«ՀՐԱՊԱՐԱԿ»
Երէկ (Երեքշաբթի, 14 Յունիսին-Խմբ.) Վրաստանից ստացուած մի լուրը կարդալով՝ ես ուղղակի նախանձից մեռայ. վրացական առաջատար թերթերը լոյս են տեսել սպիտակ էջերով՝ ի նշան բողոքի իրենց գործընկերներից մէկի մօտ չպլանաւորուած (նախապէս չծրագրուած-Խմբ.) ստուգումներ սկսելու կապակցութեամբ: «Պալիտրա» մեդիա-հոլդինգը, որի մէջ մտնում են ամսագրեր, ինտերնետ-հեռուստատեսութիւն, ռադիօ եւ այլ լրատուական ընկերութիւններ, պարզւում է՝ անաչառ լուսաբանել է ընդդիմութեան հանրահաւաքները եւ յայտնուել իշխանութիւնների թիրախի դերում:
Այսպիսի ակցիայի (արարքի-Խմբ.) ու լրատուամիջոցների համախմբման մասին մենք՝ հայկական զանգուածային լրատուական միջոցներս (ԶԼՄ), երազել անգամ չենք կարող: Այնպէս, ինչպէս չենք կարող չհիանալ նրանց պատրիարքի՝ Իլիա 2րդի արժանապատիւ կեցուածքի ու սեփական ազգի եւ եկեղեցու շահերն ամէն ինչից բարձր դասելու պահուածքով:
Մենք ոչ միայն անմիաբան ենք, այլեւ մեր շահի ու իրաւունքների գիտակցումով չենք փայլում: Իսկ վրաց եկեղեցին բարձր «պլանկա» է վերցրել՝ մենք ձեզ Վրաստանում այնքան իրաւունքներ ենք պատրաստ տրամադրել, որքան դուք մեզ՝ Հայաստանում: Մի քանի քաղկեդոնական եկեղեցիների գոյութիւնը շահարկելը դիւանագիտական եւ քաղաքական մեծ հմտութիւն եւ ճկունութիւն է պահանջում՝ այն դէպքում, որ մենք Վրաստանում լիիրաւ մեզ պատկանող եկեղեցիներին ու համայնքին չենք կարողանում տիրութիւն անել:
Մի տեսակ անհասկանալի ժողովուրդ ենք՝ մի կողմից խոնարհւում ենք, երբ դրա կարիքը չկայ, միւս կողմից՝ նորմալ հարեւանութիւն անել էլ չենք կարողանում: Թւում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ աշխարհիկ կեանքից ու քաղաքական անցուդարձից դուրս եւ վեր կանգնած պէտք է լինէր՝ ուժեղ իր հոտով, նաեւ զերծ՝ պետական ու պաշտօնական շղթաներից, եւ այդ ազատութիւնը պէտք է տնօրինէր ի շահ հայ համայնքի ու եկեղեցու, նոյնքան կաշկանդուած է, որքան պետական այրերը: