
Ստուդիօ Սիթիում սեփական խանութ-սրահը, որտեղ Ատիկեանը վաճառում էր իր արտադրանքը, դառնում է անուանի կանանց, յայտնի արուեստագէտների սիրուած վայրերից:
«Իմ դիզայնով պատրաստուած ոսկեայ զարդերն ուրախութիւն են պատճառում մարդկանց, ինչն էլ երջանիկ ակնթարթներ է պարգեւում նաեւ ինձ», նշում է Նազը:
Հարկ է նկատել, որ Ատիկեանի աշխատանքը չի սահմանափակւում միայն ոսկեայ զարդերի ձեւաւորմամբ ու վաճառքով. Նազը նաեւ իր աշխատանքի պատմութիւնն է կերտում իւրաքանչիւր յաճախորդի հետ յարաբերութիւններ կառուցելով:
«Պատուերով ոսկեայ որեւէ զարդ ստեղծելու համար չափազանց կարեւոր է յաճախորդի հետ ժամանակ անցկացնելը, քանի որ միայն տուեալ մարդուն ճանաչելով կարող եմ ստեղծել մատանի, վզնոց կամ այլ ոսկեայ իր, որ համահունչ կը լինի նրա ոճին եւ անհատականութեանը», ստեղծագործելու ընթացքի մանրամասներն է ներկայացնում Նազ Ատիկեանը: Նա, իր բարութեամբ ու հանգստութեամբ, օժտուած է մարդկանց գրաւելու բացառիկ ձիրքով, ինչի արդիւնքում յաճախորդները դառնում են ընկերներ, հարազատներ:
Նազ Ատիկեանի նոր՝ Գլենդէյլի կենտրոնում գործող «Լէ Պապիլիոն» խանութ-սրահի կողքով անցորդներն անտարբեր չեն կարող անցնել, քանզի մեծ ու լուսաւոր ցուցափեղկերով խանութը իւրատեսակ արուեստանոց է յիշեցնում:
Գեղեցիկ իրերի նկատմամբ սէրն է Ատիկեանին առաջնորդել ստեղծելու միջավայր, որտեղ կանայք կարող են ընտրել նաեւ այլ յայտնի դիզայներների պատրաստած զարդեր, տան ներքին յարդարանքի համար անհրաժեշտ դասական ու գեղեցիկ իրեր՝ սպասք, մոմեր, այլ իրեր:
Նազ Ատիկեանն իր սրահում մշտապէս վաճառել է նաեւ հայազգի տաղանդաւոր դիզայնըր Մայքըլ Արամի գործերը: Ի նշան ժամանակով ու վստահութեամբ ստուգուած համագործակցութեան, Մայքըլ Արամը վերջերս հիւրընկալուել էր «Լէ Պապիլիոն»ում՝ հանդիպելու նաեւ իր հաւատարիմ յաճախորդներին:
«Ես մշտապէս ներկայացնում եմ Մայքըլ Արամին, քանի որ նա իմ սիրելի հայրենակիցն է եւ միաժամանակ, նրա գործերում մշտապէս առկայ են հայկական թեմաներ», մեկնաբանում է Նազ Ատիկեանը:
Իր գործունէութեան ընթացքում ձեռք բերած վաստակի համար Նազ Ատիկեանն արժանացել է Հայ-Ամերիկեան առեւտրի պալատի՝ «Կանայք փոքր բիզնեսում» յատուկ մրցանակին, որ տրուել է նրան նաեւ համայնքում ակտիւ գործունէութեան համար:
Նազ Ատիկեանի կերպարն ամբողջական չի լինի, առանց անդրադառնալու նրա՝ բարեգործի յատկանիշներին: Նազ Ատիկեանը տարիներ շարունակ հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների հայկական գրանցամատեան կազմակերպութեան նուիրեալներից: Նա տարիներ շարունակ ֆինանսական եւ բարոյական անձնուիրաբար օժանդակութիւն է ցուցաբերել՝ դառնալով այս կազմակերպութեան հիմնասիւներից:
«Մեր իւրաքանչիւր ջանքը, աշխատանքային ակնթարթը կարող է եւս մէկ հայ մարդու կեանք փրկել», նշում է Ատիկեանը: Նազ Ատիկեանին կարելի է տեսնել համայնքային գրեթէ բոլոր այն միջոցառումներում, որտեղ հարկաւոր է օգնութիւն: Քոյրը յիշում է, որ դեռ մանուկ հասակում Նազը առանձնացել է կարիքաւորներին օգնելու իր մղումով: Սա պայմանաւորուած է նաեւ ազգայինի նկատմամբ Նազի բարձր գիտակցութեամբ:
«Հայաստանը իմ հոգին է, եւ իւրաքանչիւրս պէտք է անենք հնարաւորը մեր հայրենիքը ծաղկեցնելու համար, իսկ օտար ափերում՝ կրենք ազգային ինքնութիւնը պահպանելու հաստատ համոզումը: Դա հնարաւոր է մայրենի լեզուն պահպանելու, հայ համայնքի ակտիւացման արդիւնքում», նշում է Նազը, որ նաեւ հայ արուեստագէտների սիրուած դիզայնըրն ու ընկերն է:
«Ես խորհուրդ եմ տալիս, որ իւրաքանչիւր մարդ անի այն, ինչ իսկապէս ցանկանում ու սիրում է եւ այդ դէպքում յաջողութիւնն ապահոված է», իր բանաձեւն է առաջարկում Նազ Ատիկեանը:
================================================================
![jewelerystamps[1]](https://asbarez.com/App/Asbarez/arm/2011/12/jewelerystamps1.jpg)